Հարցազրույց 

Արարչածին հայորդիները

analitik.am

Հեթանոսությունը բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել։ Հաճախ նրանում կարելի է նկատել բնապաշտականությանը հատուկ գծեր, իսկ մի քանի այլ դեպքերում այն զարգանում է` հասնելով մինչև հայտնությամբ տրված լինելուն, որն ակնհայտ երևում է հատկապես զրադաշտականության մեջ։ Լինելով ամենանախնական կրոնական ուղղությունը՝  այն ընդունում է, որ իրեն հաջորդող կրոնները՝ Քրիստոնեությունը և այլն, կեղծ կրոններ են։


Հեթանոսների մոտ նշվում է իրենց ուսմունքի սխալ մեկնաբանման տարածվածությունը, շատ հաճախ դա վերաբերում է Քրիստոսի աստվածային բնույթին և այլն: Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են աստվածների հիմական բնորոշիչները։


Հեթանոս հայեր կան նաև այսօր, հազարավոր տարիներ անց, նրանք պահպանել են հեթանոսական ավանդույթներն ու սովորություները: Քուրմ Գեղամն այն մարդկանցից է, ով, հավատալով աստվածներին, ազգապահպանության ուղին տեսնում է հեթանոսության ու հեթանոս աստվածների մեջ:


Զրուցելով քուրմ Գեղամի հետ` փորձեցինք պարզել, թե ինչպիսի՞ն են մեր կողքին ապրող արորդիները, ինչպիսի՞ն է նրանց առօրյան, ինչպիսի՞ն է նրանց աշխարահայացքը, ինչի՞ն են հավատում այս կյանքում:


 -Խնդրում եմ, մի փոքր պատմեք հեթանոսության մասին:


- Հեթանոսները փառաբանում են Արարիչ Արային, Հուր Վահագնին, Արամազդ Միհրին, Մայր Անահիտին և Աստղիկին: Մարդիկ, ովքեր փառաբանում են Հայի արյունը, Հայոց լեզուն և Հայրենի հողը,  ում կյանքի գերագույն նպատակը Հայրենիքին և Ազգին ծառայելն ու պաշտպանելն է: Հայտնի է, որ քրիստոնեությունը Հայաստանում հաստատվել է ոչ աստիճանաբար, ինչպես Լեոն է նշում՝ սրով և երկաթով: Ըստ էության ազգի առաջին ցեղասպանությունն այդ ժամանակ է եղել, քանի որ դավանափոխության ընթացքում մոտավորապես ազգի կեսը սպանվեց: Եկեղեցին մեր բուն աստվածներին կոչում է չաստվածներ, սակայն պետք է ասեմ, որ ամեն ոք ունի բնության իր ընկալումը, ի վերուստ տրված իր առաքելությունը երկրի վրա և իր բնավայրը: Բնականաբար մարդու այն տեսակը, որը Արարչի կողմից արարվել է  Արարատ աշխարհում,  բնության հետ փոխհարաբերվելու ընթացքում՝  բնական զորություններին ճանաչում է և նրանց կոչում յուրովի: Հարգել է պետք ամեն մի ազգի, ցեղի հավատամքը, սակայն պետք է լավ գիտակցել, որ կորցնելով քո սեփականը` կորցնում ես քո արմատն ու ինքնությունը:

 

-Այսինքն կարծում եք, որ հայերը քրիստոնեությունն ընդունելով՝ հեռացե՞լ են իրենց էությունից ու արմատներից:


-Մեր էութունը չի փոխվել, մենք էությամբ մնացել ենք արարող, տարբերությունը միայն գիտակցության մեջ է, ճիշտ գիտակացական ընկալումներ ունենալու դեպքում հասկանում ես, որ սրբագույն արժեքները քո հողն ու ջուրն են, հայրենիքդ, ազգդ ու արյունդ:

 

-Այժմ քանի՞ տաճար կա:


-Գառնու տաճարը համարվում է  մեր Մայր Տաճարը, հայորդիների գլխավոր մեհյանը, մնացած տաճարները հիմնականում ավերված են, թանգարանային վիճակում են գտնվում, սակայն մենք միշտ աշխատում ենք դրանց հեթանոսական շունչ հաղորդել: Քրմական դասը մեծ չէ, բայց կարծում եմ, որ կգա ժամանակ, և ամեն ինչ լավ կլինի:

 

-Երբ ձեր շարքեր նոր անդամներ են մտնում, ինչ-որ արարողակարգ անո՞ւմ եք:


-Իհա՛րկե: Կնունքի արարողություն ենք կատարում:

 

-Ինչպիսի՞ քրմական խորհրդանիշեր կան:


-Քուրմը կրում է երեք խորհրդանիշ. ծիսական թիկնոց, ձեռքին սուր, որը ուժի խորհրդանիշն է, և ուխտագիրքը՝ որպես մտքի և գիտության, իմաստության խորհրդանիշ:

 

Հետաքրքիր էր նաև նախկին քրիստոնյա և ներկայիս հեթանոս Անահիտ Սարգսյանի կարծիքը քրիստոնեության և հեթանոսության վերաբերյալ:

 -Տիկիʹն Անահիտ, ի՞նչն ստիպեց Ձեզ դառնալ հեթանոս:


-Ես քրիստոնյա էի, բայց իմ մեջ կար հակասություն: «Տրնդեզ» էինք նշում, կրակ էինք վառում՝ չհասկանալով, որ զորանում ենք և վերադառնում մեր արմատներին: 1990 թվականից Ուկրաինայի Խարկով քաղաքում զբաղվում էի հայապահպանությամբ և քրիստոնյա էի: Հիսուս Քրիստոսին փառաբանելով՝ ես հեռացել էի ճշմարիտ աստվածներից: Այժմ ես հեթանոս եմ և հավատում եմ իմ աստվածներին, քանի որ Աստղիկը ինձ սեր է տալիս: Մեր հայրենակիցներն էլ այսօր, մեր Աստղիկ աստվածուհուն մոռանալով, օտարության մեջ սեր են փնտրում, սակայն ինչպե՞ս պետք է գտնենք, եթե այդ սերը հայրենիքում է:

 

-Սփյուռքում պահպանվե՞լ են հեթանոսական ավանդույթները:


-Իհարկե ոչ, եթե դրանք հայրենիքում չեն պահպանվել, նշանակում է՝ չեն պահպանվել նաև հայրենիքից դուրս: Աստված նշանակում է խորհուրդ կրող, և քանի որ մենք հեռացել ենք խորհուրդ կրողների էությունից, այդ պատճառով էլ այսօր մեր ազգն այս վիճակում է գտնվում, մենք մեզ ենք կորցրել, ահա թե ինչու ենք հայտնվել սփյուռքում, օտարության մեջ: Մենք պետք է մոտենանք մեր արմատներին, հեթանոսությանը, որպեսզի այս քաոսից դուրս գալ կարողանանք, կարողանանք ստեղծված թնջուկը բացել: Մենք ենք մեր երկրի ապագան, խորհուրդ կրողները:

 

 

Թե ինչպե՞ս է հեթանոսությունն ընդունվում Հայ Առաքելական Ս. եկեղեցու կողմից, փորձեցինք պարզել Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդական կառույցի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանից: Ըստ նրա՝ հեթանոսությունը կրոնափիլիսոփայական ուղղվածություն է, որն ունի պանթեիստական բնույթ։ Ըստ էության այն հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։


 -Արդյոք հեթանոսությունը կարելի՞ է համարել կրոնական կազմակերպություն:


- Հեթանոսությունը քրիստոնեության տարածման ընթացքում հաճախ սխալմամբ մեկնաբանվել է որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չի ընդունում Քրիստոսի աստվածային բնույթը։  Հեթանոսությունից էլ են ժամանակին բաժանված կրոնական կազմակերպություններ եղել, սակայն պետք է ասեմ, որ ամենաանմեղն այսօր   հեթանոսությունն է Հայաստանում:  Այն երբեք դուրս չի եկել Հայ Առաքելական Ս. եկեղեցու դեմ, ես այսքան ժամանակ չեմ տեսել մի հեթանոս, որ առաքելական եկեղեցուն քննադատի կամ էլ փորձի քայքայել այն: Չնայած կարող են քննադատել` ասելով, որ քրիստոնեությունն եկավ, տաճարներն ավերեց և այլն: Գոնե հիմա մենք հասել ենք այն մակարդակին, որ չենք քանդում, չենք ոչնչացնում հեթանոսական տաճարները: Մայր տաճարի հետևյալ շերտերը գոյություն ունեն՝ ուրարտական, հելլենիստական, կրակապաշտություն և քրիստոնեություն:

 

Չենք կարող հերքել, որ մեր բոլորի արյան մեջ հեթանոսությունը նստած է, և թող ոչ ոք չուրանա՝ մեր քրիստոնեական արմատներով գնում-հասնում ենք հեթանոսություն: Սակայն մենք տարբերվում ենք հեթանոսներից` գիտակցելով, որ  մեր փրկությունը Հիսուս Քրիստոսի մեջ է, և նա է մեր միակ Աստվածն ու զորությունը:


Սկզբնաղբյուրը՝  http://armhels.com/activity/ararchatsin-hayordinery/

Նույն շարքից