Հիշում եմ և պահանջում 

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարի մասնակիցներին

analitik.am

Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց hուլիսի 15-17-ը Երևանում կայացած Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարի մասնակիցներին:


 

ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների եռօրյա համագումարին զեկուցումների ու քննարկումների միջոցով ներկայացվեց Հայ Եկեղեցու հովանավորությամբ գործող եկեղեցական ԶԼՄ-ների գործունեությունը:


 

Բարձր գնահատելով Անդրանիկ ծ. վրդ. Կռանյանի ծավալած հայագիտական, հոգևոր, ստեղծագործական գործունեությունը, տասնամյակների վաստակը՝ նախարարը նշեց. «Այս բոլոր ոլորտներում բերելով Ձեր հսկայածավալ ներդրումը, Դուք հասցրել եք զբաղվել նաև խմբագրական գործունեությամբ: Հպարտ եմ, որ ճանաչում եմ Ձեզ և Ձեր ժամանակակիցն եմ»:


 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՆՀ-128-Ա հրամանագրով պարգևատրված Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Եկեղեցու Զմմառի պատրիարքական միաբանության անդամ Անդրանիկ ծ. վրդ. Կռանյանին հանձնվեց «Մովսես Խորենացի» մեդալը` հայ մշակույթի, գրականության, կրթության, բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:


 

Շնորհակալություն հայտնելով պետական մրցանակ ստանալու համար՝ Անդրանիկ ծ. վրդ. Կռանյանը հաջողություններ մաղթեց ՀՀ սփյուռքի նախարարությանն իր բոլոր նախաձեռնություններում և ծրագրերում:


 

Արժևորելով Հայաստանի և  Սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության ասպարեզում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև բարձր գնահատելով ծավալած ազգային հասարակական գործունեությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  Հայ Կոթողիկե եկեղեցու հաղորդամիջոցների պատրիարքական հանձնախմբի նախագահ, Հայ Կոթողիկե եկեղեցու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:


 

«Սիրիայի պատերազմական գործողությունների հետևանքով տուժած հազարավոր սիրիահայերին օգնելու նպատակով Դուք բացեցիք Հայ Կաթողիկե եկեղեցու դռները բոլոր կարիքավորների առջև: Օգնում եք նաև Հայաստանի մարզերի կարիքավոր բնակչությանը և այդ ամենն անում եք համեստությամբ: Դուք մեր նախարարության լավագույն բարեկամն  ու հենասյուներից մեկն եք», - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:


 

Շնորհակալություն հայտնելով նախարարության բարձրագույն պարգևին արժանանալու համար՝ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը նշեց, որ պարգևն ընդունում է որպես Հայ Կաթողիկե եկեղեցու  գործունեության մեծ գնահատանք:


 

Հայապահպանության ոլորտում, մայրենի լեզվի պահպանման ու զարգացման գործում ցուցաբերած նվիրումի, մեծ ջանքերի, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար նախարար Հ.Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց ԱՄՆ-ում բնակվող հայագետ, դոկտոր Հրանտ Աճեմյանին:


 

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ 8 գրքի հեղինակ («Հայ հուշարձանների հրաշակերտ ուժը» (Թեհրան), «Հուշամատյան Կենտրոնական Վարժարանի 100-ամյակի» (Փարիզ), «Խաչատուր Աբովյան և արևելահայ գրական վերածնունդ» (Անթիլիաս) և այլն) դոկտոր Աճեմյանը նշեց, որ այս գնահատանքը նաև պարտավորեցնող է հայագիտական աշխատանքները նոր ոգով շարունակելու համար:


 

Բարձր գնահատելով Սարգիս Նաջարյանի լրագրողական, հասարակական և ազգային բեղուն գործունեությունը, ինչպես նաև կարևորելով նրա դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքում հայ մշակույթի պահպանման ու տարածման գործում` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լիբանանահայ հասարակական գործիչ, «Մասիս» ամսագրի խմբագիր և պատասխանատու տնօրեն Սարգիս Նաջարյանին պարգևատրեց «Վիլյամ Սարոյան» մեդալով:


 

«Դուք 2012թ.Բեյրութում նշել եք Ձեր լրագրողական գործունեության կես դարը, որը մասամբ ամփոփված է նաև Ձեր «Դեմ առ դեմ» ստվար հատորում: Այն հայրենիքում և Սփյուռքում ունեցած ուշագրավ հանդիպումների նկարագրութրունների մի մասն է։ Հիշում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրումից անմիջապես հետո Դուք առաջինն էիք, որ հարցազրույց վերցրիք ինձանից», - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:


 

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ պարոն Նաջարյանը հավաստիացրեց. «Սիրելի՛ տիկին նախարարուհի, ուշադրությամբ հետևելով նախարարության գործունեությանը և հատկապես «Արի տուն» ծրագրին՝ վստահաբար կարող եմ ասել, որ սրանից ավելի քան հինգ տարի առաջ Ձեր կողմից տրված հարցազրույցում նշած բոլոր ծրագրերն իրականություն են դարձել և շարունակում են ընդլայնվել: Նախարարության ստեղծումից հետո Սփյուռքի մեջ ապրողներիս համար ճանաչելի դարձան այնպիսի վաստակավոր, տաղանդաշատ գործիչներ, որոնց մինչ այդ չէինք ճանաչում: Կարծում եմ՝ սա մեծագույն հանրագումարն է այն բոլոր ծրագրերի, որ իրագործել եք դուք»:


 

Նախարարը Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարի մասնակից բոլոր լրագրողներին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերին կայանալիք «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից պահանջատիրություն» խորագրով լրագրողների համահայկական 7-րդ համաժողովին» և առաջարկեց դիտել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող ֆիլմ:

 

Նույն շարքից