Հարցազրույց 

Համակրանքի հիմքում ընկած է որոշակի նախասիրություն, որը ձևավորվում է մանկուց

analitik.am

 «Սերը միավորում է կնոջն ու տղամարդուն, հետո՝ երեխային ու մորը: Հենց այդ սիրո մեջ է մեծանում երեխան: Մայրը սիրում է երեխային և ուզում է, որ նա լինի, ապրի: Մոր սերը հենց այդ ցանկության մեջ է»,-«Անալիտիկ կենտրոն»-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դասախոս Մանե Հակոբյանը: Ըստ նրա, եթե ինչ-որ պատճառով մայրը սիրո պակաս է ունեցել կյանքում կամ ընդունակ չէ այդ սերը երեխային տալու, ապա երեխան կենսասիրության հետ կապված խնդիրներ է  ունենում: Եթե մայրը հուզական ներդրում չի անում երեխայի մեջ, չի սիրում երեխային, ապա երեխան դառնում է վատատես, ոչ կենսասեր:


Հոգեբան Ֆրոմն առանձնացնում է սիրո հետևյալ տեսակները՝ մայրական սեր, հայրական սեր, եղբայրական սեր, սեր Աստծո նկատմամբ, սեր տղամարդու և կնոջ միջև: Մայրական սերն անսահման է, սիրո անձնազոհ, նվիրված տեսակն է, որն ամբողջովին տալիս է և ոչինչ չի պահանջում: Հայրական սերն այն տեսակն է, որը որոշակի սահմանափակումներ է դնում: Մանե Հակոբյանի կարծիքով՝ սա էլ է անհրաժեշտ մարդուն: Երբ սահմանափակումներ ես դնում, նա հասկանում է, որ ինքն ամենակարող չէ և զգում է իր սահմանները: Եվ հայրական, և մայրական սերն անհրաժեշտ են, որ երեխան հոգեպես առողջ մեծանա: Մայրական սերն անհրաժեշտ է, որ մարդ բավարար կենսասիրություն ունենա և ապրելու ցանկություն, իսկ հայրական սերը սովորեցնում է ճանաչել ես-ի սահմանները և կարողանալ ապրել:

«Մայրական և հայրական սեր ասվածը պայմանական է, օրինակ՝ մայրական սեր կարող է տածել հայրը կամ մեկ այլ մարդ: Երկու սեռերն էլ կարող են ապրել թե անսահման տալու և ոչինչ չպահանջելու, թե այն սերը, որ տալիս է, բայց նաև ինչ-որ բան է պահանջում: Այս երկուսի հիմքում է ձևավորվում անհատը»,- պարզաբանեց հոգեբանը:

Նա կարևոր է համարում տարբերել կառուցող և կազմալուծող սերը: Կազմալուծող տեսակը սիրո ախտաբանական ձևն է: Հուզական ներդրումը, կապվածությունը կարող է հիվանդագին ձևեր ընդունել, լինել չափից ավելի, խեղդող: Հուզական կապվածությունը կարող է թույլ չտալ, որ մարդ աճի:


Սիրո մյուս բոլոր տեսակները ձևավորվում են մայր-երեխա, հայր-երեխա հարաբերությունների հիման վրա: Այսինքն՝ սկզբնապես սիրելու ունակությունը, հոգևոր-հւզական ներդրումն անում է մայրը, այնուհետև երեխան ընդունակ է դառնում այլ հուզական կապվածությունների: Դա արդեն 2-3 տարեկանից է լինում, երբ երեխան բացի իր ծնողներից կարողանում է հուզական կապվածության մեջ լինել նաև այլ մարդկանց հետ: Այդ տարիքում կապվածությունը խորը և տևական չէ, ինչպես՝ մեծ տարիքում:

«Մարդ կարող է սիրել, բայց չգիտակցել, չվերլուծել, ուղղակի լինել այդ զգացմունքների մեջ: Ախտաբանական դեպքերում մարդ կարող է զարգացած ինքնագիտակցություն ունենալ, բայց հուզական ոլորտն աղքատ լինի, ապրումները լինեն պրիմիտիվ մակարդակում: Կան սիրո հասուն և ոչ հասուն տեսակներ: Ոչ հասուն սիրո դրսևորման դեպքում գերիշխում են մանկական սիրո փուլերը: Այն մեծահասակները, որ ոչ հասուն սիրով են սիրում, խնդիրներ են ունենում, որովհետև մեծ տարիքում այդ սերը համապատասխան ռեկցիայի չի արժանանում»,-ասաց Մանե Հակոբյանը:

Հոգեբանը պարզաբանում է, որ կան մարդիկ, որոնք կարծում են, թե սիրող մարդն այն անձն է, որ գտել է մի օբյեկտ և ուզում է ունենալ այդ օբյեկտին: Իրական սիրող մարդն այդպիսին չէ, նա սիրում է միշտ, ամեն ինչ, բոլորին, սիրում է ոչ միայն այն, ինչ ուզում է ունենալ, այլ նաև այն, ինչն իրենը չէ, նա սիրում է: Սիրող մարդը տեսակ է, նա այդպիսին է:

«Կա նաև սիրահարվածություն, հոգեվիճակ, երբ աշխարհը թվում է ոտքերիդ տակ, ոգևորություն ես ապրում, հատկապես, երբ այն փոխադարձ է: Սիրող մարդը նախ սիրում է կյանքը, առավոտը, սրճելու ընթացքը, ընկերներին, իր դժվարություններն ու դրանց հաղթհարումը: Շատ դժվար է նման արդյունքի հանել, հիմնականում մնում են դժգոհության փուլում ու այդպես ապրում ամբողջ կյանքը: Քչերն են հասնում հոգեկան խաղաղության և ներդաշնակության և գոհ լինում իերնց կյանքից: Մարդկանց թվում է, որ եթե այդ օբյեկտը լինի իրենց կողքին՝ իրենք երջանիկ կլինեն, բայց իրականում մարդու սերն ու երջանկությունն իր մեջ է, և ինքը կարող է երջանկացնել ուրիշին»,- ասաց Մանե Հակոբյանը:


Սերն ու սիրահարվածությունը տարբեր են: Սիրահարված հոգեվիճակում մեր ես-ի սահմանները, աշխարհի սուբյեկտիվ ընկալման  սահմաններն ընդլայնվում են: Թվում է, թե մեզ համար ոչ մի անհնարին բան չկա, ամեն ինչի կարող ենք հասնել: Իսկ սերն ավելի հանգիստ, լուսավոր, ռիթմիկ, ներդաշնակ զգացողություն է: Սիրահարվածությունն այդ ռիթմի գագաթներից է: Ախտաբանական դեպքերում մարդ մնում է այդ գագաթնակետին:

Սիրո տարիքային առանձնահատկությունների մասին էլ հոգեբանն ասաց, որ առաջին անգամ մարդ արտահայտում է իր սերը երեք ամսականում՝ ժպիտի միջոցով: Այսինքն՝ նա ընդունել է մեր հուզական ներդումն ու հիմա պատասխանում է: Այդ պահից սկսած՝ երեխայի հուզական ոլորտը սկսում է զարգանալ: Սկզբում մայրն ու երեխան են այդ հուզական դաշտում, հետո նաև հայրն է միանում և ստեղծվում է հուզական հարաբերությունների եռանկյուն: Հետո աստիճանաբար երեխան դուրս  է գալիս սցիալական միջավայր: Արդեն ունենում է ընկերներ: Իսկ սեռահասունացման տարիքը մարդու սիրային կյանքի բեկումնային շրջանն է: Մինչ այդ պատանու սիրային կյանքում տեղ են գրավում ընտանիքի անդամներն ու հարազատները, եթե նա սիրում է իր դասընկերուհուն, ապա զուտ այն պատճառով, որ նման է իր մայրիկին կամ նրա անունն է կրում: Իսկ ահա դեռահասության շրջանում նա պետք է ազատվի ծնողների հետ կապվածությունից և սկսի սիրել օտարներին: Սա հասուն սիրո սկիզբն է, կնոջ և տղամարդու միջև փոխհարաբերությունների սկիզբը: Ամուսնանալուց հետո ի հայտ է գալիս մի նոր սեր՝ ծնողական սերը, որին զուգահեռ կա նաև ամուսնու սերը: Սիրելու ունակությունը մեր ծնողներն են տալիս, մի քիչ էլ քույր-եղբայրները, դրա համար էլ տան փոքրերը սիրառատ են լինում, որովհետև ծնողներից բացի ավագ քույր-եղբայրներն էլ են սիրում նրանց:


«Սերը չի փոխվում, սիրո օբյեկտն է փոխվում, մեկի նկատմամբ դառնում ենք անտարբեր և սիրում ենք մյուսին: Ինչքան մարդ մեծանում է, այնքան հուզական կապվածությունը դառնում է խորն ու տևական: Իսկ համակրանքի հիմքում ընկած է որոշակի նախասիրություն, որը ձևավորվում է մանկուց: Մարդիկ չգիտես ինչու համակրում են մեկին և հակակրում մյուսին»,-նշեց հոգեբան Մանե Հակոբյանը:

 

Նույն շարքից