Հիշում եմ և պահանջում 

Բոլոր ճանապարհները նույն տեղն էին տանելու

analitik.am

ՀՀ ժողովրդական արտիստ, §Սայաթ-Նովա¦ աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան


Ոչ մի ընտրություն պատահական չէր, բոլոր ճանապարհները նույն տեղն էին տանելու, հիմա արդեն կյանքն է ապացուցում:


Երգն ու երաժշտությունը Թովմաս Պողոսյանին մանկուց են ուղեկցում: Այն ժամանակ էլ էր համերգներ տալիս, ուղղակի ինքն ու չակերտավոր երգչախմբի անդամները 4-5 տարեկան էին, հանդիսականները՝ համագյուղացիները, դահլիճն էլ կամ բակն էր, կամ նկուղը: Հետո համերգները տեղափոխվեցին դպրոցի բակ՝ կաղնու ծառի տակ:


Ծննդավայրը Լոռին է: Երբ հինգ տարեկան դարձավ ընտանիքը տեղափոխվեց Թիֆլիս: Թովմաս Պողոսյանը Հայաստան վերադարձավ Թիֆլիսի հայկական դպրոցն ավարտելուց հետո: Չնայած դրան՝ ծննդավայրի հետ կապն անընդհատ է եղել: Ամառները Հայաստանում էին հանգստանում: Ճանաչում էր իրենից ավագ գրեթե բոլոր համագուղացիներին:


-Ես տարեցներին մանկուց շատ էի սիրում: Սիրում էի մեծահասակների կողքին նստել, լսել, երբեմն նույնիսկ ինձ սաստում էին՝ այ բալա, ինչ ես նստել մեր կողքին , գնա երեխաների հետ խաղա: Բայց ես՝ չէ: Կպնում էի տատիկիս ու նրա կողքին նստած էի մնում:


Ինքը հանգիստ երեխա է եղել, բայց դասընկերների չարաճճիությունների ակամա մասնակիցն էր դառնում: Մի անգամ էլ իրենց դասարանցի Վարսենիկը որոշել է վրացերենի յոթանասունամյա ուսուցչի հետ կատակ անել:


 -ինչ-որ բան էր կավիճով նկարել եւ ուսուցիչը եկավ, աթոռը քաշեց եւ նստեց:


Հետո երբ գրատախտակին է մոտեցել ուսուցիչը…


-Մի հռհռոց սկսվեց, շուռ եկավ նայեց ու չհասկացավ, թե ինչ եղաց: Հետո նորից շրջվեց գրելու, նորից ծիծաղեց դասարանը: Կավիճը դրեց, զայրացավ, նեղացավ, եկավ աթոռը քաշեց, որ նստի, տեսավ աթոռի վրա ինչ-որ բան է նկարած, ծիծաղեց եւ վրացերենով ասաց՝ ախ, շներ, շներ, ինչեր եք անում:


Առաջին սերը շատ լավ է հիշում: Սրբուհի էր անունը: Հենց առաջին դասարանի առաջին օրերին է սիրահարվել:


-Ամեն առավոտ սպասում էի, որ պիտի հիմա գնամ դպրոց եւ շարվենք ու ես բռնեմ Սրբուհու ձեռքը: Ձեռքն էլ այնքան փափլիկ էր, այնքան նուրբիկ, այնքան սպիտակամաշկ, սեւ մազերով: Հիմա հիշում եմ՝ հայկական ընդգծված գեղեցիկ աչքերով:


Թովմաս Պողոսյանն առաջին լուսանկարում տարազով է, այստեղ նա հինգ տարեկան է: Վաստակավոր արտիստն իր առաջին նկարում տարազով լինելը պատահական չի համարում, որովհետեւ հետո ինքն ամբողջ կյանքում տարազ պիտի կրեր:


Զանի Հարոյան

Նույն շարքից