Հարցազրույց 

Ինձ համար ամենալավ հերոսը հենց Թումանյանն է. Նարինե Թուխիկյան

analitik.am

Հարցազրույց Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ:

 

 

-Ինչպե՞ս եք նշելու Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը:

 

- Օրը կսկսենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրհնեքով, թանգարանի տարբեր հատվածներում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ: Արդեն ավանդույթ ենք դարձրել այն, որ  Թումանյանի մահվան և ծննդյան օրերին այցելուների համար բացում ենք Մեծ պոետի կնոջ սենյակի դռները, որոնք սովորաբար փակ են, և այցելուն միայն պատուհաններից է կարող տեսնել սենյակի ներսը: Թումանյանի կինը՝ տիկին Ռիտան, այս սենյակում է միշտ նշել իր ամուսնու ծննդյան օրը և մահվան տարելիցը: Ահա սրանով է պայմանավորված, որ այս երկու բացառիկ օրերի ընթացքում յուրաքանչյուրը կարող է մտնել այդտեղ:

Թանգարան կայցելեն հեքիաթների հերոսներ, որոնց շարքում կարող եք հանդիպել նաև Հենզելին և Գրետելին: Նրանք  գերմանական ծագում ունեցող Գրիմ եղբայրների հեքիաթի կերպարներն են, որոնց մասին պատմող այդ պատմությունը Թումանյանը 100 տարի առաջ թարգամանեց (1913-1914): Հեքիաթները 100 տարեկան են, և կարծում ենք՝ հետաքրքիր կլինի փոքրիկներին, և ինչո՞ւ ոչ, մեծահասակներին թանգարանում հանդիպել Հենզելին ու Գրետելին, Գայլին և Կարմի գլխարկին:  Սիրիահայ այցելուների, մասնավորապես երեխաների  համար  մենք նախապատրաստել ենք արևմտահայերենով «Կոշկակարն ու թզուկը» հեքիաթը, որը իրականում Թումանյանի ստեղծագործական գործունեության հետ որևէ կապ չունի, բայց Մեծն բանաստեղծը ժամանակին այն գնել էր իր երեխաների համար:

Հրատարակել ենք երկու գիրք՝ Թումանյանի անձնական գրադարանի անձնական գրքերից՝ նպատակ ունենալով պոետի հարուստ գրադարանի մանկական գրքերին տալ երկրորդ կյանք: Սրանով մեր հասարակությունը հնարավորություն կունենա առնչվել թումանյանական ճաշակին և կկարողանա առավել դյուրին որոշում կայացնել այն հարցի վերաբերյալ, թե ինչպիսի մանկական գրադարան է կարելի մատուցել փոքրիկներին:

Օրինակ՝ «Ձմեռային երազը» գիրքը, որը 1909 թ.-ին տպվել էր Մոսկվայում և Թումանյանն այն ձեռք էր բերել իր բալիկների համար, այժմ 100-ից ավել տարիներ անց մեր թանգարանի կողմից վերահրատարակվել է նույնությամբ, նույն  նկարազարդումներով: Այդ գրքերի շարքում է նաև «Ութ հեքիաթ»  խորագրով մի գիրք, որը 1914-ին՝ ուղիղ 100 տարի առաջ, տպվել էր Կոստանդնուպոլսում: Այս գիրքը ևս Թումանյանի կողմից ձեռք էր բերվել: Գրքի մեջ առկա է նույնիսկ կնիքը: Կազմակերպվելու են ահա այս երկու գրքերի շնորհանդեսները:

Ինչ վերաբերում է Ստվերների հինավուրց թատրոնի գաղտնիքներին, ապա այն բաց կլինի ժամը     13:00-14:00-ն, կկազմակերպվեն վիկտորինաներ, իսկ հաղթողները Սփյուռքի նախարարության կողմից կստանան նվեր գրքեր, քանի որ այդ օրը նաև Գիրք նվիրելու օրն է: Կհավաքենք նաև մեր գրքերի տրցակը, որը պետք է ուղարկենք Տավուշի մարզի սահամանմերձ գյուղերից մեկի գրադարան:

 

- Կխոսե՞ք սպասվելիք ծրագրերի մասին:

 

- Տարվա ընթացքում շատ հետաքրքիր ու ֆունդոմենտալ գործեր ունենք անելու: Հուսամ, որ տարեվերջին կհաջողվի տպել ալբոմ՝ նվիրված Թումանյանի 145 ամյակին: Բանաստեղծի կյանքը կներկայացվի կարճ տեղեկատվությամբ և բացառիկ լուսանկարներով:

Շուտով երեխաների համար կունենանք ուղեցույց-տետրակ: Նպատակն այն է, որ երեխաները ուղեցույցի միջոցով լավ ճանաչեն թանգարանը: Այստեղ ներկայացված կլինեն նաև Թումանյանի մանկության փոքրիկ չարաճճիությունները, որոնք գրի է առել վերջինս իր նոթատետրում:

Ուղեցույցում նշված կլինեն նաև թանգարանում ճիշտ պահելու էթիկայի կանոններ:

Մեր թանգարանում երեխաններին և ,ընդհանրապես, այցելուներին կուղեկցեն թանգարանի մուսաները՝ մի տղա և աղջիկ՝ Մուսանե և Մուսակն պայմանական անուններով հավանաբար, դեռ անվան շուրջ մտածում ենք (ամբողջ աշխարհում, բացի հայերենից և մոնղոլերենից,   թանգարններն անվանվում են «museum», որը հունարենից թարգմանաբար նշանակում է մուսաների տաճար, բնակավայր):

Իսկ ահա կիսանկուղում ցուցադրում ենք  Ձախորդ Փանոսը՝ եռաչափ տարբերակով: Փորձում ենք այն դարձնել ատրակցիոն կենտրոն, որտեղ երեխաները կկարողանան զվարճանալ:

 

 - Ի՞նչ խնդիրներ կան, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

 

- Ունեինք տանիքի վերանորոգման խնդիր, որն արդեն լուծվել է՝ Կառավարության տրամադրած ֆինանսավորման շնորհիվ: Ունենք նաև կոսմետիկ վերանորոգման խնդիր: Ցանկանում ենք առաջին հարկի ցուցադրությունը կոնցեպտուալ փոփոխության ենթարկել, որի համար ևս ֆինանսավորում է անհրաժեշտ: Տարեվերջին հայեցակարգը կներկայացվի Կառավարություն և հուսամ՝ հավանության կարժանանա:  Ունենք օդափոխության և ջեռուցման խնդիրներ ևս, քանի որ մարտկոցները 1953 թվականից հետո չեն փոխվել:

 

- Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի 61-ամյակի կապակցությամբ միջոցառումներ նախատեսո՞ւմ եք:

 

- Կլինեն որոշ միջոցառումներ,  սակայն այս տարի ավելի շատ Թումանյանի հոբելյանին ենք պատրաստվում:

 

- Թանգարանի այցելուների թվի վիճակագրությունն ինչպիսի՞ն է:

 

- Անցած տարի ունեցել ենք 44.370 այցելու: Նախանցած տարի ավելի շատ Եվրոպայից, Ամերիկայից և Արևելքից, Իրանից այցելուներ ունեինք, իսկ ահա անցյալ տարի գերակշռում էին այցելուները Կանադայից, Ռուսաստանից, ունեինք նաև Ճապոնիայից, Կորեայից, Հունգարիայից:

 

- Թանգարանի այցելուների, հիմնականում զբոսաշրջիկների, հետաքրքրությունն ինչո՞վ է պայմանավորված:

 

- Մի մասը ճանաչում է Թումանյանին, մյուս մասն էլ այստեղ է ծանոթանում, կան այնպիսիններն էլ, որ շենքով զմայլված են գալիս՝ կարծելով, թե թատրոնի շենք է:

 

- Թումանյանի հերոսներից ո՞ր հերոսն է Ձեր ամենասիրելին:

 

- Ինձ համար ամենալավ հերոսը հենց Թումանյանն է:

 

- Նրա ո՞ր հերոսներն են, որ մինչև հիմա ապրում են մեր մեջ:

 

- Քաջ Նազարը և Քաջ Նազարին Քաջ Նազար դարձնողները՝ շողոքորթ և քծնող մասսան:

 

- Ի՞նչ ծրագրեր կան և արդյոք կան Ջավախքի հայության հետ կապված:

 

- Մենք այս տարի  Ջավախքում  ծրագիր ունենք իրականացնելու, ցուցահադես կլինի, միջոցառումներ և այլն: Այդպիսի ծրագիր անցյալ տարի Արցախում իրականացրեցինք:

 

- Թանգարանում աշխատելուց հետո ի՞նչ բացահայտեցիք Թումանյանի մեջ, որը նախկինում չէիք նկատել:

 

- Ես հասկացա, թե որքան կաղապարված էր իմ գիտելիքը, պատկերացումները Թումանյանի մասին: Այստեղ լրիվ ուրիշ աշխարհ է, դասագիրքը Թումանյանի հետ ոչ մի կապ չունի, իսկ ինձ համար Թումանյանն առաջին հերթին մեծ քաղաքացի է՝ անաչառ, ազնիվ, մեծ սիրտ ունեցող մարդ:  


Վարդուհի Երասնոսյան

 

Նույն շարքից