Հարցազրույց 

Հինգ քույր ու եղբոր կռվի պատճառը գիրքն է եղել

analitik.am

Գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադա


Հավի կչկչոցը մի օր նրան դրդեց այրել պապի տունը: Որոշել էր հավկիթը տեղում խորովել: Երեխա էր: Փախավ քեռու տուն, շանը բնից հանեց ու թաքնվեց նրա տեղում: Փոքրիկ Սամվելի անհետացումն իրարանցում առաջացրեց, հարազատները կրակի մեջ էին փնտրել տղային: Միայն երեկոյան վերադարձավ ու պապին խոստացավ մի օր տուն գնել, չհասցրեց, պապը շուտ մահացավ:


Սամվել Սևադայի մանկությունը համընկավ հետպատերազմյան դժվար տարիների հետ: Նախկին Լենինականում էին ապրում: Մի տեսակ մրցակցության պես կար այնտեղ, բոլորը պիտի իրենց երեխաներին արվեստի, արհեստի ու սպորտի խմբակներ  ուղարկեին: Չնայած դժվարություններին` մայրն ամեն ինչ անում էր, որ երեխան նկարեր: Մինչեւ նկարչական դպրոց գնալը քեռուց է նկարել սովորել:


Հարազատ ծննդավայրից Արփաչայն է կարոտում: Տղաներով միշտ գնացել են այնտեղ լողալու: Հետները մի երկու գլանակ ծխախոտ են վերցրել` իրենց ավելի մեծ ու կարեւոր զգալու համար: Նկարիչն իր մանկությունից շատ բան է հիշում, հիշում է ամեն ինչ ու ամենքին:


Նրանց տանը միշտ կռիվ է եղել: Հինգ քույր ու եղբոր կռվի պատճառը գիրքն է եղել: Մեկը մյուսից թռցրել, կարդացել է: Բոլորն էլ դպրոցում լավ են սովորել: Սամվել Սեւադան էլ մինչեւ ութերորդ դասարան գերազանց առաջադիմություն է ունեցել, մինեւ որ կսիրահարվեր դպրոցի ամենագեղեցիկ աղջկան: Երեք տարի նամակագրական կապի մեջ էին, բայց ոչ ինքն էր լսել սիրած աղջկա ձայնը, ոչ իր ձայնը` նա: Ամաչում էին:


Մինչև ինստիտուտ ընդունվելը Երեւանը չէր տեսել: Հինգերով է ընդունվել ու դրա համար շատ է հպարտացել: Մի անգամ էլ քննությունից հետո պատրաստվում էր վերադառնալ Լենինական ու…

-Մի աղջիկ մոտեցավ, թե՝ կարելի± է Ձեզ թեւանցուկ անել, այս սրիկաներն ինձ հետապնդում են: Գնացինք, ման եկանք, գրեթե սիրահարվել էի, մի քանի ժամում բա ի՞նչ կանես: Երեկոյան մի լավ ծեծ կերա մի տասը հոգու կողմից:


Նկարիչը արվեստի իր փորձն ու գիտելիքները փոխանցում է նաեւ այլ երեխաների: Փորձում է նրանց հետ իրենց լեզվով խոսել, նույն անկեղծությամբ վերաբերվել:


- Ինչքան ես եմ սովորեցնում, այնքան էլ սովորում եմ երեխաներից:


Սամվել Սեւադան զավակների ու թոռների մեջ իրեն է տեսնում: Հիմա նրանց մանկությամբ է ապրում: Ապրում է արվեստի իր ստեղծած աշխարհում, ստեղծում,  վերարտադրում է այդ աշխարհն այնպես, ինչպես ինքն է տեսնում ու զգում:



Զանի Հարոյան

 

Նույն շարքից