Հարցազրույց 

Մանրամասներ «Ելք չկա» քրեական դրամայի մասին. հարցազրույց գլխավոր դերակատար Կամո Ունանյանի հետ

analitik.am

 Փետրվար ամսից մեծ էկրան բարձրացավ հայկական արտադրության «Ելք չկա» քրեական դրաման, որը շուտով կներկայացվի Կանի կինոփառատոնում: Ֆիլմի վերաբերյալ բացասական կարծիքների, Կանիում ներկայացվելու և հետագա սպասումների մասին www.analitik.am-ը զրուցեց ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Կամո Ունանյանի հետ:

 

 

 -Մենք տեղյակ ենք, որ Դուք կարատե մարզաձևով եք զբաղվել, մարզիկ եք, իսկ հետաքրքիր է իմանալ՝  ինչո՞ւ ոչոշեցիք  ֆիլմ  նկարահանել և մտնել ֆիլմարտադրության ոլորտ:


-Մարդիկ բացի իրենց մասնագիտությունից միշտ էլ այլ նպատակներ ու հետաքրքրություններ են ունենում: Ես մեծ սեր ու հետաքրքրվածություն ունեմ ֆիլմերի նկատմամբ, ինչն էլ  պատճառ հանդիսացավ, որ որոշեցի նկարել ֆիլմ՝ ստեղծել մի նոր բան:

 

-Ֆիլմի սցենարի հիմքում  իրական պատմություն է, թե՞ հորինված:


 -Ֆիլմի պատմության միտքը իմն է եղել, մտահաղացման հեղինակը ես եմ, իսկ սցենարը Հարություն Ղուկասյանն է գրել, ով ըստ ինձ, լավագույն սցենարիստներից է, ինչը միայն խոսքեր չեն ,նա իր գործով է ապացուցել: Ես և Հարությունը 4 ամիս աշխատել ենք սցենարի վրա, որ ամեն ինչ լինի բնական, լինի կյանքին մոտ, անհավանական իրավիճակներ չլինեն: Ֆիլմում չկա այնպիսի մի բան, ինչը կյանքում հնարավոր չլինի անել:  Իսկ այն, որ  ասում են, թե մի մարդ ոտքը վնասված չի կարող 20 հոգու ծեծել, ապա ասեմ, որ նման բան կարող է լինել իրականում: Կոնկրետ անձի կյանքի պատմություն չէ, բայց կան մարդիկ ում կյանքում նման իրավիճակներ եղել են:

 

-Ֆիլմում կան շատ արյունոտ տեսարաններ, թմրամիջոցներ, զենք, ինչը կարող է վատ ազդել երեխաների վրա: Ի՞նչ կասեք այս մասին:



 -Եթե ֆիլմում նման տեսարաններ կան, ապա ֆիլմը նախատեսված  է 16 տարեկանից բարձրերի համար: Բայց եթե անգամ տեսնեն ավելի փոքրերը, իհարկե ոչ 6 կամ 7 տարեկանները, այլ ավելի մեծերը, որոնք արդեն կյանքից սկսում են մի բան հասկանալ, ապա նրանց համար ուսուցողական է  այս ֆիլմը: Ֆիլմը նայելով՝  նրանք կհասկանան, որ չի կարելի նման ճանապարհ ընտրել, քանի որ դա տանում  է կործանման: Մենք զենքի կամ թմրանյութի քարոզ չենք անում, այլ հենց հակառակը՝ ցույց ենք տալիս այդ ամենի վատ հետևանքը: Ֆիլմի գլխավոր նպատակն է մարդկանց հետ պահել սխալ մտածելակերպից ու ապրելաձևից:

 

 

 - Ֆիլմը  մեծ էկրանից  դիտելուց հետո  ինքներդ նկատեցի՞ք  որևէ թերություն, որը մինչ այդ չէիք նկատել:



  -Մինչև պրեմիերայի օրը ես, ռեժիսորը և մոնտաժի մասնագետը մոտ տաս անգամ դիտել ենք ֆիլմը: Փորձել ենք բոլոր թերություններն ու կիկսերը շտկել, բայց բնական է, որ հնարավոր է ինչ-որ  թերություններ լինեն: Բացի այդ մի այսպիսի բան ասեմ՝  կան մասնագետներ, որոնք բացի տեխնիկանական մասից, այս կամ այն դերասանի խաղն են համարում թերի կամ թերություն, բայց  հենց այդ նույն դերասանի խաղը մեկ այլ մասնագետ համարում է ճիշտ ու լավ, այսինքն կարծիքները տարբեր են:

 

 

-Լավ ո՞րն է այս ֆիլմի առավելությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած ֆիլմերից:



   -  Առավելություն է այն, որ քրեական դրամա է, այլ ոչ օրինակ կատակերգություն, քանի որ եթե մի ֆիլմում կա վերոնշյալ 2 ժանրը, ապա լուրջ աշխատանք է տարված: Այնպես է արված, որ միայն ջարդել և փշրելու տարբերակ չլինի, այլ լինի դրամա, կադրեր, որոնք մարդկանց կստիպեն ազդվել և հուզվել: Ես շատ ուրախ եմ, որ ոչ միայն հասարակ հանդիսատեսի, այլ նաև այստեղի և դրսի մասնագետների կողմից լսել եմ լավ կարծիքներ ֆիլմի վերաբերյալ:

 

 

  -Մենք  մի քանի քննադատություններ ենք լսել դերասանական կազմի ու խաղի հետ կապված: Ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչ սկզբունքով են ընտրվել դերասանները:



  -Քասթինգ է արվել: Բարեկամածանոթային հարաբերություններով դեր ստանալու տարբերակներ  չեն եղել: Բոլոր դերասանները պրոֆեսինալներ են: Գլխավոր հերոսուհին է եղել սկսնակ, և երկրորդական պլանի դերասանուհին էր համեմատաբար սկսնակ, բայց նա սերիալներում խաղացել էր: Ինչ վերաբերվում է քննադատություններին, ապա հավատացեք, որ ոչ միշտ է քննադատությունը հիմնավորված: Միայն փնովելով չէ: Ես հիմնավորված քննադատությունները սիրով ընդունում եմ: Մարդիկ ֆիլմի դիտումից հետո մոտեցել ու լավ խոսքեր են ասել, ինչը վկայում է, որ դերասանական կազմը սիրվեց հանդիսատեսի կողմից:

 

 

-Ինչպե՞ս եղավ, որ ֆիլմը ներկայացվեց Կանի կինոփառատոնին: Այս կինոփառատոնից սպասումներ կա՞ն, թե միայն ներկայացնելն արդեն ձեռքբերում է:





-Ազգային կինոկենտրոնի տնօրեն պարոն Գևորգ Գևորգյանն առաջարկեց՝ մենք համաձայնեցինք: Ներկայացնելը լավ է, բայց ձեռքբերում չէ: Ձեռքբերում կլինի այն, երբ ինչ-որ մի լուրջ կազմակերպություն Իտալիայից, Իսպանիայից կամ այլ տեղից կառաջարկի վերցնել ֆիլմը, ձայնադրում անել  և ցուցադրել իրենց կինոթատրոններում: Ինչպես արեց օրինակ « All media» կազմակերպությունը, որը Ռուսատանում ցուցադրեց մեր ֆիլմը:

 

-Հետագայում արդյո՞ք պլանավորում եք այլ ֆիլմերի նկարահանում:



-Այո կլինեն այլ ժանրի ֆիլմեր: Հաջորդ ֆիլմը հնարավոր է, որ լինի սիրո մասին, բայց էլի ոչ կատակերգություն:

 

 

-Կատակերգական ժանրը չե՞ք սիրում, իսկ միգուցե հասարակությանը հենց ավելի թեթև ֆիլմեր են հարկավոր:



-Կատակերգությունը հիմա ուղղակի շատ է, հասարակությանը դառը ճշմարտության մասին ֆիլմեր են նաև պետք: Անհրաժեշտ է, որ մարդիկ ֆիլմի մեջ տեսնեն իսկական պատմություն և վերապրեն հերոսի կյանքը:

 

 

Արմինե Բրսոյան

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից