Հարցազրույց 

Կաթնամթերքի շուկան կարգավորման կարիք ունի. Ղուկաս Բունիաթյան

analitik.am

Կաթնամթերքի շուկայում լրջագույն խնդիրներ են կուտակվել, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն։ Այս մասին ասաց Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Ղուկաս Բունիաթյանը՝ ընդգծելով, որ շուկայական անբարենպաստ պայմանների պատճառով՝ Հայաստանում կաթնամթերք արտադրելը դարձել է ոչ ձեռնտու գործ։ Ըստ նրա՝ միջազգային շուկայում չոր կաթի գնի բարձրացումը հարմարավետ պայմաններ է ստեղծում, որպեսզի հայաստանյան ընկերությունները պարզապես չոր կաթ արտադրեն և արտահանեն, բայց այդ դեպքում անհնար կլինի խուսափել դեֆիցիտից՝ տեղական շուկայում։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Պարոն Բունիաթյան, որպես կաթնամթերք արտադրողների միության նախագահ, դուք ամենալավն եք տեղյակ ոլորտի խնդիրներին, խնդրում եմ ասեք ի՞նչ դժվարությունների առջև են կանգնած այսօր կաթնամթերքի տեղական արտադրողները և ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում:

Ինչպես արդեն բազմիցս նշվել է, վերջին մի քանի տարիների ընթացքում մեր արտադրական ծախսերը կտրուկ աճում են: Ոլորտի ընկերությունները փորձում են վնասները ծածկելու համար կրճատումներ կատարել ինչպես աշխատավարձերի նվազման, աշխատողների թվի սահմանափակման, այնպես էլ իրացման, վարչական և ֆինանսական ծախսերի նվազման ուղղությամբ: Սակայն հումքի գների բարձրացումն այնքան մեծ է, որ ուղղակի անհնար է մյուս ծախսերի կրճատմամբ կոմպենսացնել դրանց բարձրացումը:

Կարո՞ղ եք նշել, թե կոնկրետ որքանով են բարձրացել հումքի գները և իրավիճակից դուրս գալու ի՞նչ ուղիներ եք տեսնում:

Վերջին երեք տարիների ընթացքում հումքի գրեթե բոլոր տեսակների գներն աճել են 40-60%-ով, իսկ ինքնարժեքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի հումքի և հիմնական նյութերի ծախսը: Այսպես՝ 2010-2013թթ ընթացքում մթերվող հում կաթի գինը բարձրացել է շուրջ 40%-ով, որից միայն վերջին տարում՝ 20%-ով: Օրինակ՝ այս տարվա նոյեմբերին կաթի մթերման գործարանային գինը կազմել է 185 դրամ, իսկ 2012թ. այն 153 դրամ էր (աճը՝ 20%): Միջազգային շուկայում աճել են չոր կաթի, կարագի գները՝ համապատասխանաբար 50%-ով և 40%-ով: Այս տարի բարձրացան նաև գազի և էլեկտրաէներգիայի գները: Իրավիճակից դուրս գալու մի քանի ուղիներ կան: Առաջինը մթերվող կաթի գնի և պատրաստի արտադրանքի գների միջև այս անհամապատասխանության վերացումն է: Մի շարք երկրներում, հաշվի առնելով կաթնամթերքի արտադրության ոլորտի կարևորությունը բնակչության համար, պետական միջոցներով սուբսիդիաներ են տրամադրվում գյուղացիական տնտեսություններին, որոնք էլ նվազեցնում են վաճառվող կաթի գինը՝ մեղմելով պատրաստի կաթնամթերքի գնաճը: Երկրորդ տարբերակը ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափի կիրառումն է ոլորտի ձեռնարկությունների համար: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ ավելացված արժեքի հարկի դրույքաչափը 18% է, պետությունը կաթ վերամշակողների համար կիրառում է 10% դրույքաչափ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսությունները, որոնցից ձեռք է բերվում անհրաժեշտ կաթը, ազատված են ավելացված արժեքի հարկից, և արդյունքում արտադրողը պարզապես չի կարողանում դեբետագրել կաթի ձեռք բերման մասով ձևավորված ավելացված արժեքի հարկի մասը: Հաջորդ ուղին պատրաստի արտադրանքի գների բարձրացումն է: Հայաստանում կաթնամթերքի գները 30%-40%ով ցածր են հարևան երկրների գներից՝ այն դեպքում, երբ մթերվող կաթի գինը բոլոր երկրներում էլ գրեթե հավասար են: Մեր հաշվարկներով հումքի գների գնաճը փոխհատուցելու համար անհրաժեշտ է 35-40% կաթնամթերքի գների բարձրացում:

Նշեցիք, որ կաթնամթերքի գները հարևան երկրներում ավելի բարձր են հայաստանյան գներից: Արդյո՞ք կատարվում է կաթնամթերքի արտահանում այդ երկրներ:

Բանն այն է, որ կաթնամթերքը արագ փչացող և կարճ պահպանման ժամկետ ունեցող մթերք է: Մենք չենք կարող երկար տարածությունների վրա տեղափոխել մեր արտադրանքը: Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում կաթնամթերքի գները ցածր են, հումքը՝ թանկ, մեզ ավելի շահավետ է երկրում եղած կաթով արտադրել երկար պիտանելիության ժամկետ ունեցող մթերք և արտահանել դրանք: Օրինակ՝ հիմնական արտադրատեսակների գծով, որոնք կազմում են վաճառքների գերակշիռ մասը՝ թթվասեր, կաթնաշոռ, կաթ, մածուն, աշխատում ենք վնասաբերությամբ: Նույնիսկ չի ծածկվում արտադրական ինքնարժեքը, և վնասը կազմում է շուրջ 10%: Սա դեռ հաշվի չառած իրացման, վարչական, ֆինանսական և այլ ծախսերը: Այս ծախսերի հաշվառմամբ՝ ընդհանուր վնասն անցնում է 35%-ի սահմանը: Միևնույն ժամանակ՝ միջազգային շուկայում չոր կաթի գինը ներկայումս անցնում է տոննայի համար 5000 ԱՄՆ դոլարը: Մեզ համար ավելի շահավետ է եղած սահմանափակ կաթն ուղղել չոր կաթի արտադրությանն ու արտահանմանը, քան ներքին շուկայում կաթնամթերքի արտադրությանը, բայց այդ դեպքում ներքին շուկայում կունենանք կաթնամթերքի հսկայական դեֆիցիտ: Արդյունքում՝ շուկա կներկրվի արտասահմանյան կաթնամթերք՝ շատ ավելի բարձր գնով, քան ներկայիս գնային մակարդակն է: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ շուկան կարգավորվի այժմ, հակառակ դեպքում հետագայում այն ավելի կործանարար ազդեցություն կունենա տարիների ընթացքում կայացած այս ոլորտի համար:

Այսինքն կաթնամթերք արտադրողներին շահավետ չէ՞ ներքին շուկայում արտադրանք վաճառել:

Ներկայիս գնային մակարդակի պայմաններում, շահավետ չէ: Եթե հաշվենք, որ կաթը մթերվում է 170 դրամով, ապա 1կգ անյուղ չոր կաթ արտադրելու համար անհրաժեշտ է 9լ կաթ: Հետևաբար չոր կաթի արտադրական հումքի ծախսերը կկազմեն 1530 դրամ: Իսկ չոր կաթի գինը ներկայումս անցնում է 2100 դրամը: Բացի այդ՝ մնացած կաթնային յուղով հնարավոր է արտադրել կարագ: 82.5% յուղայնությամբ կարագի մեջ յուղի գինը չի անցնում 1600 դրամը, իսկ պատրաստի կարագի գինը կազմում է 2500 դրամ: Տեսնում ենք, որ ավելի շահավետ է արտադրել չոր կաթ, կարագ, պանիր և արտահանել, քան արտադրել ավանդական կաթնամթերք և կրել վնասներ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հիմնական արտադրատեսակների գծով չեն ծածկվում նույնիսկ հումքի ծախսերը, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր ավել արտադրած կաթնամթերքից մենք մեծացնում ենք մեր վնասը: Արտադրողը չի ցանկանում ընդլայնել վաճառքի ծավալները, իսկ այդ հանգամանքը, հատկապես Նոր տարվա օրերին, կարող է մեծ դեֆիցիտ առաջացնել շուկայում: Այդ պատճառով ուղղակի անհրաժեշտություն է պատրաստի արտադրանքի գների թեկուզ աստիճանական, բայց 30-40%-ով բարձրացումները:


www.news.am

Նույն շարքից