Հարցազրույց 

Ես համախմբված ընդդիմության մեջ եմ, թող Նիկոլն ինքը հենց իրենից սկսի. Գագիկ Ջհանգիրյան

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը համաձայն է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարության հետ՝ ուղղված ընդդիմությանը, թե անհրաժեշտ է ՀՀ-ում առաջիկայում ձևավորել քաղաքական, քաղաքացիական այնպիսի ուժերի դաշինք, որն ի վերջո կօգնի ժողովրդին ոչ թե խոսքով, այլ գործով հաղթահարել ստեղծված հուսահատության տարրը: Այնուհանդերձ, Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանը հստակեցրեց, թե քանի որ ինքը համախմբված ընդդիմության մեջ է, ուրեմն «Նիկոլի կոչը նախ հենց իրեն է վերաբերվում և մյուսներին»։

 

«Ես համախմբված ընդդիմության մեջ եմ, ովքեր համախմբված ընդդիմությունից դուրս են, պիտի խնդրեմ էդ կոչով իրենք իրենց դիմեն: Ես խնդիր չունեմ համախմբվելու. ես 2008-ին եկել եմ, միացել եմ ժողովրդին, Ազատության հրապարակում, իմ աշխատասենյակից, ընդմիջման ժամին, դուռը փակել՝ եկել եմ և մինչև հիմա ամուր կանգնած եմ իմ տեսակետների դիրքերում: Ում հետ համախմբվել եմ` մինչև հիմա էլ էդ խմբի մեջ եմ: Ովքեր այս կամ այն պատճառներով դուրս են մնացել, կամ իրենց են դուրս դրել, չգիտեմ ինչ են արել` իրենք խնդիր ունեն: Ես լիովին համամիտ եմ, բայց Նիկոլն ինքը հենց իրենից պետք է սկսի»,- ասաց նա:

 

Մեր դիտարկմանը, որ եթե նախորդ անգամ իր՝ Ջհանգիրյանի համար տեղ կար գնալու և դա Ազատության հրապարակն էր, ապա այս դեպքում ո՞ւր գնան նման ցանկություն ունեցողները, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ինձ համար այն անհատը, ով պետք է գնա ու կոչ անի համախմբվելու՝ հայտնի է: Ես որևէ այլ անհատի չեմ սպասում, որ գնա կոչ անի ու ես էլ գնամ։ Ես գիտեմ՝ ում կոչին եմ գնալու, իսկ ով էլ չգիտի, կարող է համապատասխան հետազոտություններ, չգիտեմ, սոցիոլոգիական հետազոտություններ անել, և այլն և այլն, փորձ ձեռք բերի»։

 

Մեր դիտարկմանը, թե նախ կոչն ուղղված է ընդդիմությանը, մինչդեռ նույն ՀԱԿ կուսակցությունն այլընտրանք համարվող ԲՀԿ-ի հետ համագործակցությունը նախընտրեց, ինչի հետևանքները հասարակությունը կարծես թե տեսնում է՝ ոչ մի դրական տեղաշարժ և դրան էլ ավելացրած պառակտում, ՀԱԿ անդամը չհամաձայնվեց։

«Ո՞վ ասաց, որ մենք դրական արդյունք չունենք։ ԱԺ-ում բոլորս տեսանք, որ 44 հոգի, թե ավել ստորագրել են արտահերթ նիստ սկսելու նախաձեռնության տակ։ Նիստը մենք հրավիրեցինք, իսկ կառավարող կոալիցիան ստիպված բոյկոտ հայտարարեց։ Դա հաջողություն չի՞ քաղաքական պայքարում, չէ՞ որ բոյկոտն, ըստ էության, պառլամենտական փոքրամասնության զինանոցում պետք է օգտագործվի, ոչ թե մեծամասնականում։ Ինչո՞ւ են բոյկոտ հայտարարում, գիտե՞ք... երբ որ չեն կարողանում ազդել որոշումների վրա, նախագծերի վրա, իսկ ե՞րբ չեն կարողանում ազդել, երբ որ թվով քիչ են, ընդդիմություն են։ Իսկ դուք այսօր ասում եք՝ հաջողություն չկա։ Ընդդիմությունը և այլընտրանքը միասին հասել են այս հաջողությանը։ Իհարկե չեն կարողացել այդ կուտակային պարտադիր կենսաթոշակի դրույթը փոխել , բայց մի՞թե սա հաջողություն չէ, որ հասարակության համար ակնհայտ դարձավ, որ խուսափում են այդ հարցի բովանդակային քննարկումից,- նշեց նա։

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե դրանք նույն իշխանության «խաղերն» են և նշում են, թե իրականում ինչի համար է ԲՀԿ-ի պայքարը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, չեմ կարծում, որ իշխանությունն իր դեմ խաղեր է կազմակերպում՝ էդ արդեն շատ խուճուճ է»։

 

Նա նաև չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ դա գուցե ընդդիմությանը պառակտելու համար է. «Բայց ընդդիմությունը միավորվում է այդ խաղերի արդյունքում, էդ ո՞նց են խաղում, որ իրենց խաղի արդյունքում ընդդիմությունն ու այլընտրանքը միավորվում են։ Ուրեմն շատ վատ են խաղում»,- եզրակացրեց նա։

 

Հարցին, թե ՀԱԿ պատգամավորը հավատո՞ւմ է, որ ընդդիմադիրների նույն պահանջն է հետաքրքրում այլընտրանք համարվող ԲՀԿ-ին և նրանք միանում են ընդդիմությանը՝ պատասխանեց. «Ես նման բան չեմ էլ լսել, որ ինչ-որ մեկին միանում են, բայց տվյալ համագործակցության ֆորմատում միացել են, ազնվորեն եկան, նստեցին դահլիճում, հաշվառվեցին, մինչև այդ էլ ստորագրել են»։

Իսկ թե դրանցից հասարակության շահը ո՞րն է հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչ եք հիմա առաջարկում, ցանկացած պայքար դադարեցնենք և անելանելի վիճակում հայտնվենք հա՞, մեր երկրում բան չի փոխվի, ժողովուրդն էլ վեր կենա էս երկրից գնա, վերջնականապես Հայաստանը հանձնենք կամ Թուրքիային կամ Ադրբեջանին, կամ չգիտեմ ում ու վերջանա, հա՞։ Կյանքը չի կարող այդպիսին լինել։ Կարծում եմ, որ մի քանի հազարամյակների պատմություն ունի մեր պետականությունը, կորուստներ են եղել, ավելի ծանր պահեր են եղել, բայց միշտ մի ելք գտնվել է, հուսանք, որ այս անգամ էլ ժողովուրդը նաև նրա քաղաքական ուժերը, անհատները, համախմբված մի ելք, մի միջոց կգտնեն մեր երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար»,- եզրափակեց նա։

Սկզբնաղբյուրը` Tert.am

Նույն շարքից