Հարցազրույց 

Երբ մենք ինչ-որ բան ենք արգելում երեխային, ապա դրա փոխարեն պետք է ինչ-որ բան առաջարկենք

analitik.am

Այն որ ծեծը խիստ վնասակար է երեխայի հոգեկան առողջության ու զարգացման համար, խեղում է նրա անձը՝ անհերքելի է: Վատ վարքը, որ դրսևորում է երեխան՝ ծեծի ուղղակի հետեւանքն է: Շատերը ծեծում են երեխային, որ դաստիարակեն, որ նա լինի լսող, հնազանդ, բայց ստանում ենք հակառակ ազդեցությունը: Ինչո՞ւ է այդպես:

 

«Ծեծը կիրառում ենք որպես պատիժ, որպես միջոց, որ երեխան չանի այն, ինչ չի կարելի: Հոգեբանական տեսակետից ծեծը երեխայի ոչ ցանկալի վարքին ի պատասխան տրվող ֆիզիկական ցավագին ազդեցություն է, որը ծնում է նրա մոտ տհաճ, բացասական ապրումներ և հույզեր: Ենթադրվում է, որ հետագայում երեխան հիշելով այդ ցավային զգացողությունները` այլեւս չի անի այդ արարքը»,- մեկնաբանում է ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դասախոս Մանե Հակոբյանը:

 

 

Նրա խոսքով՝ առավել հաճախ ծեծն իրականացվում է երեխայի համար նշանակալի, սիրելի, կարևոր անձանց կողմից, ինչն ավելի է խորացնում ուղեկցող բացասական, տհաճ ապրումները, գումարելով դրան նաև ամոթի և մեղքի զգացումները: Երեխան ստիպված է բացասական զգացմունքներ տածել մի մարդու նկատմամբ, ով իր համար ամենաթանկն է աշխարհում և ով իրեն ծեծում է, նա ապրում է նաեւ այդ մարդու սերը կորցնելու վախ, ֆիզիկական բռնությունն ուղեկցող տագնապ և այլն: Այն, որ երեխային պետք է որոշակի բաներ արգելել, միանշանակ է, դա մարդու մարդկայնացման հիմքն է: Երեխան պետք է մանկուց սովորի, որ հասարակությունն ունի իր օրենքները, նորմերը, որոնք հենց դաստիարակության միջոցով ենք ներմուծում նրա մեջ: Ինչպե՞ս արգելել որոշ բաներ` չվնասելով երեխայի հոգեկանը: Նախ պետք է հիշել, որ կան պատժի այլ եղանակներ եւս` զրկել երեխային հաճելի ժամանցից, ուղղակի չխրախուսել նրա տվյալ վարքը, անտարբեր մնալ, բայց չծեծել` բռնություն չգործադրել:

 

«Երեխային ինչ- որ բան արգելելու պարագայում, ամենակարեւորը թերևս այն է, որ երբ մենք ինչ-որ բան արգելում ենք երեխային, ապա դրա փոխարեն պետք է ինչ-որ բան առաջարկենք, նվազագույնը գոնե բացատրություն տանք, թե ինչու չի կարելի անել այս կամ այն բանը: Երբ երեխան որևէ վարք է դրսևորում, այն դրդվում է ինչ-որ պահանջմունքով, ցանկությամբ, որը հուզական, էներգետիկ լիցք է կրում: Երբ մենք արգելում ենք երեխայի տվյալ ակտիվությունը, ապա այդ հուզական էներգետիկ լիցքը, որ ծնվել է երեխայի մեջ, պարպման հնարավորություն չի ստանում կամ սկսում է պարպվել այլասերված ձևով` երեխան ծեծում է ուրիշին կամ պատահաբար վնասում իրեն: Սա է պատճառը, որ շատ կարևոր է սովորեցնել երեխային սեփական ցանկությունները, պահանջմունքները մարդկային ընդունելի եղանակներով իրականացնել, ասինքն` առաջարկենք այլընտրանք արգելվածին»,- կարծում է հոգեբանը:

 

 

Եթե ծեծը շարունակի մնալ երեխայի վարքը կարգավորելու մշտական կանոնավոր եղանակ, ապա երեխան կարող է հիվանդանալ: Նա կամ կդադարի ընդհանրապես ցանկություններ ունենալ, լրիվ կարգելակվի, եւ մենք կունենանք դեպրեսիվ երեխա, որը շատ հաճախ արտաքինից հնազանդ, խելոք, լսող մարդու տպավորություն է թողնում, պատրաստ է մեծերի ցանկությունները կատարել, միաժամանակ չի ցուցաբերում ոչ մի նախաձեռնողականություն, իր կամքով ոչինչ չի անում, նրան պետք է դրդել այս անել, այն անել, լրիվ արգելակված է կամ էլ որոշ ժամանակ անց երեխան ընդհանրապես կդադարի ենթարկվել մեծահասակին եւ կանի այն, ինչ ինքն է ուզում:

 

Այս իրավիճակը վտանգավոր է այն իմաստով, որ մենք գործ ենք ունենում մի մարդու հետ, որը ոչ մի նորմ չի պահպանում, ոչ մի նորմի չի ենթարկվում ու չի ընդունում: Այս տեսակետից շատ կարևոր է, որ երբ երեխային ինչ-որ բան արգելում ենք, ապա պետք է տանք այլընտրանք, սեփական ցանկությունները մարդկային, ընդունված եղանակներով բավարարելու վարքի ձևեր և եղանակներ: Այս կերպ մենք երեխայի մեջ զարգացնում ենք նաև ստեղծագործականություն: Եթե նա չի կարող իր ցանկությունները բավարարել այս կերպ, ապա նա կարող է դրանք բավարարել այլ կերպ, ինչ-որ գործունեության մեջ: Հոգեբանները կարծում են, որ շատ կարևոր է, որ ծնողը կամ երեխային դաստիարակող անձը մշտապես երկխոսության մեջ լինի երեխայի հետ:

 

 

Զանի Հարոյան

Նույն շարքից