Հարցազրույց 

«54 ռուբլի թոշակ էինք ստանում, էդ գիտե՞ք ինչ էր». Սամվել Թադևոսյան

analitik.am

Ռեժիսոր, սցենարիստ, Արցախյան պատերազմի վավերագիր Սամվել Թադևոսյան


Թեև ծնվել, մեծացել է Երևանում, բայց իրեն գյուղի տղա է համարում Սամվել Թադևոսյանը: Ամառային արձակուրդներն ապագա ռեժիսորն անցկացրել է հայրական Ծակքար գյուղում: Գետում ու արտերում, սար ու ձորում ապրած օրերն ու դեպքերն իսկական արկածներ էին թվում փոքրիկ տղաներին, իրենք` հերոսներ: Իսկական արարողություն էր աղանձ սարքելը, դրա համար նախ պիտի արտերից ցորեն գողանային:


-Մենք մրոտած մռութներով, ոտաբոբոիկ, կիսատկլոր…


Հինգ, թե վեցերորդ դասարանում Սամվել Թադևոսյանին սկսել են «սնդիկ» ասել, հետո «Չառլի», երբ սկսել է թատերական խմբակ հաճախել:


- Օրն ավարտվում էր, ես չէի հասցնում կուտակածս էներգիան սպառել:


Իրեն միշտ կարդալիս է հիշում: Քիմիա չէր սիրում այնքան, որ ուսուցիչը հասկացել, գնահատել ու թույլ էր տվել դասի ժամանակ կարդալ այլ գրականություն: Դպրոցական տարիներին տղաներն ակնածանքով թաքցնում էին նաեւ իրենց ծխելը, աղջիկներն աջակցում էին: 4-5 հոգով սիրում էին իրենց դասարանի Հասմիկին, հետո Հայաստանին: Այդ հրապույրների բովում զարգացավ, թրծվեց ու ձեւավորվեց իսկական զգացմունքը: Նա գտավ իր տեսակը` էլի իրենց դասարանից: 


- 45 տարի Լաուրայի հետ ենք, բացարձակ վերածվել է ուրիշ զգացմունքի, Լաուորան ինձ հետ տարավ ամբողջ պատերազմը:


 Հայրը որդու հետ մեծ հույսեր էր կապում, նրա բոլոր երազանքների իրականացնողն էր ինքը: 17 տարեկանում էր գրել առաջին պիեսը, տպագրվում էր: Սամվել Թադեւոսյանի համար անմոռանալի էր այն դրվագը, երբ ինստիտուտի վերջին քննությունից գերազանց ստացած դուրս եկավ:


-Երբեք չեմ մոռանա հորս, մորս նաեւ, բայց հորս արտասվող աչքերը, որ մինչեւ մահ ինձ ուղեկցելու են: Դա հպարտության մի այլ հանճարեղ պահ էր:


Միաժամանակ և՛ աշխատում, և՛ երկու բաժնում էր սովորում Սամվել Թադևոսյանը: Այն ժամանակ երրորդ կուրսից զուգահեռ այլ բաժնում սովորելու իրավունք է եղել:


- Մովսեսը, ես, Ռուզանը գերազանց էինք սովորում: 54 ռուբլի թոշակ էինք ստանում, էդ գիտե±ք ինչ է:  Երբ որ բոլորը ստանում էին 30 կամ 35, չեմ հիշում:


Իրենց տնից քիչ այնկողմ մի հսկա ուռենի է եղել: Մայրը միշտ այնքան է սպասել այդ ծառի տակ, մինչեւ որդին կգա: Սամվել Թադեւոսյանը չգիտի հավատարմության այլ դաս կա±, քան դա էր:


-Գալիս էի գիշերվա մեկին` մայրս կանգնած էր, երկուսին` կանգնած էր ուռենու տակ, մի անգամ եղավ, ինձ դրա համար չէի ներում, եկա ճիշտ լուսաբացին եւ մայրս ուռենու տակ կանգնած էր:


Հիմա, երբ դժվար ու պատասխանատու ժամանակներ է ապրում, գնում է մանկությունն ապրած վայրեր` հայրենի գյուղ, ոտաբոբիկ իջնում է գյուղի ձորը, գետը, նորից լիցքավորվում է, մաքրվում ամեն բացասականից ու կրկին վերադառնում իր առաքելությունը շարունակելու:



Զանի Հարոյան

Նույն շարքից