Բիզնես 

ԿԲ-ի և բանկերի պահուստային ծավալները թույլ են տալիս ասել, որ փոխարժեքի տատանումները մի քանի օրվա խնդիր է. Կ. Ճշմարիտյան

analitik.am

Դրամի տատանողականության դրսևորումը մեր այսօրվա տնտեսական իրավիճակի օբյեկտիվ արտացոլումը չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ավելացրեց, որ այսօր առկա են սպեկուլյատիվ երևույթներ, որոնց հետևանքները Կենտրոնական բանկն իր գործիքներով կարող է վերացնել:

«Համոզված եմ, որ ԿԲ-ի պահուստները, նրա ունեցած դրամային և դոլարային ծավալները, ինչպես նաև մեր բանկերի մոտ եղած դոլարային ծավալը, թույլ է տալիս ասել, որ սա մի քանի օրվա խնդիր է, և ամեն ինչ կկարգավորվի: Նաև համոզված եմ, որ ռուսական կողմը գործիքներ կկիրառի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե գրեթե բոլոր բանկերը դոլար չեն վաճառում, ասաց. «Ասել, որ չկա դոլար, չի կարելի, բա մարդիկ ինչո՞վ են աշխատում»:

Հարցին, թե նախարարն ունի՞ տեղեկություն այն մասին, որ ռուսական ընկերությունները կանխիկ դոլար են գնել Հայաստանից, նախ պատասխանեց, որ տեղյակ չէ նման բանից, իսկ հետո ավելացրեց. «Եթե որևէ տեղ իրենց ազգային արժույթը ավելի անկայուն է, ոչ մի գործարար չի ձգտի, իր ունեցած արժույթը տեղափոխել այլ տարածք՝ ավելի անկայուն: Եթե ասեիք, որևէ այլ տեղից են գնել, գուցե հավատայի»:

Կարեն Ճշմարիտյանն այն կանխատեսումն արեց, որ շուտով ՌԴ-ն որոշակի միջոցառումներ կանի և իր տնտեսության մեջ կամ փոխարժեքի համակարգում որոշակի առավել ակտիվ գործիքներ կկիրառի, որպեսզի փոխարժեքի տատանումները ավելի քիչ լինեն:

«Այս տատանումներն առաջին հերթին իրենց ազդեցությունը թողնում են ՌԴ-ի տնտեսության վրա, ինչն ազդում է գործընկեր բոլոր երկրների՝ այդ թվում և Հայաստանի վրա… Մեր առևտրաշրջանառությունը Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հետ ընդհանուրի 28%-ն է կազմում՝ այս տարվա առաջին տասը ամիսների ցուցանիշով: Կարող եմ մի շատ կարևոր առավելություն նշել. ավանդաբար մեր խոշոր գործընկերներ հանդիսացող երկրները ԱՊՀ ու եվրոպական երկրներն էին: Եթե ուշադրություն դարձնեք վիճակագրությանը, կտեսնեք որ արտաքին առևտրաշրջանառության 44%-ն այսօր այլ երկրների հետ է իրականացվում: Սա բավական դրական ցուցանիշ է՝ արտահանման ու ներմուծման դիվերսիֆիկացիայի իմաստով»,-ասաց նա:


Հարցին, թե 2015թ-ի կանխատեսված 4.1% տնտեսական աճը հնարավո՞ր է՝ վերանայեն, նախարարը բացասական պատասխան տվեց՝ նշելով, թե եկող տարվա համար նախատեսված ներդրումային ծրագրերը կապահովեն սահմանված թիվը:

Ի պատասխան դիտարկմանը, թե Ռուսաստանում քննարկվում է տնտեսության ազատականացման մասին հարցը, նախարարն ընդգծեց, որ համաշխարհային տնտեսության մեջ ազդեցություն ունեցող երկրի կողմից տնտեսության ազատականացումը իր գործընկերների համար օգտակար է և առաջին հերթին՝ իր համար:

«Դա կարող է նոր ներդրումների, տնտեսական ակտիվության սկիզբ դառնալ նաև հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում»,-ասաց նա։

Նույն շարքից