Հարցազրույց 

Բոլորն էլ ինչ-որ մասնագիտություն են խաղում, նրա մասնագիտությունը հենց խաղն է

analitik.am

Ուշադրության կենտրոնում լինելու` բոլոր մարդկանց հատուկ ցանկությունը, դպրոցական որոշ առարկաների նկատմամբ հակակրանքը, թե ճակատագիրը նրան մի օր տարան թատերական աշխարհ: Իսկ մինչ այդ Արթուր Սահակյանը պիտի ապրեր կրակոտ ու կյանքով լեցուն մանկություն: Ընկերներով ամեն տեսակ չարաճճիություններ արել են` իհարկե, ոչ մի չար միտում չունենալով: 

 

 

-Պատուհան ենք կոտրել, ապակի ենք կոտրել,  ցուցափեղկ ենք կոտրել՝ չցանկանալով: Ամեն առավոտ, մանկապարտեզի ապակիներ էին փոխում ինչ-որ տարբեր հատվածներում:

 

 

Մի օր փոքրիկ Արթուրն առավոտ շուտ արթնանում տեսնում է, որ տանն անսովոր մթնոլորտ է: Ինչ-որ բան է կատարվում, խառնաշփոթ է: Իրեն ստիպում են արագ լվացվել, մանկապարտեզ գնալ, սեղան են գցում, ու ինչ-որ պիջակներով մարդիկ են գալիս:

 

 

-ինչ-որ հոտ է ընկել տանը, այդպիսի հոտ մեր տանը չի եղել: Սեղաններին բողկ է դրվում, կանաչի , թթու: Գազօջախին էլ ինչ-որ բան է բլդբլթում, բայց սպաս չի, բորշչ չի, ինչ-որ բան է բլդբլթում: Ինձ շատ է հետաքրքրում ինչ է տեղի ունենում: Տղամարդիկ շատ լուրջ էին:

 

 

Արթուր Սահակյանը գնում է մանկապարտեզ, իսկ նրա հետաքրքրությունը  բազմապատկվում է: Ի վերջո ի±նչ էր կատարվում իրենց տանը: Մանկապարտեզում նեղանալու առիթ է գտնում, որ տուն գա: Իրենց առաջին հարկում էր մանկապարտեզը: Արդեն մի երկու ժամ անցած է լինում:

 

 

- Եկա տեսա տղամարդկանց քեֆը լավ է, նարդի են խաղում, հետո ինձ բացատրեցին, որ դա խաշ է:

 

 

Դպրոցում դասերից փախչելն իսկական հերոսություն ու հաճույք էր: Երկրորդ հարկի իրենց դասարանից պայուսակները ներքեւ էին նետում, հետո իբր բան չի եղել, դուրս էին գալիս ու մի մարդու պես ամբողջ դասարանով փախչում, գերազանցիկներն էին մի քիչ դժվարությամբ համոզվում, հետո միասին ինչ-որ տեղ էին գնում: Վերջում էլ պատժվում էին:

 

 

- Ծնող էին կանչում, ականջ էին քաշում, պոկում, հա ու հետո ծնողդ էր վրադ խոսում, թուքումուր էին տալիս: Բայց դե դպրոցական էինք, առանց դրա չէր լինի:

 

 

Երկու երեխա էին ընտանիքում` ինքը վեց տարի մեծ էր եղբորից:  Արթուր Սահակյանը, որպես ավագ, իր պարտքն էր համարում  եղբորն ամեն ինչ սովորեցնել, իրեն թվում էր, թե այդ տարիքում շատ բան ունի սովորեցնելու, ախր ինքը մեծ էր: Նրան զայրացնում էր միայն այն, որ ծնողները եղբորն` իբրեւ փոքրի, ամեն ինչ ներում էին:

 

 

- Ջղայնանում էի անարդարությունից:  Ամեն դեպքում դա վիրավորական էր: Ի±նչն է երեխա: Դարձավ 18 տարեկան՝ էլի երեխա, 24 տարեկան՝ էլի երեխա, 50 տարեկան՝ երեխա:

 

 

Առաջին սեր չի համարում այդ մանկականը: Երբ որ ճանաչել է իսկական զգացմունքը՝ հասկացել է, որ դրանք ընդամենը հրապուրանք են եղել: Դպրոցում է ունեցել հրապուրանք, ամառանոցում է մեկին հավանել, բայց դա սեր չի եղել: Իսկ առաջին, բնազդայինը մանկապարտեզում է ապրել:

 

 

- Ախր ես մտածում եմ, որ դրանից առաջ էլ է ինչ-որ բան եղել: Մանկապարտեզում մի աղջիկ կար, որ հիշում եմ: Մանկապարտեզ երեք օր եմ գնացել իմ կյանքում, բայց էդ աղջկա ձեռքից բռնած տանում նստացնում էի, հետո տանում խաղացնում էի:

 

 

Մասնագիտության նախահիմքերն ինչ-որ տեղ կային մանկության տարիներին: Ամեն ինչ ստացվեց ինքնաբերաբար, անհասկանալի պատահականությամբ: Բոլորն էլ ինչ-որ բան, ինչ-որ մասնագիտություն են խաղում, Արթուր Սահակյանը եւս խաղում է, բայց նա գիտի, որ իր մասնագիտությունը հենց խաղն է:

 

 

Զանի Հարոյան

Նույն շարքից