Վերլուծական 

Ռուսական ծավալապաշտական ազգայնականությունն է ծնում ուկրաինական նեոֆաշիզմը

analitik.am

1917թ 300-ամյա Ռոմանովների տիրապետության տապալումն ու Ռուսական կայսրության անկումը պատճառ հանդիսացավ հսկայական տերության մասնատման ու որոշ հատվածներում անկախ երկրների ձևավորմանը: Սակայն Ռուսաստանում միլիոնավոր մարդկանց կյանքի  գնով իշխանության եկած բոլշևիկները կարողացան կարճ ժամանակահատվածում (ընդամենը 3 տարի) վերամիավորել կայսրության մեծագույն հատվածը, բացառությամբ արևմտյան տարածքներից, որը ԽՍՀՄ-ին 20 տարի անց միացրեց Ստալինը:

 


1991թ. դեկտեմբերին՝  Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ քաղաքական քարտեզի վրա ի հայտ եկան նորանկախ պետություններ, 20 տարի անց Մոսկվան փորձում է կրկնել Կարմիր բանակի հաղթարշավը, կամ էլ առնվազն իր քաղաքական ուղեծրում և տնտեսական ազդեցության տակ պահել հետխորհրդային հանրապետությունները: Սակայն կրկնել բոլշևիկների հաջողությունը Կրեմլին չի հաջողվի, քանի որ հսկայական տարբերություն կա ներկայիս և նախորդ դարասկզբի իրավիճակների միջև:

 


Նորանկախ հանրապետություններում տեղի ունեցավ ազգային զարթոնք և ինքնագիտակցության բարձրացում, որը տարբեր հանրապետություններում համեմված էր տարբեր չափաքանակի հակառուսական տրամադրություններով: Հատկապես հակառուսական տրամադրություններն ուժեղ էին Մերձբալթյան երկրներում և Արևմտյան Ուկրաինայում, որտեղ ուկրաինացի ազգայնականները, ձգտելով ստեղծել անկախ պետություն, տասնյակ տարիներ մարտնչում էին Խորհրդային Միության և նրա զինված ուժերի դեմ՝ մեղադրելով բոլշևիկներին ու նրանց առաջնորդներին ուկրաինական ժողովրդի նկատմամբ կատարած հանցագործությունների մեջ: Անկախությունից հետո Ուկրաինայում սկսեցին ակնածանքով խոսել, իսկ այնուհետև  հերոսացնել ուկրաինական ազգայնական խմբավորումներին, որոնք II աշխարհամարտի ժամանակ մարտնչում էին նացիստական Գերմանիայի շարքերում և մասնակցում  հրեաների, կոմունիստների ու խորհրդային կարգերին համակրող բնակչության մասսայական սպանություններում: Նման դրսևորումները շոկ էին առաջացնում Ուկրաինայի կենտրոնական ու արևելյան շրջաններում:


2013թ. ուկրաինական ճգնաժամը, Եվրամայդանի հաղթանակն ու նրան հետևած Ղրիմի միացումը Ռուսաստանին, որի ուղղակի հետևանքը հանդիսացավ Դոնբասում քաղաքացիական պատերազմը, ճանապարհ հարթեցին ծայրահեղ հակառուսական, ազգայնական, կիսառազմական խմբավորումներին (որոնք  համազգեստի վրա կրում են նացիստական սիմվոլներ) ներթափանցել և իրենց դիրքերը հաստատել Ուկրաինայի քաղաքական դաշտում: Մոսկվայի բացահայտ ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունն ու քարոզչությունը, որը սքողված է մերօրյա ֆաշիզմի դեմ պայքարի նշանաբանով, նպաստում է ուկրաինական ծայրահեղ ազգայնականների ազդեցության հզորացմանն երկրի քաղաքական ու հասարակական կյանքում:


 

Ուկրաինացիների վախը դեպի ռուսական ռազմաքաղաքական ու տնտեսական էքսպանսիան,  ծնում է ռուսների հանդեպ անհանդուրժողականություն և ազգատյացություն: Ազգայնականների աչքերում Ուկրաինայի անկախ պետության, սակայն Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պահպանման ջատագովները վերածվում են դավաճանների ու երկրի հինգերորդ շարասյան : Նման իրավիճակում ուկրաինական հասարակությունն երկփեղկվում է ու խորանում է ժողովրդի միջև առկա անդունդը: Այս պայմաններում տեղի է ունենում Կիևի ու Արևմուտքի սրընթաց մերձեցումը, ի հաշիվ ռուս-ուկրաինական ժողովրդի  դարավոր և բարեկամական հարաբերությունների պառակտման, որը բոլոր առումներով՝ հատկապես քաղաքակրթական, ծանր հարված կհասցնի, թե Ուկրաինային, թե Ռուսաստանին: Ուկրաինական ծայրահեղ ազգայնական ուժերը, որոնք ընդունում են ֆաշիզմի որոշ դրույթներ, մեծ հաշվով հանդիսանում են ռուսական ծավալապաշտական ազգայնականության խորթ զավակը:


Եվ ինչքան Կրեմլը պրոպագանդի Նովոռոսիեի ու Ուկրաինայի ամբողջ հարավ-արևելյան շրջանների մաքրումը ֆաշիստներից, այնքան կսնուցի  ուկրաինացի ազգայնականներին: Ցավոք սրտի,  Կրեմլը չի գիտակցում, որ խաչակրաց պատերազմ հայտարարելով մերօրյա ֆաշիզմին, ինքն իր քաղաքական ու հասարակական շրջնակներում տարածում է ազգայնական շովինիզմը, որը մեծ հաշվով չի տարբերվում ուկրաինական ծայրահեղ ազգայնականներից:     

 


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից