Վերլուծական 

Մինչև ե՞րբ է Հանրայինը տանջելու հայ ֆուտբոլասերներին

analitik.am

Այս օրերին ամբողջ աշխարհը շնչում և ապրում է ֆուտբոլով, ուրախանում գեղեցիկ խփված գոլերով, հիասթափվում սիրված հավաքականների անհաջողություններից: Չնայած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի մասնակցում Աշխարհի առաջնությանը, սակայն հայ ֆուտբոլիստներն ուշի ուշով հետևում են Բրազիլիայի դաշտերում տեղի ունեցող անմոռանալի «հրաշքին»: Մեր հայրենակիցների զգալի հատվածը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլային «հրավառությանը» մասնակից է դառնում Հանրային հեռուստաընկերության միջոցով և «հրավառությունը» վեր է ածվում սև ու սպիտակի, իսկ երբեմն էլ գունատ պատկերի:



 

Խոսքը վերաբերում է տխրահռչակ հայկական ֆուտբոլային մեկնաբանությանը: Հանրային հեռուստաընկերության վայ սպորտային հաղորդավարների տաղտկալի, հոգնեցուցիչ ու միապաղաղ մեկնաբանությունները պարզապես նյարդայնացնում և զայրացնում են հայ հեռուստադիտողին: Չկա ֆուտբոլային խաղի խորը վերլուծություն, բացակայում է մարզիչների կողմից իրականացվող հավաքականների խաղային սխեմաների  պարզաբանում, արդյունքում տեղի է ունենում պարզունակ մեկնաբանություն, հեռուստադիտողին հրամցվում է մերձֆուտբոլային նորություններ, որ «հարստացնում» են մարզիչների և ֆուտբոլիստների կողմից տրված հարցազրույցների մեջբերումներով:

 

Խոսքը գլխավորապես վերաբերում է Հանրային հեռուստաընկերության հնաբնակ սպորտային լրագրողներին՝ Սպորտ ստուդիայի ղեկավար Սլավա Սարգսյանին և Կարեն Գիլոյանին: Հատկապես քննադատությանը չեն դիմանում Սլավա Սարգսյանի այսպես կոչված ֆուտբոլային մեկնաբանությունները, երբ վերջինս ընկնելով պատմության գիրկը տարվում է Արարատ 73-ի քաղցր հուշերով՝ մոռանալով թե ինչի համար է եկել ստուդիա: Դրա հետ մեկտեղ լրագրողները հաճախակի թույլ են տալիս վրիպակներ և սխալներ՝ շփոթության մեջ դնելով հեռուստադիտողին և չեն փորձում ուղղել իրենց անճշտությունները՝ դրանք մատնելով մոռացության:

 

Պետք է նշել, որ Հանրայինի եթերով ցուցադրվող ֆուտբոլային խաղերը մեկնաբանում են նաև Մենուա Մեհրաբյանն ու Ռոբերտ Գասպարյանը, վերջիններս իրենց եթերներում կարողանում են ապահովել աշխուժություն, սակայն իրենք էլ աճելու հսկայական տեղ ունեն:  Հանրային սպորտային բաժնի տխուր իրավիճակը պետք է անհանգստացնի հեռուստաընկերության ղեկավար Ռուբեն Ջաղինյանին, սակայն հանրությունում առկա բազմաթիվ դժգոհություններն անարձագանք են մնում հեռուստաընկերության ղեկավարության մոտ:

 

Հայ իրականության ֆուտբոլային լավագույն և պրոֆեսիոնալ մեկնաբաններն են Արմեն Մելիքբեկյանն ու Էդուարդ Քալանթարյանը, որոնք մինչև վերջերս հանդիսանում էին Հանրային հեռուստաընկերության սպորտային լրագրողները: Նրանք Հանրայինով փայլուն կերպով մեկնաբանում էին ոչ միայն Աշխարհի և Եվրոպայի ֆուտբոլային առաջնությունները, այլ նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղերն ու Չեմպիոնների լիգայի մրցաշարը, և նպաստում էին Հանրային հեռուստատեսային ռեյտինգի բարձրացմանը հեռուստադիտողների շրջանակներում:

 

Սակայն այս պարզ ճշմարտությունը չգիտակցեցին հեռուստաընկերության ղեկավարները, սկզբից հրաժարվեցին Չեմպիոնների լիգայի մրցաշարից և ազգային հավաքականի խաղերի ցուցադրումից, որն անթույլատրելի և խստորեն դատապարտելի արարք է, քանի որ Հայաստանի սահմանամերձ հեռավոր գյուղերում ի վիճակի չեն առանց արբանյակային ալեհավաքով դիտել մասնավոր  հեռուստաընկերությունները, իսկ վերջում հրաժարվեցին նաև լավագույն ֆուտբոլային հեռուստամեկնաբաններից:

 

Այսպիսով, պետության կողմից ֆինանսավորվող հեռուստաընկերության սխալ սպորտային քաղաքականության հետևանքով տուժում է նախևառաջ շարքային հեռուստադիտողը՝ զրկված լինելով ֆուտբոլային համաշխարհային տոնը լիառժեք վայելելուց: Այստեղ հարց է ծագում՝ ուղղված Հանրայինի ղեկավարներին,  մինչև ե՞րբ են տևելու հայ ֆուտբոլասերների տանջանքները:

 

 

 

Սարգիս Լևոնյան

 

Նույն շարքից