Հարցազրույց 

Թե՛ ընտանիքը, թե՛ պետությունը ճգնաժամից դուրս են բերում կանայք. Լիլիթ Ասատրյան

analitik.am

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիայի կողմից արդեն  մոտ 4 տարի է կազմակերպվում են ցուցահանդես-վաճառքներ, որոնց հասույթը օգտագործվում է բարեգործական նպատակով: Հերթական անգամ ցուցահանդես-վաճառք իրականացվեց ապրիլի 6-ին՝ Կարապի լճի տարածքում:  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիայի  նախագահ Լիլիթ Ասատրյանը www.analitik.am – ին  ներկայացրեց  ցուցահադեսների կազմակերպման հիմնական նպատակը, և թե ո՞րն է կանանց առաքելությունը հիմա:

 

-Ի՞նչ նպատակով են կազմակերպվում նմանատիպ ցուցահանդես-վաճառքները:


-Այս և նմանատիպ միջոցառումները հետապնդում են մի քանի նպատակ. առաջին՝ կին արտադրողներին հերթական անգամ հնարավորություն տալ ներկայացնել իրենց ձեռագործ և այլ աշխատանքներն ու ավելի հասանելի լինել գնորդին: Երկրորդ՝  որոշակի ֆոնդի ապահովում, որով իրականացնում ենք այլ բարեգործական  ծրագրեր:


-Կոնկրետ այս ցուցահադեսի հասույթը ի՞նչ նպատակով եք պատրաստվում օգտագործել:

 

-Այս ցուցահանդես-վաճառքի գումարներն ուղղելու ենք  մարզերում՝ մասնավորապես Լոռու մարզում, կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև ֆինանսական աջակցությանը՝ հստակ որոշակի գործառնություն, բիզնես իրականացնելու համար:


-Ստացվում է կանայք կանանց համար հետաքրքիր աջակցության տարբերակ:


-Ստացվում է կանայք կանանց համար, բայց ոչ  միայն կանայք կանանց, այլև հասարակությունը հասարակության համար, քանի որ եթե կանայք ավելի ապահովված լինեն աշխատանքով,  մեծ եկամուտ ունենան, դրանից կշահի իր ընտանիքն ու երեխաները, իսկ դա նշանակում է, որ նաև հասարակությունը:


-Ինչպե՞ս են համագործակցում Ձեզ հետ արհեստագործ կանայք:


-Մենք արդեն մեծ բազա ունենք տվյալների,իսկ այն մարդիկ ովքեր մեզ չեն ճանաչում բայց գտնում են, ապա սկսում է համագործակցել նաև նրանց հետ: Մենք իրականացնում ենք ցուցահանդես-վաճառքներ տարբեր թեմատիկայով:


-Հայաստանում կանայք այսօր ի՞նչ խնդիրներ ունեն ըստ Ձեզ:


-Միայն կանանց համար խնդիրներ առանձնացնելը իհարկե դժվար է, քանի որ Հայաստանում խնդիրները և՛ կանանց, և՛ տղամարդկանց են վերաբերում: Եթե ասեմ գործազրկությունն է խնդիրը, ապա կլինեն մարդիկ, որ կասեն դա տղամարդկանց նույնպես վերաբերում է: Սակայն, հաշվի առնելով այն տվյալները, որ մեր երկրում գրանցված գործազուրկների  70 %-ը կանայք են, և քիչ տոկոս չեն կազմում կրթութուն և մասնագիտություն ունեցողները, ուրեմն սա իրականում խնդիր է հենց կանանց համար: Նաև կան այլ խնդիրներ՝  հասարակության կարծիք, անինքնավստահություն և այլն: Շատ հաճախ չեն կատարում այս կամ այն աշխատանքը՝ հասարակական կարծիքից ելնելով: Անգամ ձեռագործության հանդեպ կա նման տրամադրվածություն: Եթե նայենք մեր հին ժամանակներում կնոջը միշտ շատ մեծ տեղ է հատկացվել: Այսօր  կնոջ համար այդ մեծ տեղը չունենք: Մենք հեռացել ենք մեր ավանդույթներից:


-Կանանց կողքին կանգնելով և օգնելով օգնում ենք հասարակությանը, ճի՞շտ հասկացա:


-Եթե կանանց զբաղվածության խնդիրը մենք գոնե որոշակիորեն լուծելի դարձնենք, ապա սրանից շատ խնդիրներ կլուծվեն: Հայաստանից  չեն մեկնի, ու հավատի պակաս չի լինի: Կինը հավատ ներշնչելու գործում մեծ կարևորություն ունի: Պետք է այնպես լինի, որը ծնողը չմտածի, թե դպրոցը, բուհը ավարտելուց հետո իր երեխան ինչ պետք է անի: Երբ կինը հույս չի կարող կապել ոչնչի հետ՝ շատ վատ է: Չկա ընտանիք, որ չունենա ճգնաժամ: Այդ ճգնաժամից ընտանիքը դուրս է գալիս կնոջ միջոցով, եթե կինը չկարողանա հանել ընտանիքը ճգնաժամից, ապա ընտանիքը կկործանվի: Մեր հասարակությունն  էլ մի մեծ ընտանիք է, որն այս պահին ճգնաժամի մեջ է, եթե կանայք չկարողանան հանել ճգնաժամից, դա կտանի կործանման: Թե՛ ընտանիքը, թե՛ պետությունը ճգնաժամից դուրս են բերում կանայք:



Արմինե Բրսոյան


Լուսանկարները՝ Քրիստինե Դանիելյանի

Նույն շարքից