Վերլուծական 

Խորդենի. ի՞նչ կարող է տալ տնտեսությանն այս բույսը

analitik.am

«Հայաստանում այսօր կան ազատ հողատարածքներ, որոնք կարող են ծառայել խորդենու աճեցմանը. այն մեր տնտեսության վրա միայն դրական ազդեցություն կունենա: Բացի այդ՝ այս բույսը կարելի է աճեցնել նաև հիդրոպոնիկ եղանակով»,- analitik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սովետական և ներկայիս Հայաստանում խորդենու դերին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի դասախոս Արմիկ Գրիգորյանը:

 

Ըստ նրա՝ խորդենու աճեցման և մշակման նախկին տեմպերը վերականգման  համար հարկավոր է Կառավարության հատուկ ծրագիր և միջոցներ: Դա կնպաստի նաև նոր աշխատատեղերի բացմանը:

 

Ի՞նչ է խորդենին


 Ջերմասեր բույս է, որ ունի ավելի քան 400 տեսակ: Առավել տարածված է խորդենու երկու ցեղ՝ վարդագույն խորդենի և մարգագետնային խորդենի։ Մշակվում է  օծանելիքի, օճառի, հրուշակեղենի սննդաարդյունաբերության համար, բժշկության մեջ և կանաչապատման:

 

Բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100 սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ: Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին (P. graveolens): Այն պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ:

 

Հայրենիքը Հարավային Աֆրիկան է:

 

Խորդենին և  Սովետական Հայաստանը

 

Խորհրդային տարիներին Հայաստանում խորդենու աճեցմանն ու մշակմանը մեծ կարևորություն է տրվել: Այդ տարիներին խորդենու եթերայուղի համաշխարհային տերական արտադրությունը մոտ 150 տոնն է եղել: Դրա ⅓-ը բաժին է ընկել Սովետական միությանը. այն աճեցվել և մշակվել է հիմնականում Հայաստանում, Տաջիկստանում և Վրաստանում:

 

Վարդաբույր խորդենու մշակումը կենտրոնացված է եղել Էջմիածնի և Հոկտեմբերյանի շրջաններում: Զբաղեցրել է մոտ 2000 հա տարածք:  Օրինակ՝ 1979 թվականին Հայաստանում արտադրվել է 45,1 հազ. տոննա վարդաբույր խորդենու կանաչ զանգված, որից ստացվել է 29,9 տոննա եթերայուղ:

 

Խորդենու մշակման կարևորությունը Հայաստանում ավելի է մեծացել, երբ  խորհրդային Հայաստանում հանձնարարվել է լեռնային եւ նախալեռնային շրջանների գյուղերում աշխատանքային ռեսուրսներն օգագործել 100 տոկոսով:  Այդ ժամանակ հատուկ կարևորություն է տրվել ինչպես խորդենու, այնպես էլ տեխնիկական բույսերի՝ ծխախոտի, շաքարի ճակնդեղի արտադրությանը:

 

Խորդենու  աճեցումը, մշակումն ու օգագործումն ավելի զարգացնելու համար խորհրդային տարիներին թե Հայաստանում, թե միության մյուս երկրներում բազմաթիվ փորձեր, վերլուծություններ են արվել: Խորդենու մշակման հարցը  քննարկվել է  անգամ ՍՄԿԿ համագումարներում:

 

Տնտեսագետներ Բյուզանդ Սելվինազյանը, Ելիզավետա Ղազարյանը, Միքայել Միքայելյանը այդ տարիներին հրապարակել են «Խորդենու եթերայուղի արտադրության արդյունավետության բարձրացման ուղիները» վերանգրով վերլուծություն, որով ներկայացրել են, թե Հայաստանի տնտեսության համար ինչ կարևորյուն ունի խորդենու եթերայուղի արտադրությունը և որն է դրա արդյունավետ եղենակը:

 

Հեղինակները նշում են, որ այն մեծ պահանջարկ ունի և կանխատեսում էին, որ դրա տարեկան արտադրությունը 30-ից կարող է հասնել 75 տոննայի, իսկ դրան ծառայող խորդենու համախառն տարեկան բերքը՝ 85 հազ. տոննայի: Հոդվածում նրանք  առաջարկում են խորդենու անթափոն և համալիր օգտագործում, ինչպես նաև՝ հիդրոպոնիկ արտադրություն: Սակայն, նրանց կանխատեսումները մինչև վերջ չիրականացան, քանի որ Հայաստանի անկախացումից հետո խորդենու մշակումն ու եթերայուղի արտադրությունը դադարեցվեց:

 

 

Խորդենին և Հայաստանի Հանրապետությունը

 

Խորհրդային Հայաստանում խորդենում  մշակումը սկսեց անկում ապրել 1980-ականների սկզբին: Պատճառը՝ ցրտահարություններն էին: Անկումը շարունակական էր մինչև Հայաստանի անկախացումը և այդպես էլ չվերականգնվեց: Իսկ անկախացումից հետո այն գրեթե դադարեցվեց: Ագրարային համալսարանի դասախոս Արմիկ Գրիգորյանի տեղեկություններով՝ ՀՀ-ում այսօր եթերայուղի համար խորդենի չի մշակվում: Աճեցվում են միայն խորդենու մի քանի տեսակներ, որոնք օգտագործվում է կանաչապատման և բնակարանների ինտերիերի ժամանակ, դրանց մեկ թուփն արժե 500-1000 դրամ:  Դրանք շատ հեշ են բազմանում՝ գարնանը և աշնանը:

 

Իսկ օծանելիքի համար, օրինակ, Հայաստանում այսօր խորդենի չի մշակվում կամ մշակվում է չնչին ու տնտեսության համար ոչ մի դեր չունեցող քանակով: Դրա վերաբերյալ չկա ոչ վիճակագրություն, ոչ որևէ տվյալ: Մինչդեռ բիզնես տեսանկյունից այն կարող է և եկամտաբեր լինել, և տարբերվող, քանի որ այն, այսպես ասած, էժանագին ապրանք չէ և գնահատվում է աշխարհում: Միայն թե այդ դեպքում ամեն ինչ պետք է նորից սկսել, քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում խորդենու մշակումից և արտադրությունից միայն փորձն  ու գրականությունն է մնացել:

 

Սեդա Հերգնյան

Նույն շարքից