Վերլուծական 

Կանանց զբաղվածության խնդիրը Հայաստանում

analitik.am

«Ձեզ ենք դիմում, հայ կանա՛յք, և կրկնում ենք, որ մենք ձեզանից ենք սպասում հայության բարոյական և մտավոր վերանորոգության գործի առաջ տանելըԱռանց ձեզ մենք ոչինչ ենք: Ձեզանից ենք սպասում մեր վերանորոգությունը:…Այն րոպեից սկսած, երբ հայ կինը կմեկնի մեզ օգնության ձեռքը, կրկին կվերադառնա հայությանը, մենք կկարողանանք մեզ փրկված ասել և ժողովրդի մտավոր և բարոյական վերանորոգության գործը հաջողված համարել». Գր. Արծրունի

 

Կնոջ կրթության խնդիրը, կինը և քաղաքականությունը, կնոջ ազատագրումը, կանաց իրավունքները, կնոջ հասարակական գործունեության ոլորտները, կնոջ ազդեցությունը լուսավորության վրա, կանանց աշխատանքի հարցը մշտապես քննարկվել ու բարձրացվել է:  Սակայն այսօր կարելի է ասել, որ հայ հասարակության մեջ կնոջ հանդեպ վերաբերմունքը չի համապատասխանում միջազգային գործընթացների ժամանակակից զարգացմանը, որը բնութագրվում է սոցիալական վիճակի բարելավմամբ, ժողովրդավարության և նրանց իրավունքների ամրապնդմամբ:  Հասարակության մեջ և տնտեսական կյանքում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների ոլորտում առկա անհավասաարությունը հիմնականում պայմանավորված է ոչ միայն մշակութային ավանդույթներով ու սոցիալ-տնտեսական իրավիճակով, այլև իրականացվող քաղաքականության մեջ գենդերային բաղադրիչի, գենդերային գաղափարախոսության՝ հետևաբար նաև ողջ հասարակության մեջ գենդերային մտածելակերպի բացակայությամբ: 



 Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2009թ. իրականացված «Հայաստանի կանայք և տղամարդիկ» ուսումնասիրության տվյալների` 1000 հարցվածներից բարձրագույն կրթություն ստացել է արական սեռի ներկայացուցիչների 46.5%ը, իսկ իգական սեռի ներկայացուցիչների՝ 53.5%-ը: Մագիստրատուրա ընդունվողների ցանկում իգական սեռի ներկայացուցիչների թիվը գերազանցում է արական սեռի ներկայացուցիչների թվին, մինչդեռ հետբուհական համակարգում իգական սեռի ներկայացուցիչների թիվը երկու անգամ նվազում է: Դա է վկայում դոկտորի գիտական աստիճանի պաշտպանության ժամանակ իգական և արական սեռերի ներկայացուցիչների հարաբերակցությունը, որն ակնհայտորեն խոսում է գենդերային անհավասարության մասին:



Պետք է նշել, որ համալսարանների դասախոսական անձնակազմում նկատվում է գենդերային հավասարություն, սակայն կին են 23 պետական համալսարաններից միայն 2-ի ղեկավարները, 65 պրոռեկտորներից միայն 7- ը, 146 դեկաններից միայն 21-ը, իսկ բաժնի վարիչի պաշտոնում՝ 582-ից միայն 126-ը:



Անկախության ձեռքբերումից 20 տարի անց երկրի կառավարման գործընթացին կանանց ներգրավվածության աստիճանը շարունակում է շատ ցածր մնալ:



Կին գործարարների թիվը փոքր է:  Վարչական պաշտոններում, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման համակարգում  կանայք էլ ավելի քիչ են: Եթե երկրի  կտրվածքով կանանց զբաղվածության մակարդակը այդքան էլ ցածր չէ, ապա նրանց  ներկայությունը ղեկավար պաշտոններում համարյա աննկատ է:



 

 Ըստ ՀՀ Ազգային վիճագրական ծառայության «Հայաստանի կանայք և տղամարդիկ» ուսումնասիրության` կանանց 48.8%-ը , իսկ տղամարդկանց 75.9%-ն է տնտեսապես ակտիվ: Անհրաժեշտ է նշել, որ 30-ից 39 տարեկան կանանց խմբում 60.1%-ը գործազուրկ են: Գործազրկությունն ավելի շատ է նկատվում 50-ից 54 տարեկան կանանց մոտ, ինչն էլ իր հերթին բերում է աղքատության: Պատճառն այն է, որ 50-ն անց կանայք մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում, նրանք դժվարությամբ են հարմարվում նոր աշխատանքին, հոգեբանորեն պատրաստ չեն նորից մասնագիտական որակավորում ստանալ և նոր աշխատանք սկսել: Իսկ գործատուները նախընտրում են աշխատանքի ընդունել 18-ից 30 տարեկան աղջիկների և կանանց:  Կանայք Հայաստանում չունեն իրական հնարավորություններ ազդելու հանրային քաղաքականության վրա:



 

Ինչ վերաբերում է Հայաստանում կանանց և տղամարդկանց ամսական միջին աշխատավարձին, ապա հարկ է նշել, որ կանանց միջին ամսական աշխատավարձը, ի տարաբերություն Հայաստանում տղամարդկանց միջին եկամտի՝ ամենացածրն է:




Վ. Երանոսյան

Նույն շարքից