Հարցազրույց 

Տարիներ անց նա պարզեց, որ մանկության լուսանկար չունի, թեև եղբայրները հարյուրավորնեն ունեն

analitik.am

Բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյան

Սեւանում ծնվեց, բայց Երեւանում անցավ Դավիթ Հակոբյանի մանկությունը: Նրանց ընտանիքն էլ աքսորի հետեւանքները կրողներից էր: Պապին մի կերպ թույլ տվեցին Սեւանում գրանցում ունենալ աքսորից հետո: Հետագայում միայն կարողացավ հող ձեռք բերել եւ տեղափոխվել Չարբախ: Մանկությունն ուրախ է մնացել հիշողության մեջ, թեեւ ուրախ տարիներ չեն եղել դրանք: Չորս եղբայր էին, ինքը ամենակրտսերն էր:

-Ասում են չէ՞, տան փոքրն է ամենալկստվածը, ճիշտ է ինձ շատ փայփայել են, խնայել են, բայց հենց կարողացա ինքնություն ոտքի կանգնել, արդեն ամեն ինչ ինձ էր հանձնարարվում: Ես էլ նեղվում էի, կռվում էի, բայց դե ինչ արած փոքրն էի:

Մինչեւ դպրոց գնալը հայերեն ու ռուսերեն կարդալ գրել գիտեր, եղբայրներն ամեն ինչ սովորեցրել էին, շատ էր ուզում դպրոց գնալ: Բայց այն ժամանակ դպրոց ընդունում էին միայն յոթ տարին լրացած երեխաներին, իսկ Դավիթ Հակոբյանի յոթ տարին լրանում էր սեպտեմբերի 13-ին: Տունն էլ դպրոցի մոտ էր:

-Սիրտս կանգնում էր նախանձից, բոլորը պետք է գնան դպրոց իմ աչքի առջեւով: Էսպես տրաքում եմ նախանձից: Մեկ էլ հայրս եկավ տուն, ասաց, որ թույլ տվեցին, վաղը գնում եմ դպրոց: Բայց ես ոչ պայուսակ ունեմ, ոչ կարգին գրքեր, ոչ գրիչներ, ոչ թանաքաման:

Սեպտեմբերի մեկին մի երկու տետր ու մի գիրք թեւի տակ դրած նրան դպրոց տարան: Այդ օրը չափազանց կաշկանդված էր ու մի բան էր միայն հուզում նրան` ինչ կմտածեն իր մասին: Ոտքից գլուխ կարմրեց, երբ շարք կանգնեցրին, ու մի աղջիկ ձեռքը բռնեց: Հետո եկավ առաջին ուսուցչուհին ու դասարան տարավ:

-Զանգը տվեցին, ես վեր կացա եկա տուն, որովհետեւ տատս ասել էր` դպրոցը գիտես ինչ բան է բալա ջան, հենց որ զանգը կուտան, վեր կաց արի տուն: Զանգը տվեց, վեր կացա գնում եմ տուն, դպրոցի բակում մեծ եղբայրս հոլ էր խաղում տղաների հետ, զայրացավ՝ առաջին օրով դասից փախնո՞ւմ ես:

Չորրորդ թե հինգերորդ դասարանում մեծ եղբայրը որոշեց, որ փոքրիկ Դավիթը դերասանական հակումներ ունի, ձեռքից բռնեց ու տարավ գեղարվեստի դպրոց: Ազատ ժամանակն այնքան քչացավ, որ խաղերի ժամանակ չմնաց, մեծերի հետ էր հիմնականում ընկերություն անում: Եղբայրներն էլ հզոր պաշտպաններ էին:

-Էնպես էի դպրոցի բակում քայլում, կարծես ես եմ էդ ամեն ինչի տերը: Եղբայրներս թույլ չէին տալիս, որ որեւէ մեկը իմ խաթրին կպնի:

Կանցնեն տարիներ ու մի օր ապագա դերասանն իր համար կպարզի, որ ինքը մանկության տարիների լուսանկարներ չունի, թեեւ եղբայրները հարյուրներով ունեն տարբեր տեղերում ու դիրքերում, տանն էլ լուսանկարչական ապարատ ունեին:

-Մամա ջան, - ասում եմ,- ես ինչու մանկության ֆոտո չունեմ, բոլորն ունեն, ես ինչո՞ւ չունեմ, ես որտե՞ղ եմ եղել: Ասաց` ինչի՞ չունես, ունես, բերեց մի ֆոտո դրեց դիմացս, բերեց մի նկար, Սեւանում ենք, մեր թաղամասում, բակի բոլոր երեխաներով, եղբայրներս, ասում եմ՝ ո՞րն եմ ես, ես չկամ: Ասում է՝ այ, էս մեջտեղի տղան դու ես, մեջտեղում կանգնած է մի տղա, կարճ շալվարով, կարճ թեւ շապիկով եւ գլխին կեպի՝ դեմքը փակ: Բա ես հիմա ի՞նչ իմանամ, որ ես եմ, ասում է` ես քեզ ասում եմ, որ դու ես:

Մի անգամ որոշեցին դասից փախչել գնալ Ծիծեռնակաբերդ, դպրոցներից թույլ չէին տալիս գնալ, թեեւ իրենք այդ տարիքում չէին էլ հասկանում, թե ուր են գնում: Ակտիվ կազմակերպչներից էր: Առաջին հարկի պատուհանից բոլորին դուրս էին հրում:

-էդպես հրեցինք աղջիկներից մեկին, որ լիքոտ էր, շատ անզգույշ ընկավ, ոտքը վնասեց, ծնողները եկան կռիվ- ղալմաղալ, մի 10-12 օր միրգ ու բան էինք առնում, գնում էինք դրանց տուն սիրտը շահելու:

Կնոջ նկատմամբ առաջին անգամ յուրահատուկ զգացողություն ունեցել է իր առաջին ուսուցչուհու նկատմամբ, թեեւ դա ուրիշ տեսակ սեր է համարում: Նրան տեսնելիս ամեն անգամ սիրտը թպրտում էր: Ինչքան մեծացել է, սիրտը սկսել է այդ տարիքի իմաստությամբ բաբախել:

-Մանկապարտեզ չեմ գնացել, բնականաբար այնտեղ չէի կարող ունենալ առաջին սեր: Երրորդ թե չորրորդ դասարանում կար մի աղջիկ, որին համակրում էի, բայց համարձակությունս չհերիքեց նրան որեւէ բա ասել:

Երկրորդ հրապուրանքն ութ- իններորդ դասարանում եղավ, այս դեպքում համարձակությունը բավարարեց: Հետո արդեն ինստիտուտ ընդունվելիս շատ լուրջ ու իսկական սիրահարվեց:
-Շատ լուրջ, ախորժակը կորցնելու աստիճան, գլխացավանքի աստիճան, ճնշում բարձրանալու աստիճան, շատ սիրահարեցի, բայց նրա հետ էլ ոչինչ չստացվեց:

Արվեստագետը տարիների իր կուտակած փորձն ու վաստակը, իր ապրածն ու զգացածը վերցնում է հիշողությունից ու փոխանցում սերունդներին…

Զանի Հարոյան

Նույն շարքից