Հարցազրույց 

«Երբեք չհրաժարվեք ձեր գաղափարներից». Ջեֆ Լոու

analitik.am

Հարցազրույց վավերագրական ֆիլմերի հեղինակ, Անգլիայի Նյուքասլի համալսարանի դասախոս Ջեֆ Լոուի (Geof Lowe) հետ

-Ինչո՞ւ ընտրեցիք վավերագրության ժանրը:

-Ես ժամանակին աշխատել եմ նաև գեղարվեստական ժանրի վրա: Կարծում եմ՝ և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական ժանրերն ունեն պատմությունը պատմելու նույնքան հավասար տարրեր: Դա կախված է թեմայից: Երբեմն վավերագրական ֆիլմը կարող է դառնալ գեղարվեստական, և՝ հակառակը:

-Ի՞նչ տարբերություններ կան իրականության և վավերագրական ֆիլմի միջև:

-Երբ ասում ես իրականություն, ես հասկանում եմ ֆոտոլրագրություն կամ ռեպորտաժ: Ինձ համար դա իրադարձության ձայնագրումն է առանց որևէ խմբագրական տեսակետի, որտեղ պատմությունն իր դիրքորոշումն ունի և այնքան զգացմունքներ կարող է առաջացնել ուղիղ ռեպորտաժով: Դա, իհարկե, նաև վտանգավոր է, որովհետև տեխնիկական տեսանկյունից դու կարող ես փչացնել թեման: Եվ այդ պարագայում այն կարող է դառնալ պրոպագանդիստական ֆիլմ, որտեղ, խեղաթյուրելով փաստերը, վերահսկում ես լսարանի ռեակցիան: Կարծում եմ, որ լավ ֆիլմն այն է, երբ լսարանն ինչ-որ բան կարող է սովորել, որի մասին մինչ այդ չգիտեր: Ես սիրում եմ այնպիսի պատմություններ, որոնք պոզիտիվ են և աշխարհն ավելի լավն են դարձնում:

-Ի՞նչն է ամենակարևորը Ձեզ համար փաստագրական ֆիլմ պատրաստելիս: Ինչպե՞ս հասնել հաջողության:

-Որպեսզի հաջողության հասնես, պետք է հստակ իմանաս, թե ինչ լսարան ունես, վերջինս այդ տեղեկատվությունն ուզո՞ւմ է ստանալ: Այնպես որ, քո պատմությունը պետք է հետաքրքրի քո լսարանին, ինչպես նաև դրական փոփոխություն մտցնի ստեղծված իրավիճակում:

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մուլտիմեդիան վավերագրական ֆիլմերի վրա:

-Մուլտիմեդիան նորաձև շրջադարձերից է: Երբ ինտերնետը առաջին անգամ  հասանելի դարձավ, մուլտիմեդիա նախագծերը կարող էին մեծ փոփոխություն առաջացնել, կարող էին փոխել փաստագրական ֆիլմերը, կարող էին ունենալ մեծ լսարաններ, սակայն ինտերնետը չկարողացավ տալ այն, ինչ ուզում էր մուլտիմեդիան: Դրա համար էլ ի հայտ եկան ինտերակտիվ CD-ները: Այսօր նույն բջջային հեռախոսների միջոցով արդեն հնարավորություն կա ինտերակտիվ կապ ստեղծել լսարանի հետ, որը կարող է մասնակից դառնալ պատմությանը: Տրանսմեդիայի նախագծերում փաստագրական թեմայի էությունը ավելի շատ ոչ թե տեղեկացնելն է մարդկանց, այլ նրանց գործողությունների մեջ ներգրավելը:

-Այսօր միտում կա, որ լսարանն ավելի շատ նախընտրում է կարճ պատմություններն ու լուսանկարները: Դա նկատելի է նաև Հայաստանում: Ինչպիսի՞ն է իրավիճակը Մեծ Բրիտանիայում:

-Բացարձակ ճշմարիտ է այն, որ աշխարհն ավելի շատ նախընտրում է հաղորդակցվել լուսանկարներով: Ամենուր  մարդիկ սկսել են հաղորդակցվել վիզուալ ձևով: Շեքսպիրն ասում էր, մի նկարն ավելի կարևոր է, քան հազար խոսքը: Թվանշային հեղափոխության ժամանակաշրջանում ավելի հեշտ է լուսանկարներ ստեղծել, և չիպով, բարձրորակ տեսախցիկներն ավելի քան հասանելի են: Ըստ իս՝ սա բնականոն գործընթաց է և որևէ խնդիր չեմ տեսնում վիզուալ հաղորդակցության զարգացման մեջ, բայց մենք նաև պետք է իմանանք, թե երբ կանգ առնենք:

 

Սկզբնաղբյուրը՝ hetq.am

Նույն շարքից