Հարցազրույց 

ԶԼՄ-ները պետք է հասկանան, որ մենք պատերազմի մեջ ենք. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Ներկայացնում ենք հարցազրույց ՀՀ ՊՆ մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ «ԶԼՄ-ների պրոֆեսիոնալիզմի ազդեցությունը պաշտպանության ոլորտի և երկրի անվտանգության վրա» թեմայով:



-Ինչպես գիտենք Հայաստանում՝ առավել ևս պաշտպանության ոլորտում, լրագրողական էթիկան բավականին կաղում է, ըստ Ձեզ Հայաստանում առհասարակ պահպանվո՞ւմ են լրագրողական էթիկայի կանոնները:



-Նախ պետք է ասել, որ այս առումով համընդհանուր պրոբլեմ կա, ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլ առհասարակ, և սա ունի  թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ լրագրողական դաշտն առհասարակ զարգացում է ապրում՝ շատ հախուռն, շատ անկազմակերպ, երբեմն շահարկվող, երբեմն սուբյեկտիվ շահեր սպասարվող, բայց ես օպտիմիստ եմ և կարծում եմ, որ դա ամեն դեպքում բերելու է ստաբիլացման, հստակեցման: Մենք այսօր, ցավոք, դեռ զարգանում ենք չափերով, այլ ոչ թե որակով: Մենք ամեն օր ականատես ենք լինում  բավականին ցածր մակարդակի լրագրողական պրոդուկտի: Ես չեմ ուզում ոչ մեկին մեղադրել և լավ գիտեմ, որ նույն այս խոսքերիս համար վաղը կարող են ինձ մեղադրել և նորից հարվածներ ստանամ: Լավագույնս սրա մասին բազմիցս խոսել են իրենք լրագրողները՝ պրոֆեսիոնալները՝ օրինակ Արտակ Ալեքսանյանը, Մեդիմաքս-ի տնօրենը և շատ այլ պրոֆեսիոնալներ, ովքեր մի քանի անգամ հորդորեցին, որ հարգելի նորելլուկներ,  պետք չի նման էժանագին մոդելներով և այլն և այլն:

Ցանկալի կլիներ, որ պաշտպանության ոլորտում այս առումով առավել զգույշ լինել, որովհետև, եթե այլ ոլորտներում դա զուտ կարող է լինել մարդկանց հեղինակության խնդիր, վարկաբեկել, վիրավորել կամ մաքսիմում դատական հայց, ապա պաշտպանության ոլորտում դա ազգային անվտանգության խնդիր է բացում:

 

-Ապատեղեկատվության տարածումը ի՞նչ չափով  է վնասում պաշտպանության ոլորտին, որովհետև շատ մարդիկ չեն պատկերացնում այդ վնասի էությունը և չափը:



Դա նույն չտիրապետելու արդյունքն է, եթե մարդը հասկանա, որ 21-րդ դարում ինֆորմացիան լուրջ զենք է, և ինքը՝ տնօրինելով ինֆորմացիան, այդ զենքը պետք է ճիշտ կիրառի՝  բժշկի նման: Եթե բժիշկը ճիշտ տեղից է կտրում, ապա կյանք է պարգևում, իսկ հակառակ դեպքում կյանք է խլում, նույնն ինֆորմացիան է: Ինֆորմացիա տրամադրողները չեն հասկանում, թե ինչ զենքի հետ գործ ունեն և չեն հասկանում 21-րդ դարի պահանջները: Ինֆորմացիան հաղթանակի և պարտության  նպաստող միջոց է, եթե սխալ ինֆորմացիա ես տալիս, առաջանում է սխալ ընկալում, ինչն էլ կարող է ռազմավարական վնաս տալ՝ հանրությունդ կարող է պարտվողական տրամադրություններ ունենալ, լուրջ կորուստ կրել, պետությունդ կարող է լուրջ կորուստ  կրել, պետական գաղտնիք ինֆորմացիա կարող է դուրս գալ: Տեղեկատվական պատերազմների մասին դժվարանում եմ ասել, թե ով չի խոսել, բոլորը խոսում են, բայց քչերն են մասնագիտորեն տիրապետում և հասկանում դրա էությունը: Ամենակարևորը պետք է բոլորը, ովքեր իրենց բջջային հեռախոսը ծառայեցնում են որպես նոր լրատվամիջոց, պետք է հասկանան, որ 21-րդ դարում տեղեկատվական պատերազմներում կարող են պարտություն կրել կամ հաղթանակ տանել: Իրենք պետք է հասկանան, որ մենք պատերազմի մեջ ենք: Եթե Երևանում դու հանգիստ ման ես գալիս, ռմբակոծություն չկա, ամեն օր պատերազմի դաշտից զոհեր չեն բերվում, չի նշանակում, որ մենք խաղաղության պայմաններում ենք ապրում: Այս զգացումը, այս ընկալումը պետք է ունենան:


 

-Յուրաքանչյուր ԶԼՄ, երբ որևէ առաջարկ է փորձում արվել նրա գործունեության հետ կապված՝ անգամ հիմնավորված առաջարկ,  դա ձևակերպում է որպես խոսքի ազատության սահմանափակում: Այս պայմաններում պաշտպանության ոլորտն ինչպե՞ս պետք է հարաբերվի ԶԼՄ-ների հետ և փորձի վերոնշյալը հասցնել նրանց, ի՞նչ մեխանիզմներով եք աշխատում:



-Մի քիչ բարդ հարց է: Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս այստեղ օբյեկտիվ դրդապատճառներ, դրանք հետևյալն են՝ խորհրդային հանրությունը՝ մարդկանց զրկելով լիառժեք ինֆորմացվելու հնարավորությունից առաջացրել է տոտալ վերահսկողության նկատմամբ հակակրանք: Մարդիկ տոտալ վերահսկողությունը տանել չեն կարողանում և ձգտում են ազատության, բայց մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնելը ևս վտանգավոր երևույթ է, այսինքն, երբ կենդանուն երկար ժամանակ դնում ես վանդակի մեջ և հետո առաջին հարցը, որ տալիս ես՝ ի՞նչ ես ուզում, ապա նա ուզում է ազատություն, բայց եթե նա ազատության մեջ երկար ժամանակ չի եղել, ապա չի վարժվել դրան: Մենք ինչ-որ առումով նման ենք անազատության մեջ ազատության գինն ու արժեքը կորցրած մարդկանց: 

Կա նաև հետևյալ պրոբլեմը՝ անվստահության մթնոլորտի ձևավորում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ինֆորմացիա տրամադրել: Մի կողմից այսպիսի անջրպետ է քաշվել, որ բոլոր իշխանավորները, ցավոք, ոմանց կողմից ներկայացվել են որպես ազգի դավաճան, իսկ մյուս կողմը կանգնածները համարվել են տանջվածներ, ատառապյալներ և այլն: Սա շատ ծանր և վտանգավոր բան է, մենք միտումնավոր մեր մեջ թշնամիներ ենք փնտրում և տանում ենք ծայրահեղությունների: Այս երկու երևույթների համադրությունը բերել է նրան, որ ցանկացած դեպքում, երբ փորձում են լրագրողին օգնել մասնագիտորեն գրագետ աշխատելու հարցում, նա դա դիտարկում է փորձ՝ վերահսկել իրեն: Մենք այս առումով փորձում ենք ավելի  խրատական, ընկերական հասկանալ ինչ-որ բան: Իհարկե, ոչ մեկի համար  թող վիրավորական  չլինի, որ ի վերջո ժամ առ ժամ աճող լրատվամիջոցների այս բազմածավալ քանակի մեջ, ինչ-որ պահ դու ստիպված ես լինում ընտրել պրոֆեսիոնալներին՝ իրենց հետ աշխատելու համար: Չնայած ոչ ոք չի կարող մեզ մեղադրել անթափանցիկության մեջ, ես ամենայն պատասխանտվությամբ հայտարարում եմ, աշխարհի ամենաթափանցիկ բանակն ենք մենք՝ թույլատրելիի առումով եմ ասում: Ես կարող եմ ասել, որ ՀՀ ՊՆ լրատվական ծառայության ընդհանուր մոդելը, եթե ամենան չի, ապա ամենաներից մեկն է թափանցիկության առումով, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ մենք կկարողանանք ժամ առ ժամ աճող և ոչ պրոֆեսիոնալ այս մեդիա դաշտի հետ լիառժեք նույն հարթությամբ աշխատել, հնարավոր  չի ուղղակի: Տարեկան ևս նոր աճած 25-30 կայքի հետ նույն որակով աշխատե՞լ, որոնք մի գերխնդիր ունեն՝ լայքեր հավաքելու, հնարավոր չի ուղղակի:

 

-Շատ ԶԼՄ-ներ իշխանություններին արատավորելով վերջին հաշվով արատավորում են նաև պետական մարմինների գործունեությունը, և շատ դեպքերում նույն ադրբեջանական կայքերում հայտնվում են Հայաստանի պետական մարմիններին փնովող նյութեր՝ հղումներ տալով հայկական կայքերին, ինչպե՞ս եք սա մեկնաբանում, այս տեսանկյունից ի՞նչ կարելի է անել:



-Այստեղ,ցավոք, թե բարեբախտաբար մենք վերադառնում ենք նախորդ հարցին՝ մենք տվել ենք մարդկանց լիառժեք ազատություն, մարդկանց, ովքեր չգիտեն՝ ինչ անել:  Փիլիսոփայական մի հին միտք կա՝ ասում են ժողովուրդների պատմության մեջ ամենադժվար ժամանակներն այն ժամանակներն են, երբ համընդհանուր գիտեն, թե ինչ չեն ուզում, ինչն իրենց դուր չի գալիս, բայց չգիտեն՝ ինչ են ուզում: Մեր ժողովուրդն այսօր այդ վիճակում է, ցավոք: Մենք հստակ գիտենք, որ սա չենք ուզում, որովհետև վերջին ժամանակահատվածում մենք դա ապրել ենք և դա մեզ դուր չի գալիս, բայց ի՞նչ ենք ուզում՝ չենք կարողանում հստակեցնել մեր պահանջները: Այստեղ մեծ պրոբլեմ կա՝ ի՞նչ անել: Ես վստահ եմ, որ իմ այս խոսքերի, այս հարցազորւցի համար ես քննադատությունների եմ արժանանալու, ես դա պատրաստ եմ կրել հանուն նրա, որ  կարողանում պատրաստել պրոֆեսիոնալներ: Մենք անցյալ տարի երկու-երեք փորձնական ծրագիր ենք արել՝ լրագրողական դասընթացների պաշտպանության ոլորտում: Փորձել ենք հատկապես նոր մասնագետների հետ դա անցկացնել, փորձը ցույց տվեց, որ դա մեծ արդյունավետություն չունեցավ, հետևաբար այս տարի փորձելու ենք մարտավարությունը փոխել այս առումով՝ իրական պրոֆեսիոնալների հետ աշխատել, այսինքն մարդիկ, ովքեր հինգ տարվա, տաս տարվա աշխատանքային փորձ ունեն, իրենց իրական պրոֆեսիոնալ դարձնենք ռազմական լրագրության ոլորտում՝ ժամանակին ստեղծելով  համապատասխան միություն՝ ռազմական լրագրողների, ի վերջո մենք ունենք փայլուն լրագրողներ, ովքեր պատերազմ են անցել, փորձ ունեն, ինչի՞ այս շղթան չաշխատի, այս մարդկանց այսօր չփոխարինի այն սերունդը, ով արդեն տարիների աշխատանքի փորձ ունի, գնան նրանց աշակերտելու և սերունդը շարունակեն: Փորձելու ենք այս ճանապարհով շարունակել և 2014թ.-ին այդպիսի մի մեծ դասընթաց անել:

 

-Պաշտպանության ոլորտին վերաբերող յուրաքանչյուր ապատեղեկատվություն կարող է պանիկա առաջացնել հասարակության մոտ, նաև թշնամու կողմից օգտագործվել որպես զենք, և քանի որ չի հսկվում տեղեկատվական ոլորտը Հայաստանում, ինչպե՞ս և ի՞նչ միջոցառումներով կարելի է կանխել նման իրավիճակը:



-Մեր ուսումնասիրությունների արդյունքում առաջացած փորձը վկայում է, որ կա երեք մոդել՝ լիառժեք ազատության մոդել, որը շատ հրապուրիչ է, բայց քաոսային է և ամենակարևորը  անթույլատրելի է ռազմական իրավիճակ ունեցող պետությունների համար, կա չափավոր վերահսկվող մոդել, որը երբեմն անվանում են հետագա վերահսկողության մոդել՝ ոչ թե կանխավ վերահսկում ես ինֆորմացիայի արտահոսքը, դու չես կարող վերահսկել իրեն, ինքը տալիս է ինֆորմացիան, բայց դու ունես պետական և հասարակական այնպիսի միջոցներ, որ միանգամից նման անպատասխանատու լրատվաիջոցը և անձը հայտնվում է մեկուսացած վիճակում՝ դատարաններ է գնում, պարսավանքի է ենթարկվում, գնահատվում է շատ ցածր և պրոֆեսիոնալաների համապատասպան դաշտում երբեք տեղ չի ունենում՝ այսինքն ինքը հայտնվում է անկյունում: Դրան հասնելու համար պետք է ունենալ ձևավորված մասնագետների խումբ՝ հասարակական հատվածում, ովքեր ունեն շատ բարձր մակարդակ և իրենք զտում են իրենց միջից  ցածր մակարդակը: Իհարկե կա նաև երրորդ մոդելը, որը մենք տեսել ենք և չենք ուզում նորից տեսնել: Ուզես, թե չուզես, լավագույն մոդելը երկրորդ մոդելն է՝ ոչ լիառժեք քաոսն է մի բան, որը մենք, ցավոք,  այսօր ունենք, շատ փոքր տարրերով դեպի երկրորդ տարբերակ:

Ես լավատես եմ, և տեսնում եմ դեպի լավը գնալու միտումը: Ես դաշտում գիտեմ, հարգում և ճանաչում եմ գերպրոֆեսիոնալները, ովքեր, ցավոք, շատ քիչ են, բայց որակ ունեն: Ես շփվում եմ համալսարանաի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ և տեսնում եմ, թե ինչ լուրջ աշխատանք է կատարվում: Մենք գնալու ենք նրան, որ էլիտան ձևավորենք, այլ ճանապարհ չկա: Մենք ընտրել ենք ազատության մոդելը, իսկ այդ դեպքում մենք պարտավոր ենք անցնենք այդ փշոտ ճանապարհը՝ տանել ինչ-որ ժամանակ մեր հախուռն, անպատասխանատու մասսային, մինչև փորձենք իրենց բերել կանոնակարգված դաշտ: 

Իհարկե, հերթական անգամ՝ օգտվելով առիթից, Ձեր հնարավորությունից, շնորհակալություն հայտնելով Ձեզ այս հնարավորության համար, նորից մեր կոլեգաներին կոչ եմ անում՝ անկախ նրանից, որ նրանք ինձ կքննադատեն կամ չեն քննադատի, անվտանգության ոլորտին վերաբերվել շատ լուրջ, հասկանալ, որ մի նախադասությունը, որ գրում եք՝ «տեղահանվում են Այգեպարից», դա լուրջ պանիկա է առաջացնում, և չի կարելի այդպիսի բան գրել: Հարյուրավոր մարդկանց կարելի է զանգել՝ իմանալ, նման բան կա, թե չկա: Ես հասանելի եմ բոլորի համար, ուստի քսան րոպեյում կարող են ճշտել լուրի հավասատիությունը, բայց եթե ուզում են սենսացիա ստանալ, որ կես ժամում «հերոս» դառնան, ապա կգնան նման հիմարությունների հետևից:


 

-Եթե հեռուստատեսության ոլորտը, տպագիր մամուլը ենթարկվում են որոշակի կանոնակարգման, ապա էլեկտրոնային լրատվամիջոցները բացարձակ դուրս են որևէ կանոնակարգումից: Այս իմաստով,    ըստ Ձեզ, պե՞տք  է որոշակիորեն  կանոնակարգել նրանց գործունեությունը, թե ոչ:



-Այո', ցավոք Ձեր ասածն ու մինչ այժմ մեր քննարկածը վերաբերվում է առաջին հերթին հենց  էլեկտրոնային լրատվամիջոցներին:  Քաոսի հիմնական դրոշակակիրները հիմնականում էլեկտրոնային լրատվամիջոցներն են, հիմնական աշխատանքը պետք է իրենց հետ վարենք: Մյուս կողմից կա այսպիսի պարադոքս, չեմ ուզում ոչ մեկին մեղադրել, բայց այսօր Հայաստանում կա մոտավորապես հիսունից ավել կայք, եթե կասկածելի կայքերն էլ հաշվենք, մոտավորապես ութսունի կհասնեն: Ի՞նչ եք կարծում, Հայստանում այդքան լուր կա՞, որ կայքերն այսքան բազմանում են, իհարկե', ոչ: Սա անառողջ մղումներից ծնված նախաձեռնություն է, իսկ եթե որևիցե բան անառողջ մղումներից է ծնված, ապա դատապրտված է ձախողման: Այս ամենն ունի անառողջ դրդապատճառներ՝ լավ գիտենք, որ ոմանք նպատակ ունեն ինչ-որ բան ստեղծել և ինչ-որ գումար ծախսել ինչ-որ մարդկանց վարկաբեկելու համար: Եվ դրա լավագույն մոդելն այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներն են: Հուսով եմ` մենք այս խնդիրը կհաղթահարենք, կգա ժամանակ և կհասկանանք, որ սա ուղղակի անբարեխիղճ  ու սխալ ճանապարհ է և կսկսենք վստահել պրոֆեսիոնալ լրատվամիջոցներին: Ցավալի է, որ այսօր չկա պրոֆեսիոնալ լրագրողների բողոք, և անբարեխիղճ աշխատանքից տուժողները չեն բողոքում: Մենք պետք է ձգտենք արժեքները տարանջատել իրարից, արժեքավորը՝ անարժեքից, որակյալը՝ անորակից:


 

-   Եվ վերջում, ի՞նչ է Արծրուն Հովհաննիսյանի համար խոսքի ազատությունը:

 

-  Պետք է ասեմ, որ հետդարձի ճանապարհ չկա, և մենք գնում ենք ազատության ճանապարհով:  Ազատությունն առանց ազատ խոսքի իրավունքի չի կարող լինել, սակայն ազատ խոսքի իրավունքը պետք է տրված լինի պրոֆեսիոնալներին ու պատասխանատուներին:  Որտեղ սկսվում է քո ազատությունը, ավարտվում է իմ ազատությունը, պետք է որոշակի սահման ունենանք և հարգենք միմյանց: Մենք այժմ գտնվում ենք փշոտ ճանապարհում, որտեղ որակը զիջում է քանակին:


 

-Շնորհակալություն բավականին ծավալուն, օգտակար և հետաքրքիր հարցազրույցի համար: Հուսանք, որ գոնե որոշակիորեն արդյունավետ կլինի  այս բավականին կարևորագույն թեմայի շուրջ ծավալված զրույցը:



-Ձեզ եմ շնորհակալ: Հուսանք, և ինչքան մեր խոսքի մեջ չփնտրեն թշնամանք, մեծամտություն,  իրենց համար մրցակցության ավելորդ ջանքեր, ռեսուրսներ ծախսելու տեղ, այլ ավելի հասկանանք միմյանց, ավելի լավ կլինի:

Մենք ներկայացնում ենք գերատեսչություն, որն ապահովում է ՀՀ-ի և հայ ազգի անվտանգությունը, ուստի պետք է հասկանալ այս ոլորտի կարևորությունը: Սրանից ավելի թափանցիկ ես չեմ պատկերացնում պաշտպանության ոլորտը: 

Նույն շարքից