Հարցազրույց 

«Թանգարանների գիշեր»-ները այցելուների մեջ ինչ-որ օլիմպիական վազք է մտել». Նարինե Թուխիկյան

analitik.am

Մայիսի 17-ին, ժամը՝ 10:00-24:00-ն և մայիսի 18-ին, ժամը՝ 10:00-18:00-ն, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։ 1978 թվականից սկսած մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Ի՞նչ նշանակություն ունի հայերի համար այս տոնը և ինչպե՞ս ենք  մենք այն նշում: Այս և այլ հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցեց  Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն  Նարինե Թուխիկյանի  հետ:

- Տկն Թուխիկյան, գիտեմ, որ Դուք լավագույնս ծանոթ եք հայաստանյան թանգարանային մշակույթին:  Ի՞նչ նշանակություն ունի այս տոնը Ձեզ համար:


-Երբ «Թանգարանների գիշեր»-ների ավանդույթը ձևավորվեց Հայաստանում, առաջին 2-3 տարիներին ես դեռ թանգարանում չէի աշխատում: Ինձ համար տարվա ամենաերջանիկ օրերից մեկը հենց այդ օրերն էին: Ընկերներիս ու ընտանիքիս հետ ազատ պտտվում էի թանգարանից թանգարան և ոչ թե նրա համար, որ թանգարանները ես այդ օրը պետք է ճանաչեի, այլ  այդ օրը շատ հետաքրքիր մարդկանց էինք տեսնում: Մարդկանց, որոնց կերպարին կարոտ ես մնում: Հետո աշխատանքի անցա  Թումանյանի անվան տուն-թանգարանում:  Մեր ամբողջ թիմով մենք շատ ոգևորված ամեն տարի պատրաստվում ենք այդ օրվան, ինչպես այս տարի:

 

- Այդ օրը մեծ է լինում թանգարան այցելողների հոսքն ու աշխուժությունը: Ի՞նչ են հասցնում ստանալ նրանք այդ մեկ օրում և ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն:


- Այո, հոսքը մեծ է լինում: Օրինակ՝ նախորդ տարի «Թանգարանների գիշեր»-ի շրջանակներում Թումանյանի տուն-թանգարանի այցելուների թիվը 10 հազարից ավելին էր: Բայց պետք է ցավով նշեմ, որ տարեցտարի, այդ խանդավառության հետ մեկտեղ, մենք  զգում ենք, որ այցելուների մեջ ինչ-որ օլիմպիական վազք է մտել: Շատ անգամ առանց գիտակցելու կամ առանց զգալու այդ օրվա հմայքը մտնում և դուրս են գալիս: Այդ օրը թանգարաններ այցելելն անվճար է և հենց այդ անվճարության չարաբաստիկ գործոնն է դրա պատճառը: Մեր մոնիտորինգը դա է ցույց տալիս: Դա ուղղակի պետք է լինի ուրախ օր, լրացուցիչ բերկրալի մի բան, պետք է մասնակից դառնաս այդ մթնոլորտին: Բացի այդ, պետք է նշեմ, որ այդ օրը թանգարանների ամենակարևոր հատվածների մի մասը փակ են լինում՝ զուտ անվտանգությունից ելնելով, այդ թվում՝ մեր թանգարանում: Կցանկանամ, որ այդ օրը տանից դուրս գալու և թանգարան գնալու մարդկանց շարժառիթը ոչ թե անվճար մուտքը լինի, այլ՝ տոնական երեկոն և լիցքաթափվելու ցանկությունը լինի:

 

- Իսկ այս տարի ինչպե՞ս է այս տոնին պատրաստվել Թումանյանի տուն-թանգարանը:


- «Թանգարանների գիշեր 2014»-ի խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մեզ»: Ֆրանսիայի առաջարկով ՝ այդ օրը դու ինտերակտիվ կապով կարող ես ինքնանկար անել և միանալ մի հսկայական սարդոստայնի: Քո լուսանկարը, ասենք, կարող է  հայտնվել Հռոմի կամ Լոնդոնի թանգարաններից մեկի պատին: Այսինքն՝ այդ պահին արված քո «թանգարանային ինքնանկարը» կարող ես տարածել ամբոջ Եվրոպայով: Սա ուրախ և երիտասարդական միավորով ծրագիր է: Կոնկրետ մեր թանգարանը ավելի է նեղացրել «Թանգարանները միավորում են մեզ» խորագիրը: Այս տարի մենք մեր թանգարանի մատույցներում  կկազմակերպենք տոնավաճառ-ակցիա սիրիահայերի մասնակցությամբ, որտեղ նրանք կներկայացնեն և կվաճառեն իրենց ձեռքի աշխատանքներն ու հմտությունները, ու հասույթը իրենց կմնա: Եվ եթե իրենք դրանով կարողանան թեկուզ 1-2 օրվա ապրուստը վաստակել «Թանգարանների գիշեր 2014»-ի շրջանակներում, մենք գոհ կլինենք:  Կլինի նաև սիրիահայ տիկոջ ձեռքով պատրաստած անուշեղենի վաճառք:

 

- Թե  «Թանգարանների գիշեր»-ի և թե մնացած օրերին այցելուներին պատշաճ ընդունելու և գոհացնելու համար յուրաքանչյուր թանգարանի ֆինանսներ և միջոցներ են հարկավոր: Թումանյանի տուն-թանգարանն այս պահին ի՞նչ խնդիրներ ունի այդ առումով:


- Պետությունը ֆինանսավորում է մեզ  թե աշխատավարձի տեսքով, թե միջոցառումների և ծրագրերի մի մասով: Մենք մեր կողմից ևս ավելացնում ենք ֆինանսավորումը մեր աշխատանքի շնորհիվ: Իհարկե, ունենք գլոբալ խնդիրներ, որոնք զուտ պետության կողմից պետք է ֆինանսավորվեն: Բարեբախտաբար, մենք այս տարի հիմնանորոգեցինք Թումանյանի բնակարանի տանիքը՝ շնորհիվ պետության: Նախկին տանիքը փայտաշեն էր և բավական հին, հետևաբար՝ մեծ վտանգ էր ներկայացնում թանգարանի համար:  Բայց մենք ունենք երկու կաևրոր խնդիր՝  ջեռուցման և օդափոխության խնդիրները: Երևի չեմ սխալվի, որ ասեմ՝ օդափոխության հարցը լուծված չէ Հայաստանի որևէ թանգարանում: Դա թանկ արժե, բայց մշակութային արժեքի պահպանության  կարևորագույն գործոններից է:  Ունենք կոսմետիկ նորոգման խնդիր. շենքը ներսից բավականին աղտոտված է: Այսինքն՝ դրանք հարցեր են, որոնք կապված են մեծ գումարների հետ: Եվ որքան էլ որ մենք լավ  աշխատենք, այդ գումարները չենք կարող հավաքել: Հետո, վերջապես, Թումանյանը ազգային հարստություն է, և պետությունը պետք է լուծի այդ խնդիրները:

 

- Մոտենում է ամառը ու Հայասատան այցելող զբոսաշրջիկների թիվն այս եղանակին, սովորաբար, զգալի մեծանում է: Դա ինչպե՞ս է ազդում Թումանյանի տուն-թանգարանի վրա:


- Ամռանն ավելանում է թանգարան զբոսաշրջիկների թիվը, բայց պակասում են տեղացիների թիվը: Շատ ուրախալի է, որ զբոսաշրջիկները հետաքրքրվում են թանգարանով: Եթե նրանց մի մասը սփյուռքահայեր են, ապա մյուս մասը՝ օտարերկրացիներ: Հետաքրքիր է, որ դրսում չճանաչված գրողի տուն-թանգարան գալիս են նրանք և հետաքրքրվում:

 

- Իսկ թանգարանն ինչպե՞ս է «լեզու գտնում» զբոսաշրջիկների հետ:


- Ունենք անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի և ռուսերենի մասնագետներ: Ունենք նաև աուդիո տարբերակով թանգարանի մասին պատմող նյութեր՝ անգելերեն և պարսկերեն:  Բայց փորձը ցույց տվեց, որ զբոսաշրջիկները չեն սիրում օգտվել աուդիո տարբերակից, նախընտրում են կենդանի շփումը: Նրանց համար մշակել ենք թանգարանը ներկայացնելու յուրօրինակ ձև, օրինակ՝ իրենց պետք չի և հետաքրքիր էլ չի ներկայացնել ամեն ինչ, իրենց համար ընտրում ենք կարևորագույն ինֆորմացիանները: Մեր էքսկուրսիոն տեքստը բացարձակ տարբեր է յուրաքանչյուր տարիքի, յուրաքանչյուր մասնագիտության, ազգության մարդկանց համար: Օրինակ՝ եթե այցելուն բժիշկ է, մենք ներկայացնում ենք, որ բժշկագիտության հետ Թումանյանը առնչվել է: Նա ուսումնասիրել է առաջին բուժօգնության կանոները, իր բալիկներին ինքն է բուժել: Ունեցել է նաև խոհարարական հմտություններ և այլն:

 

- Իսկ հայ դպրոցականները որքանո՞վ են հետաքրքրված Թումանյանով և նրա տուն-թանգարանով:


- Կարող եմ ասել՝ բավական: Մենք մղոններով հեռու ենք սառը-դասագրքային տեքստերից, իսկ դա երեխաներին գրավում է: Թանգարանները երեխաների համար հմայիչ են և կարծում եմ՝ պետք է ավելանան կրթական ծրագրերին: Երեխաների մեջ դասագրքային նստվածքը պետք է փոխվի: Կարծրատիպ, որ Թումանյանը բարի պապիկ է եղել: Բայց չէ որ նա էլ բոլորի պես փոքրիկ բալիկ է եղել, չարաճճիություններ  արել: Մենք այդ ամենի մասին պատմում ենք երեխաներին և նրանց շատ ոգևորվում են դրանով, շատ ուրախ գնում են այստեղից: Իրենք մտերմանում են Թումանյանի հետ:

 

- Եվ, որպես վերջաբան, ի՞նչ կասեք այցելուներին:


- Կասեմ՝  մենք այնպես ենք անում, որ թանգարանը չդառնա մեկանգամյա այցելության վայր:  Բայց եթե մենք ուզում ենք, որ նույն այցելուն էլի գա, պետք է անընդհատ նորն առաջարկենք: Մենք դա անում ենք: Ուղղակի կխնդրեի, որ այցելուները ուշադիր լինեն: Հետևեն սոցիալական ցանցերով, թե ինչ նորություններ են լինում, իսկ դրանք հաճախ են լինում: Օրինակ՝ մենք նոր բան ենք մտածել: Հիմա երեխաները մեզ մոտ հնարավորություն ունեն եռաչափ եղանակով դիտել «Ձախորդ Փանոսը»: Փորձը ցույց է տալիս, որ դա երեխաներին դուր է գալիս: Ոգևորված դուրս են գալիս ու հայտարարում, որ էլի են գալու, բայց այս անգամ ուրիշ հեքիաթ են պահանջում: Արդեն պահաջներ են ներկայացնում,  և դա հրաշալի է:

 

Հարցազրույցը՝ Սեդա Հերգնյանի

 

 

 

Նույն շարքից