Հիշում եմ և պահանջում 

«Ինձ փնտրեք իմ երգերում, ես ուրիշ տեղ չկամ». Համո Սահյան

analitik.am

100 տարի առաջ աշխարհն առանց Սահյանի էր  ու սահյանական գրականության: Պարզությամբ հանճարեղության հասնող բանաստեղծը պիտի գար, պիտի ապրեր դժվար մանկություն, պիտի զգար ու հասկանար հողի մարդուն, որ հետո ամեն ապրում ու զգացում տողի ու բառի վերածեր:


«Ասում էր՝ ծնվել եմ 1914 թվ., ապրիլի 14-ին, Սյունյան Արամազդ լեռան հյուսիսային լանջի իրար մեջ կորած կիրճերից մեկում: Մեծ գյուղի փոքրիկ թաղի չափ Լոր գյուղում»,- հիշում է ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը: Նա անձամբ է ճանաչել բանաստեղծին, ուղիղ 22 տարի առաջ այս օրը միասին էին: Միացյալ Նահանգների մոտ 40 քաղաքում Համզգային թատրոնի հրավերով շրջելուց հետո Մոսկվայում վայրէջք կատարեցին:


«Ինքը շատ նման էր իր պոեզիային, Համո Սահյան մարդն ու բանաստեղծը բոլորովին հակասություն չունեին: Եվ ինքն էլ գրում է չէ՝  ինձ փնտրեք իմ երգերում, ես ուրիշ տեղ չկամ»,-ասում է Սիլվա Յուզբաշյանը:


Սահյանին վիճակված էր գրական մկրտություն ստանալ հենց պատերազմում: Հայրենական Մեծ պատերազմի մղձավանջն ու ողբերգությունը նոր էջ բացեցին բանաստեղծի ստեղծագործական կյանքում:


«Ասում էր՝ երեխայի մեջ հողի նկատմամբ տիրոջ զգացում պետք է սերմանել եւ ասել, որ այս հողը քոնն է: Հայրենասիրության այբուբենը այդ հողի վրա տուն շինելն է ու այդ տան մեջ ապրելը»,- բանաստեղծի մտորումներով կիսվեց Սիլվա Յուզբաշյանը:


Սահյանի երգերում շունչ ու հոգի են առնում հայրենի եզերքի քարն ու քարափը,  լեռների ու կիրճերի ստվերները: Նա հայրենի բնաշխարհի մեջ տեսնում է մինչ այդ ոչ ոքի կողմից չնկատված գույներ ու երանգներ, լսում է խորհրդավոր շշուկներ ու նվագներ, բնությունը նրա համար ոչ միայն ինքնաճանաչման և աշխարհընկալման սկիզբ է, այլև մարդկային հոգին ճանաչելու միջոց:


Սահյանի պոեզիան արդիականությունը չի կորցնում ժամանակի մեջ: Կյանքի վերջում արդեն բանաստեղծը տագնապ էր ապրում…


Փոխվել են տեղերն ու դերերը

Բայց նույնն է երախը վիշապի

Սրանք են այս երկրի տերերը

Աղոթեմ, որ մահս շտապի…


Բանաստեղծը պահի մեջ որոնել է բնության և մարդու հավերժության, իսկ հավիտենության մեջ` պահի գեղեցկության գաղտնիքը:




Զանի Հարոյան

Նույն շարքից