Հիշում եմ և պահանջում 

Արմատներին մոտենալով` վերապրում է մանկությունը. Լևոն Բլբուլյան

analitik.am

Բանաստեղծ, թագմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյան

Նրանց ընտանիքը եւ այն ժամանակվա, եւ ներկայիս չափանիշներով բազմազավակ էր` հինգ երեխա էին, ինքը երկրորդն էր: Նրա բուռն, խաղերով ու արկածներով լի մանկությունն անցավ Գավառում: Ծնողները հիմա էլ այնտեղ են ապրում: Մանկությունից շատ բաներ նրանք են պատմում:


- Մանկապարտեզից եկել եմ տուն, հայտնագործություն արածի պես ասել եմ` գիդու՞ւմ եք, զաթի չային թեյ ա կսեն:


Թաղի երեխաներով ամուր ընկերախումբ էին ձևավորել: Չարաճճիություններ շատ էին անում: Սիրում էին նաև ձկնորսությամբ զբաղվել: Այդ ընթացքում գետաբերանին գտնվեղ բանջարանոցներից գազար էին գողանում եւ հետապնդվում էին բանջարանոցների տերերի կողմից: Առավոտից երեկո միասին խաղում էին, մինչեւ որ ծնողները տուն կկանչեին:


-Մեր բակը կարծես ամբողջ բակի հավաքատեղին էր: Ուրիշներն այգիներ ունեին, ինչ-որ բաներ էին մշակում, մեր բակն ազատ էր այդ առումով, ոչինչ չէինք ցանում, չէինք մշակում: Մեր ֆուտբոլի դաշտն էր, խաղահրապարակ էր զանազան խաղերի` քաղաքից քաղաքից սկսած, մինչեւ յոթ քար, էշ միլիցա եւ այլն:


Փոքրիկ Լևոնը չափազանց շատ էր կարդում, ծնողներն անգամ անհանգստանում էին: դեպքեր են եղել, երբ սկսում էր կարդալ, տնեցիները քնում էին, առավոտյան արթնանում տեսնում էին դեռ կարդում է: Ինքն ու քույրը խաղեր էին կազմակերպում, ասմունքի երեկոներ:


- Շատ վառ հիշում եմ, երբ հայրս ինձ ու Ժաննային, այն ժամանակ երկուսով էինք, նստացնում էր հատակին` գորգի վրա եւ սկսում էր Չարենց կարդալ, Թումանյանի հեքիաթներից կարդալ, ինքը նաեւ լավ ասմունքում էր: Էդ երեկոները հիշում եմ, մանավանդ, եթե քեֆը մի քիչ լավ էր լինում, ավելի տրամադրված, անպայման պիտի անգիր ասեր Չարենցից, հուշեր Թումանյանից այս հեքիաթը կարդացեք, այդ օրերն անհետևանք չեն անցել:


Լևոն Բլբուլյանի դպրոցական կյանքն էլ էր հետաքրքիր: Նրանց դպրոցն ամենալավ սովորողների ու ամենաչարաճճիների դպրոցն էր: Հանրակրթական դպրոցից բացի նաեւ երաժշտության խմբակ էր հաճախում:


-Հայրս քրոջս տվել էր դաշնամուրի դասարան, ինձ, չգիտես ինչու, թավջուջակի, որը խորթ երեւույթ էր Քյավառի համար: Էդ մեծ գործիքը, այսպես ասած, շալակած գնում էի տնից դպրոց, ընկերներիս համար ձեռք առնելու առարկա էի: Կատակով ասում էին` հերիք չէ էդ լվացքի մեքենան շալակած գնաս, գաս, գործ գտի քեզ:


Հետո սկսեց մարմնամարզության հաճախել: Նույնիսկ չեմպիոն դարձավ շրջանի առաջնությունում:  Հազար ու մի մասնագիտություն է որոշել ընտրել: Գրականության ուսուցչուհին վստահ էր, որ նա բանասերիրական պիտի ընդունվի: Բայց այդ տարիներին հեղինակություն ուներ ինժեների մասնագիտութունը, բացի այդ, մի քանի ընկերներով որոշեցին, որ միասին պիտի ընդունվեն նույն բուհ-ը :


-Եվ ընդունվեցինք Գյուղինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ: Զամացնելով, հիասթափեցնելով իմ գրականության ուսուցչին, որից հետո մեղքս քավեցի, հետագայում այնպես ստացվեց, որ գրականությունը գլուխ բարձրացրեց:


Առաջին բանաստեղծությունը նվիրված էր առաջին սիրուն: Դպրոցական տարիներին էր, իրենից մի քանի դասարան ցածր մի աղջիկ էր: Ընկերներով ամբողջ օրը շրջում էին նրանց թաղերում: Ուղեկցում էր դպրոցից տուն, տնից դպրոց, մինչեւ որ մտերմության վերածվեց եւ սիրո խոստովանության կարիք չկար: Ասում է` Գավառում ընդունված չէր: Ավելի շատ ուշադրություն, հայացք: 


-Կարելի է ասել Քյավառի գեղեցկուհիներից մեկն էր: Մեր սիրով ապրում էր ամբող մեր ընկերախումբը, հեռվից հեռու ոգեւորված ապրում էին, մեզ համարում էին շատ լավ զույգ: Բայց այնպես ստացվեց, որ տարաձայնություններ եղան եւ … Ինքը ընդունվեց թատերական ինստիտուտ, ես չէի ուզում: Որպես ավանդապաշտ քյավառցի` դեմ էի դրան: Դրա շուրջ վեճեր ծագեցին, նա շտապեց շուտ ամուսնանալ, եւ դա մնաց որպես բանաստեղծություն, որպես հուշ:


Հիմա էլ երբեմն այցելում է ծննդավայր: Արմատներին մոտենալով` վերապրում է մանկությունը, կարծես նոր լիցք ստանում, որ վերադառնա ու շարունակի ստեղծագործել:



Զանի Հարոյան

Նույն շարքից