Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը շատ կարևոր է. ՀՀ մշակույթի նախարար

analitik.am

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն օրերս ընդունել է  «Թուրքիա-Հայաստան. լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակում «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի աջակցությամբ Հայաստան ժամանած Թուրքիայի «Աչիկ» ռադիո, «Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայություն, «Հաբերթուրք» լրատվական, «Զաման» օրաթերթ, «Ալթյազի» կինոամսագիր, «Ակոս» շաբաթաթերթ, «Միլլիեթ» օրաթերթ լրատվամիջոցների մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրողներին, հիմնադրամի ներկայացուցիչներին և պատասխանել նրանց հարցերին:


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունել է հյուրերին` մասնավորապես նշելով. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս մշակութային լրագրությանը, քանի որ մեր կատարած աշխատանքների արդյունքի ներկայացումը կախված է նաև ձեզանից: Կարևոր եմ համարում նաև երկու երկրների լրագրողների փորձի փոխանակման նախաձեռնությունը»:

 

«Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան. լրագրողների երկխոսություն» ծրագրի համակարգող Նայատ Կարակյոսեօղլուն նախ շնորհակալություն է հայտնել  հյուրընկալության համար, ապա ներկայացրել հիմնադրամի վերջին տարիներին իրականացրած աշխատանքները. հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան. լրագրողների երկխոսություն» ծրագիրը գործում է 2009 թվականից, մինչ օրս յուրաքանչյուր երկրից 90 լրագրող հարևան երկիր այցելելու  և փորձի փոխանակման հնարավորություն է ունեցել: Հիմնադրամի յուրաքանչյուր այց համընկնում է տվյալ երկրում որևէ նշանակալից միջոցառման հետ: Այս տարի այցը համընկել էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքի հետ: «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ծրագրի համակարգողը, որպես իրենց աշխատանքի կարևոր ձեռքբերում, առանձնացրել է Թուրքիայում ժողովրդավարության սկզբունքների տարածմանը միտված քայլերը, որոնք ուղղված են նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Ըստ նրա, հեռանկարում կան Հայաստան-Թուրքիա-Եվրոպա եռակողմ մշակութային ծրագրեր:

 

Նայատ Կարակյոսեօղլուն խոսել է նաև 2010 թ. հրատարակված «Արևմտականացող Իսթանպուլի հայ ճարտարապետները» գրքի մասին, որը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայազգի ճարտարապետների ստեղծած կոթողները: Դրանք ոչ միայն բնակելի շենքեր, այլև պալատներ, մզկիթներ են, որոնք այսօր Ստամբուլի ճարտարապետական դիմագիծն են: Գիրքը ներկայացվել է Ստամբուլի տարբեր թանգարաններում 2010 թվականին, երբ քաղաքը հռչակվել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, ինչպես նաև Հայաստանում:

 

Նայատ Կարակյոսեօղլուն ներկայացրել է նաև  Թուրքիայում հայերի ունեցվածքի բռնագրավմանը նվիրված մի աշխատություն, որը հրատարակվել է 2012 թվականին:

 

«Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան. լրագրողների երկխոսություն» ծրագրի մյուս համակարգող՝ Նանե Մալեք-Ստանիանսն էլ ներկայացրել է 2011 թվականին սփյուռքահայ, թուրք կամավորների կողմից Հաբաբ գյուղի աղբյուրների վերանորոգման աշխատանքները և նշել, որ ստեղծվել է այդ մասին պատմող ֆիլմ:

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամին` ներկայացված հետաքրքիր տեղեկությունների  համար: «Մեր երկիր այցելելու համար պետք չէ հատուկ առիթներ փնտրել: Հայաստանը բաց է բոլորի առջև»,-նշել է նախարարը:

 

Այնուհետև լրագրողները մշակույթի նախարարին ուղղել են իրենց հարցերը: Պատասխանելով«Հաբերթուրք» լրատվականի լրագրող Վիլդան Այիի՝ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգությանը միտված ՀՀ մշակույթի նախարարության քաղաքականության վերաբերյալ հարցին, Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ, ըստ էության, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, և բնականաբար չեն կարող լինել նաև պաշտոնական հարաբերություններ մշակույթի ոլորտի լիազոր մարմինների միջև:

 

«Սակայն Թուրքիայում կա հայկական պատմամշակութային ժառանգություն, որի ուսումնասիրման, պահպանման խնդիրները շատ կարևոր են հայկական կողմի համար: Մենք ողջունում ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք նպաստում են հայ և թուրք մասնագետների, հետազոտողների, գիտնականների համատեղ ուսումնասիրությունների իրականացմանը: Ցավոք, այդ դեպքերն առայժմ եզակի են, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դրանք զարգանալու են և, բնական է, որ Հայաստանը շահագրգռված է այդ համագործակցությամբ»,-նշել է Հասմիկ Պողոսյանը:

Որպես օրինակ նախարարը նշել է վերջերս Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից  ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ուղղած դիմումը, որը վերաբերում է Անիի վերականգնմանը:

«Դուք գիտեք, որ Թուրքիան 2012 թվականին նախաձեռնել էր Անին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերի մեջ ներգրավելու գործընթացը, և այն մասնագիտորեն ուսումնասիրելու համար թուրքական կողմը մեզանից միջնադարյան հայ ճարտարապետության 3 մասնագետ է խնդրել: Մենք, բնականաբար, սիրով կընդառաջենք, և մեր մասնագետները կմասնակցեն այդ  գործընթացին: Կարծում եմ, որ նման օրինակներ հետագայում էլի կլինեն: Համատեղ աշխատելու այդ սկզբունքը մենք կիրառում ենք այն երկրների հետ, որտեղ կա հայկական պատմամշակութային ժառանգություն: Ուզում եմ հատուկ նշել Իրանի օրինակը: Մի քանի տարի առաջ իրանական կողմը նախաձեռնել է հայկական վանական համալիրները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության պահպանության ցանկում ընդգրկելու գործը: Այսօր այն ոչ միայն իրականություն է, այլև շարունակական գործընթաց. պարբերաբար ձևավորվում են նոր հայտեր Իրանի տարածքում գտնվող հայկական համալիրները վերոնշյալ ցանկերում ընդգրկելու նպատակով: Նաև հավելեմ, որ այսօր Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությունը լավ է պահպանվում: Կարծում եմ, որ մի օր այդպիսի գործընթաց կլինի նաև Թուրքիայում: Իմ կարծիքով, կարևոր հանգամանք է, որ և Հայաստանը, և Թուրքիան միացել են «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» և «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիաներին: Դրանք անդամ երկրներին պարտավորեցնում են պահպանել իրենց տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգությունը»,-նշել է Հասմիկ Պողոսյանը:

 

«Միլլիեթ» օրաթերթի լրագրող Բուրջու Կարաքաշը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ն Հայաստանի մասին մշակութային և տուրիստական տեղեկատվական աղբյուրներ կամ կայքեր, որոնցից կարող են օգտվել  Թուրքիայի քաղաքացիները:

 

Նախարարը նշել է, որ զբոսաշրջության զարգացումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և բազմաթիվ մասնավոր ընկերությունների գործառույթն է: «Պահանջարկից ելնելով, նրանք զարգացնում են զբոսաշրջության այս կամ այն ուղղությունը՝ տեղեկատվական փաթեթներ կազմելիս հաշվի առնելով բազմալեզու զբոսաշրջիկների հանգամանքը: Ավելի քան վստահ եմ, որ պահանջարկի դեպքում այդ նյութերը կստեղծվեն: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ այսօր՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում խնդիր է Հայաստանի մասին տեղեկություններ ստանալը: Իհարկե, պետք է անպայման այցելել Հայաստան: Իսկ դուք, որպես մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրողներ և ձեր աչքերով մեր երկիրը տեսած հյուրեր, պետք է հորդորեք, որ մարդիկ գան Հայաստան»,-ընդգծել է Պողոսյանը:

 

Հանդիպման ավարտին «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի համակարգող Աննա Եղոյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար:

 

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսելով մշակույթի տարբեր ոլորտներում (երաժշտարվեստ, թատրոն, կինո, գրականություն) հասարակական կազմակերությունների իրականացրած համագործակցության մասին, անդրադառձել է 2012 թվականից Երևանում անցկացվող «ԱրմԲուքԷքսպո» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվում են Հայաստանին, հայերին, Հայոց պատմությանն ու գրականությանը վերաբերող գրքեր՝ տարբեր լեզուներով և աշխարհի բազմաթիվ երկրներում տպագրված, այդ թվում նաև՝ Թուրքիայում: Նախարար Պողոսյանն առաջարկել է ակտիվորեն մասնակցել 2015 թվականին Երևանում անցկացվելիք «ԱրմԲուքԷքսպո» միջազգային 2-րդ ցուցահանդեսին:

 

«Դա ևս մեկ միջոց է հանրությանը ներկայացնելու գոյություն ունեցող մշակութային հարաբերությունները, և հուսով եմ, որ հաջորդ տարի ևս կհանդիպենք Հայաստանում»,-եզրափակել է Պողոսյանը:

Նույն շարքից