Հիշում եմ և պահանջում 

Կրկնազատիկ կամ Նոր Կիրակի

analitik.am

    Եկեղեցին այս հիշատակը, որպես Զատկի նավակատիք, կատարվում է Սուրբ Զատկին հաջորդողկիրակի օրը: Հույները Նոր կիրակին կամ Կրկնազատիկը կոչում են "Թովմասի Կիրակի" ("Կիրակի" կամ "Կիվրակէ" հունարեն բառ է, նշանակում է Քրիստոսի Հարությանը նվիրված օր:


Սկզբնական շրջաններում տարածված չէր "կիրակի" բառը, այլ գործածական էր "միաշաբաթը", որպես շաբաթվա առաջին օր: Հետագայում "միաշաբաթի" փոխարեն տարածվեց հունական "կիրակին"): Իսկ մենք այն կոչում ենք "Նոր կիրակի" կամ "Կրկնազատիկ":
     Նոր Կիրակի ենք ասում, որովհետեւ սկիզբն է նոր արարածների:

 

Օրվա խորհուրդը մեզ ներկայացնում է Թովմաս առաքյալին, թե ինչպե´ս նա կասկածեց, երբ մյուս առաքյալները հայտնեցին նրան Տիրոջ հարության ավետիսը: Հարության օրը նա Վերնատանը չէր և չէր տեսել հարուցյալ Քրիստոսին: Իսկ երբ մյուս աշակերտներց լսեց, որ Տերը հարություն է առել, ասաց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. 20:25): Հաջորդ կիրակի օրը, երբ առաքյալները կրկին հավաքվել էին Վերնատան մեջ, և Թովմասն էլ այնտեղ էր, եկավ Տերը, դիմեց Թովմասին և ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրու Իմ կողի մեջ. Անհավատ մի՛ եղիր, այլ` հավատացյալ»: Եվ Թովմասը պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստված ի՛մ», իսկ Քրիստոս ավելացրեց. «Որովհետև դու Ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. 20:29):



Այսօվա խորհուրդը մեզ սովորեցնում է բոլորովին հակառակ մի բան. Քրիստոսի Հարությամբ մենք նորոգվեցինք, նոր մարդ դարձանք, հետևաբար չենք կարող ապրել նախկինի նման, մեր կյանքում ինչ-որ մի բան պիտի փոխված լինի, որի արդյունքում մենք ամեն օր կհանդիպենք հարուցյալ Քրիստոսին: Տերը կրկին հայտնվեց Վերնատանը, որպեսզի Թովմասին և նրա նման երկմտողներին հաստատի իրենց հավատքի մեջ, քանի որ Թովմասի օրինակը կրկնվում է նաև մեր օրերում:


Ուստի օրվա խորհուրդը, կրկին բացահայտելով Տիրոջ հարության հրաշալի իրականությունը, սովորեցնում է, որ Քրիստոսի հարությունը ժամանակից դուրս հավիտենական իրողություն է, իրողություն, որ ճշմարտապես տեղի է ունեցել: Անահավատները մինչև հիմա փորձում են գտնել Քրիստոսի մարմինը, այսինքն` այն սուտը, որ հորինեցին հրեաները, թե աշակերտներն են գողացել Քրիստոսի մարմինը, շարունակվում է մինչև այսօր: Մենք` քրիստոնայներս, Հարությունը նշում ենք որպես պատմական իրողություն, փաստ և Տիրոջ մարմինը փնտրելու կարիք չունենք, քանի որ մենք ենք Քրիստոսի մարմինը, և հարուցյալ Քրիստոս բնակվում է մեր մեջ:

 


Քրիստոս ոչ թե մարդկային չարությանն ի պատասխան հարություն առավ, այլ` հանուն մարդու փրկության: Դրա վառ վկայությունն այն է, որ Քրիստոս հարությունից հետո հայտնվեց ոչ թե Իրեն խաչողներին, պիղատոսներին ու հուդաներին, այլ Իր սիրելի հետևորդներին, այդ թվում` նաև Թովմասին:


Այսօր Թովմաս առաքյալի կերպարը չէ, որ մենք պիտի քննարկման առարկա դարձնենք, այլ նրա թերահավատության ու երկմտանքի դրսևորումը, որը մեզնից յուրաքանչյուրի անձնական խնդիրն է, քանի որ մենք էլ նման կասկածամտությամբ ենք վերաբերվում Տիրոջ հարությանը, եթե ոչ խոսքերով, ապա` գործերով: Քրիստոսի հարության ավետիսը կոչված է փոխելու մեր կյանքը, նորոգելու և հաստատելու ուղղադավան մեր հավատքի մեջ: 

Նույն շարքից