Վերլուծական 

Խոջալուն, թուրքական պետական լրատվական գործակալությունն ու Թուրքիայում հակահայ կրքերի բորբոքումը

analitik.am

Յուրաքանչյուր տարի Խոջալուի դեպքերի տարելիցը Թուրքիայում վերածվում է հայատյացության լայնամասշտաբ արշավի: Թուրքիայի ամենատարբեր քաղաքներում, ամենատարբեր գաղափարախոսությունների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ սկսում են հայերին ուղղել Խոջալու բնակավայրում (Արցախի Իվանյան ավանը) ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքներ՝ այդ ամենը համեմելով վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով, ատելության պոռթկումներով:




Եվ այդքան գովազդվող «փոփոխվող Թուրքիայում» պետական մակարդակով հովանավորում են հակահայ այս գործընթացները: Որպես ասածիս վկայություն՝ կարող ենք հիշել Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Շահինին, ով 2012 թվականի փետրվարին մասնակցել էր Ստամբուլում Խոջալուին նվիրված հակահայ ցույցին և սպառնալից հայտարարել. «Խոջալուում թափված արյունը գետնին չի մնա: Արյան հաշիվը միասին ենք պահանջելու»:




Սա Թուրքիայի ներսում: Իսկ երկրի սահմաններից դուրս Խոջալուի դեպքերը Անկարայի դիվանագիտական կորպուսը փորձում է օգտագործել Հայաստանի և հայերի դեմ՝ ի հակակշիռ հայկական կողմի՝ Թուրքիային ուղղված ցեղասպանության մեղադրանքների: Պարզունակ ձևակերպմամբ թուրքական կողմի գործողություններն այս տեսքն ունեն. «հայերը մեզ մեղադրում են ցեղասպանության համար, սակայն հենց հայերն են ցեղասպանություն իրագործել»:




Վերադառնալով Թուրքիայում փետրվարյան ավանդական հակահայ տրամադրություններին և դրանցում Անկարայի ունեցած ներդրմանը՝ առավել խոսուն, քան թուրքական պետական «Անադոլու» գործակալության օրինակն է, բարդ է գտնել: Յուրաքանչյուր տարվա պես այս տարի ևս Թուրքիայի գլխավոր լրատվական գործակալությունը սկսեց Խոջալուի վերաբերյալ սրտառուչ պատմությունների հրապարակումը, տարատիպ միջոցառումների լուսաբանումը, հայերին թիրախավորող վերնագրերի տարածումը:




Փաստերով խոսելու համար՝ մի քանի օրինակ «Անադոլուի» վերնագրերից՝ ուղիղ թարգմանությամբ.

-  Հայերը պապուս կենդանի-կենդանի վառեցին (Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունից ադրբեջանցի պատգամավորի խոսքերից հատված)

-  Երեխայի աչքի առաջ հորը սպանեցին (ըստ մի ադբրեջանցու պատմածների)

-  Կոտորածին 8 ընտանիք ամբողջովին ոչնչացվեց (կրկին ադրբեջանցիների պատմածով):





Սա միայն վերնագրերը, իսկ հոդվածների բովանդակությունում հայերն առավել քան դաժան, արյունարբու ու անխիղճ են ներկայացված, ադրբեջանցիները՝ (հաճախ շեշտվում է՝ թյուրքերը) կոտորված ու հայրենազրկված:  Ընդ որում, տարբեր հաճախականությամբ «Խոջալուի կոտորածի» մեղքը դրվում է մեկ Հայաստանի, մեկ ընդհանրապես հայության վրա:

Հաշվի առնելով, որ «Անադոլուն» հեղինակավոր գործակալություն է, որի մատուցած լրատվությունը տեղ է գտնում թուրքական լրատվադաշտի զգալի հատվածում, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն են ունենում նման հոդվածները լայն զանգվածների վրա՝ ստեղծելով հայատյաց տրամադրություններ ու ատելության մթնոլորտ:




Եվ այսքանից հետո չպետք է զարմանալ, թե ինչպես մեր արևմտյան հարևանի տարածքում տարեցտարի ավելի շատ են հայերին ուղղված հայհոյանքներ լսելի լինում, ավելի շատ հայատյաց պաստառներ են հայտնվում Թուրքիայի փողոցներում:  Եվ պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ ազգայնական, հետադիմական հատվածի որոշիչ ձայները ստանալ ցանկացող թեկնածուները հիշում են հայերին, իհարկե, ոչ դրական տեսանկյունից: Ինչևէ, սա արդեն այլ քննարկման թեմա է:



Պետք է նաև փաստել, որ Խոջալուի դեպքերի թեմայով քարոզչությանն ակտիվորեն մասնակցում է նաև Ադրբեջանը: Այս տարի, ինչպես և անցյալ տարիներին, Թուրքիա են գործուղվել ադրբեջանցի պատգամավորներ, պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք ոչ միայն մասնակցում են Խոջալուին նվիրված միջոցառումներին՝ փորձելով կրակի վրա յուղ լցնել, այլ առիթը բաց չեն թողում խիստ հակահայ տրամադրություններ հրահրելու համար:



Խոջալուի հարցում թուրք-ադրբեջանական դաշնակցությունն արտացոլվում է նաև «Անադոլուի» դեպքում: Ուշադիր լինելիս կարելի է տեսնել, որ հակահայ բովանդակության ամենամեծ չափաբաժնով հոդվածները հենց գործակալության ադրբեջանցի թղթակիցների գրչին են պատկանում: Իսկ ադրբեջանցիների գրածները հավանության են արժանանում թուրք խմբագիրների կողմից և հայտնվում պետական գործակալության կայքում, ապա նաև այլ թուրքական լրատվամիջոցներում:



Հ.Գ. Իհարկե, Խոջալուի թեմայով հսկայածավալ հակահայ քարոզչությանը միայն «Անադոլուն» չէ, որ միացել է: «Շքերթին» մասնակցում են գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցները, անգամ նրանք, որոնք հայկական թեմայի տեսանկյունից առավել ազատականի համարում ունեն, օրինակ, «Ռադիքալը»: 


 

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ


Նույն շարքից