Հարցազրույց 

Ապագա նկարիչը դասարանի բոլոր չարաճճիությունների պատասխանատուն էր

analitik.am

Պրոֆեսոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան



Մանկության տարիների իրենց բակը շատ է փոխվել: Բակի ու ընկերների հետ կապված այնքան հիշողություններ ունի Արամ Իսաբեկյանը, որ ինչ-որ բաներ առանձնացնել չկարողացավ: Շենքում արվեստագետներ, մտավորականներ էին ապրում: Այդպես էր նախատեսված: Երեխաներն էլ մեծանում էին ինտելիգենցիայի ու ջերմության մթնոլորտում:

 

 

- Շատ լավ բակ էր, շատ լավ մթնոլորտ էր: Պատմելով չի լինի, չեք պատկերացնի, այս  սերունդը չի պատկերացնի, թե ինչ ջերմություն կար, թե մարդիկ ինպես էին վերաբերվում մեկը մյուսին:

 

 

Ամենաշատը խաղալ էին սիրում: Դասարանցիներով էլ դասերից հետո գալիս իրենց բակում էին հավաքվում` խաղալու: Այնտեղ ամեն ինչ կար: Ամենադժբախտ պահն այն էր, որ մեծերը տուն էին կանչում:

 

 

-Սիրահարվում էինք այդ բակում, լողում էինք լողավազանում, խաղեր էինք խաղում, մաքրում էինք, օրինակ, պինգպոնգի սեղանը մենք ենք սարքել երեխաներով, հետո, որ մեծերը տեսան այդքան սիրում ենք, գումար հավաքեցին, պինգպոնգի սեղան գնեցին, որ երեխաները խաղան, իրանք էլ էին խաղում: Հետո էնպես ստացվեց, որ մենք մեծերից լավ էինք խաղում արդեն:

 

 

12 տարեկանում մորը կորցնելուց հետո մի քիչ դժվար է եղել սովորելը, բայց շատ է կարդացել, շատ աշխույժ ու ճարպիկ է եղել: Դրա համար էլ դասարանում ինչ կատարվեր` իրեն էին մեղադրում:

 

 

-Հիմնականում ես չէի անում այդ բաները, միշտ հենց ուսուցիչը մտնում էր, ասում էր` Արամ Իսաբեկյան վեր կաց, դասարանից դուրս արի, որովհետեւ դու ես արել: Արդեն ես չէի ասում` ես չեմ արել: Նա համոզված էր, որ բոլոր անկարգությունները, որ կազմակերպել են, դա իմ ձեռքի գործն է:

 

 

Առաջին սերը չի հիշում, բայց որ տարին 4-5 անգամ սիրահարվում էր` հստակ գիտի Արամ Իսաբեկյանը: Արամ Իսաբեկյանը վստահ է, որ ամեն մարդ էր կուզեր մանկությունը վերադարձնել, որ մանկությունն ամենամաքուր ժամանակն է ամեն երեխայի համար: Լավ է անցել նրա մանկությունը: Այդ տարիներից ոչ մի վատ բան չի մնացել հիշողության մեջ: 


Նույն շարքից