Հարցազրույց 

Ծավալային մտածողությունը՝ ապագա մասնագիտության նախադրյալ

analitik.am

Քանդակագործ Լևոն Թոքմաջյան

Երաժշտությունն ու քանդակը, ռիթմն ու ծավալը ներդաշնակվեցին մեկ անվան շուրջ` Լևոն Թոքմաջյան: Ընտանիքում երկու երեխա են եղել` ինքն ու քույրը:

Բակում էլ միայն աղջիկներ են եղել, նա էլ ստիպված է եղել միայն աղջիկների հետ խաղալ:


-Հիմա հիշում եմ իրենք տիկնիկներ էին սարքում, ես էլ տիկնիկների շորեր էի կարում: Գուցե եւ դա իմ մոտ մեղմ բնավորություն ստեղծեց: Կռիվների բաների մեջ չէինք էլի, աղջիկներ էին, էլի, իրիկունը դուրս էին գալիս, դե հրապարակը մոտ էր, ֆանտաններ, երաժշտություն, միշտ աղջիկների հետ էինք:


Պատանեկան տարիքում արդեն թաղում տղաներ են եղել, նրանց հետ է խաղացել, գնացել են մանկական երկաթուղի լողալու: Յոթերորդ դասարան էր Լևոն Թոքմաջյանը, երբ մորը կանչեցին դպրոց, թե Ձեր տղան ամբողջ ընթացքում նկարում է, տարեք Գեղարվեստի ուսումնարան: Մայրն այդպես էլ վարվել է: Ապագա քանդակագործը քննություն է հանձնել նկարչությունից`գծանկար, գունանկար, բայց…


-Կյանքում չէի մտածի, որ կարող եմ քանդակագործ դառնալ: Ու պատահաբար երբ որ ցուցակները կախվեցին, ու ես տեսա, որ իմ անունը չկա ցուցակներում, հիշում եմ, ես լացակումած եկա ասացի `մամա ես չեմ ընդունվել: Ձեռքս բռնեց տարավ տնօրենի մոտ , ասաց` գիտեք Ձեր տղան շատ ծավալային մտածողություն ունի: Վայ, լացում եմ, քանդակն ինչ բան է, ես կավ պիտի ճմռե՞մ:


Բայց այդ շրջանում նրանց ընտանեկան վիճակը ծանր է եղել:  Իր ու քրոջ  դաստիարակությամբ ու մյուս հոգսերով մայրն է զբաղվել: Խիստ է եղել, ծեծել է, անգամ՝ փայտով:


- Դե, Հայրս իր համար գնում, աշխատում էր, ներկարար էր, գինու հետ էլ լավ էր, ամբողջ ծանրությունը մորս վրա էր: Հետագայում հայրս չիմացավ էլ, թե ես ինստիտուտ ոնց ընդունվեցի, ոնց ավարտեցի:


Եկել է շրջան, երբ ամեն ինչ դժվարացել է: Մի կողմից դասերն են եղել Գեղարվեստի ուսումնարանում, քանդակները, գծանկարները, մյուս կողմից`  ընտանեկան անհաշտությունները: Ուսումնարանից հետո ընդունվել է Գեղարվեստաթատերական ինստիտուտ, սրանից բացի նաեւ` Կոնսերվատորիա, հետո էլ` պետական երգչախումբ:


-Հորաքույրս տարիներ շարունակ Հայաստանի պետական երգչախմբում է երգել, էն ժամանակ Արամ Տեր Հովհաննիսյանն էր` Կոմիտասի աշակերտը: Երբ ես գնում էի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ համերգների, փոքր էի, աթոռին նստում էի, բայց  ոտքերս գետնին չէին հասնում: Եվ լսում էի Կոմիտասի երգերը, հորաքույրս էլ երգում էր: Ով կմտածեր, որ տարիներ հետո ես կդառնամ այդ երգչախմբի երգիչներից մեկը:


Առաջին սերը Նառա անունով մի շատ գեղեցիկ աղջիկ է եղել: Ապրել է այն ուսուցչի հարեւանությամբ, ում տանը պարապել է պատանի Լեւոնը: Տարիներ շարունակ խելացնոր սիահարված է եղել այդ աղջկան, բայց մի օր էլ իմացել է, որ նա փախել է ուրիշի հետ:


- Ամեն անգամ գնում պարապում էինք, նա պատի մեջ մի անցք էր բացել, ինքը թուղթը այնտեղից էր գրում մտցնում պատի մեջ, ես էլ այստեղից էի գրում մտցնում պատի մեջ:


Հետո երգչախմբի հյուրախաղերի ժամանակ սիրահարվում է թարգմանչուհուն` Ջովաննային, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ նա անբուժելի հիվանդ է ու մահացել է: Իսկ ապագա կնոջ հետ նույն բակում են ապրել: Մի մայթից բերել է մյուս մայթ:


Լևոն Թոքմաջյան արվեստագետը միաձուլում է երաժշտությունն ու քանդակագործությունը մեկ կաղապարում, ստեղծում, վերափոխում է աշխարհն այնպես, ինպես ինքն է զգում…  




Զանի Հարոյան


Նույն շարքից