Վերլուծական 

Լիոնել Մեսսիի վերջին հնարավորությունը

analitik.am

Հուլիսի 13-ին 27 ամյա Լիոնել Մեսսին՝ որպես թիմի ավագ, Արգենտինայի հավաքականը դուրս կբերի Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար Մարականա մարզադաշտ, որտեղ կփորձի իր երկրի համար երրորդ անգամ տիրանալ Աշխարհի ոսկեզօծ գավաթին: Փաստացի սա Մեսսիի վերջին և ռեալ հնարավորությունն է դառնալ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն: Դժվար թե Ռուսաստանում կայանալիք 2018թ-ի հաջորդ աշխարհի առաջնությունում ռուսական խոտածածկը նմանապես բարեհաջող լինի Արգենտինայի համար, ինչպիսին եղավ բրազիլիականը:


Ընդհանրապես Արգենտինայի հավաքականն իր պատմության ընթացքում Եվրոպա մայրցամաքում միայն մեկ անգամ է խաղացել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում: Դա Իտալիայում անցկացված առաջնությունն էր, որտեղ հարավամերիկացիները 0:1 հաշվով պարտվեցին հենց նույն գերմանացիներին: Արգենտինացիներն ավելի հաջողակ են եղել Ամերիկա մայրցամաքում անցկացված եզրափակիչներում, ուր անխտիր հաղթանակ են տարել եվրոպական հավաքականների նկատմամբ՝ 1978-ին՝ Հոլանդիայի,  1986-ին՝ Գերմանիայի նկատմամբ:


Սա լավ գիտակցում է նաև Մեսսին և ամեն ինչ անելու է աշխարհի չեմպիոն դառնալու համար: Սակայն Մեսսիի և իր խաղընկերների համար անչափ դժվար կլինի հաղթել Իոախիմ Լյովի սաներին: Գերմանական հավաքականը կիսաեզրափակիչում այնպիսի խաղ ցուցադրեց, որ ապշեցրեց ամբողջ աշխարհին և մղձավանջի մեջ գցեց ամբողջ Բրազիլիան: Իհարկե Բունդես թիմին չի հաջողվի նմանատիպ խաղ ցուցադրել և հատկապես հաղթանակ տանել խոշոր հաշվով: Արգենտինա-Հոլանդիա կիսաեզրափակիչ խաղը ցույց տվեց, որ Ալբասելեստան, ի տարբերություն բրազիլացիների, մեծ հաշվով խնդիրներ չունի պաշտպանությունում:


Արգենտինացիներին հաջողվեց փակել Սնեյդերին, Արփեն Ռոբենինև Վան Պերսիին, և գերմանացիներին չի հաջողվի հեշտությամբ շրջանցել արգենտինական պաշտպանությունը:


Արգենտինացիները թույլ չեն տա Մյուլլերին, Լյուոլեին, Լվայնշտայգերին և Պադոլսկուն գոլային հավասարություն իրականացնել խաղադաշտում: Սա նշանակում է, որ երկու կողմերի համար էլ ծանր խաղ սպասվում, որտեղ ամեն մեկը ձգտելու է հաջողության հասնել՝ ապահովելով հաղթանակ իր թիմի համար:


Այս եզրափակիչը Լիոնել Մեսսի համար հանդիսանալու է ֆուտբոլային կարիերայի գագաթնակետը:

 

2013-2014թ.թ. ֆուտբոլային մրցաշրջանի կարևորագույն նպատակը Մեսսի համար եղել է Աշխարհի առաջնության հաղթանակը, սրանով է բացատրվում նաև արգենտինացու Բարսելոնայում ցուցադրած իր խաղային մակարդակից ցածր խաղը, որտեղ փորձում էր պահպանել ուժերը և սպառված վիճակում հանդես չգալ Բրազիլիայում:


Իր ֆուտբոլային կարիերայում Մեսսին տիրացել է բոլոր հնարավոր տիտղոսներին և միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսն է բացակայում նրա կենսագրությունում:


Համաշխարհային ֆուտբոլի անցյալի և ներկայի աստղային  լեգենդները բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր տիրացել են Աշխարհի գավաթին և նրանք, ովքեր չեն տիրացել: Առաջին խմբին են դասվում Պելեն, Մարադոնան, Ֆրանս Բեկենբասերը, Զինեդին Զիդանը և այլոք: Երկրորդ խմբին են դասվում Յոհան Կրուիֆը, Միշել Պլատինին, Պաոլո Մալդինին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոբերտո Բաջոն և շատ շատերը:


Արդարացի կլիներ, եթե Լիոնել Մեսսին հայտնվեր առաջին խմբում, քանի որ նա արժանի է Աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Այս տիտղոսին արժանանալու համար Լիոնել Մեսսին պետք է կատարի ընդամենը մեկ, սակայն շատ դժվարին քայլ: Եթե արգենտինացում հաջողվի անել այդ քայլը, ապա նրա անունը հավերժ կզետեղվի ֆուտբոլային աստղակամարում և կհանվեն վերջին տասնամյակում լավագույն  ֆուտբոլիստի վերաբերյալ հնչած բոլոր հարցերը:


Այս երեկո ամեն ինչ կախված կլինի Մեսսիից, և նա է կերտելու իր փառքի դափնե պսակը: Մնում է հուսալ , որ արգենտինացին իր խաղով կապացուցի, որ ինքն արժանի է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը լինելուն, և անկախ ամեն ինչից կշարունակի իր իր ելույթներով ուրախություն և բերկրանք պարգևել միլիոնավոր ֆուտբոլասերներին:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից