Վերլուծական 

Անվտանգ են արդոք Երևանի կարուսելները

analitik.am

Այս տարվա հունիսի դրությամբ Հայաստանում գրանցված է թվով 130  զվարճահարմարանք, ատրակցիոն և կարուսել: Այս մասին, Analitik.am-ի հարցմանն  ի պատասխան, տեղեկացրեց  ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը:


Պարզվում է, որ նախարարությանը կից  «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»  ՊՈԱԿ-ը ամեն տարի տեխնիկական անվտանգության փորձաքննություն է իրականացնում՝ պարզելու կարուսելների տեխնիկական անվտանգության աստիճանը:  


«Այս տարի տեխնիկական անվանգության փորձաքննության պայմանագիր է կնքվել 8 կազմակերպությունների հետ, դրական փորձագիտական եզրակացություն ստացել են 62-ը, իսկ՝ 27 ատրակցիոն փորձաքննության ընթացքի մեջ են»,- տեղեկացանք Հ. Հակոբյանից:


Նշվում է, որ այս տարի տեղադրվել է թվով  2 նոր կարուսել «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ում, որոնց փորձաքննությունը ևս ընթացքի մեջ է:


Հարցին, թե ո՞ր տիպի կարուսելների դեպքում են հիմնականում փորձաքննության արդյունքում խախտումներ հայտնաբերվում, նախարարությունից պատասխանեցին, որ ատրակցիոնի տիպը և հայտնաբերված խախտումները ուղիղ համեմատական չեն:  «Փորձաքննության ընթացքում բոլոր տիպի ատրկացիոնների մոտ էլ հնարավոր է ի հայտ գան տարբեր տեսակի խախտումներ և թերություններ»,- ասված է հարցման պատասխանում:


Իսկ ի՞նչ իրավունքներ ունեն կարուսելներից օգտվողները: ԱԻ նախարարությունից տեղեկանում ենք, որ ատրակցիոններից ու կարուսելներից օգտվողներն իրավունք ունեն պահանջել տվյալ ատրակցիոնի կամ կարուսելի վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձագիտական եզրակացություն: Դրանց շահագործման համար պատասխանատու անձը պարտավոր է տրամադրել այդ եզրակացությունը:


 Այսինքն՝ զբոսայգիների բոլոր կարուսելների տոմսարկղերում պետք է փակցված լինեն փորձագիտական եզրակացություններ, որոնց առկայությունը  կվկայի, որ տվյալ կարուսելն անցել է համապատասխան փորձաքննություն և ունի շահագործման թույլտվություն: Դրանք չնկատելու դեպքում հարկավոր է զանգահարել արտակարգ իրավիճակների նախարարություն և տեղեկացնել այդ մասին:  Analitik.am-ի թղթակիցը այս մասին նախորդ կիրակի բլից հարցում կատարեց Երևանում գտնվող Հաղթանակի զբոսայգում: Մոտ 20 ծնողներից միայն 3-ը նշեցին, որ տեղյակ են՝ իրավունք ունեն փորձագիտական եզրակացություն պահանջել և որ երբեմն տոմսարկղերում նայում են՝ կա եզրակացության թուղթը, թե ոչ: Իսկ մնացածն այս ամենից տեղյակ չէին:


Խոսքն այս դեպքում չի վերաբերվում ցածր ատրակցիոններին ու բակային կարուսելներին: Բակային կարուսելների անվտանգությունը ստուգելու պարտականությունը թաղապետարանների խնդիրն է:


Նշենք, որ ՀՀ օրենքը չի սահմանում կարուսելների շահագործման տարիքը: Այն կարող է շահագործվել այնքան տարի, որքան մետաղի հոնգնածությունը թույլ կտա:


Հիշեցնենք, որ չորս տարի առաջ «Հաղթանակ» զբոսայգում աշխատելու ժամանակ պոկվել էր «Թայֆուն»  կարուսելի շղթան, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել 4 հոգի: Հատկապես այդ տարվանից սկսած կարուսելների նկատմամբ հսկողությունը Հայաստանում ուժեղացել է:


Սեդա Հերգնյան

 

 

 

Նույն շարքից