Բարի օր Իրավական Հարցազրույց 

Ի՞նչ է,  իր մտքի աճպարարությամբ Ալիկ Սարգսյանը  փորձում է «քար գցել» հարուցված քրեական գործի գլխի՞ն. Գայանե Զարգարյան 

analitik.am

2018 թվականի  մարտի 15-ին  ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր  քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել էր «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի մարզի Կանաչուտ գյուղում  նկարահանումներ իրականացնելիս ենթարկվել էր հետապնդման։ Նույն օրը ձեռնարկվել էին  անհրաժեշտ քայլերը՝ հոդվածում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ, լրագրողը հրավիրվել էր քննչական վարչություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողը պնդել էր հոդվածում նշված հանգամանքները և հայտնել, որ Կանաչուտ համայնքում գտնվող ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Ա.Սարգսյանին պատկանող տունը նկարահանելիս խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը։ Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մարտի 16-ին Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Նշենք, որ քննության առարկա են դարձել միջադեպին առնչվող տեսագրությունները։

Պարզելու  համար, թե այս պահի դրությամբ  ինչ տեղաշարժ կա մարտի 15-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված, Analitik.am-ը զրուցեց Fnews.am-ի հիմնադիր, լրագրող Գայանե Զարգարյանի  հետ:

Տիկին Զարգարյան, նախ սկսենք նրանից, թե ո՞ր փուլում է  մարտի  15-ին Կանաչուտ համայնքում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ գործի քննությունը: 

Թերևս, տեղյակ եք, որ  միջադեպի հաջորդ օրը՝ ս.թ-ի մարտի 16-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Քանի որ  այս պահին  գործը նախաքննության փուլում է,  նախաքննության գաղտնիությունից ելնելով,   մանրամասներ հայտնել չեմ կարող:

 Այնուամենայնիվ, մինչ այս պահը գո՞հ եք նախաքննության ընթացքից:

Առայժմ զերծ կմնամ որևէ կարծիք հայտնելուց, քանի դեռ նախաքննությունն ավարտված չէ:

Կարծում եմ՝  նախաքննության ընթացքում  կիրականացվեն անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր  հանգամանքների  բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու  համար:

Երեկ Ձեր հարցազրույցում  նշել էիք, որ մարտական եք տրամադրված  և որ նույն ոգով շարունակելու եք պայքարել մինչև վերջ, դիրքորոշումը նու՞յնն է:

Այո, ասել եմ և հիմա էլ պնդում եմ նույնը: Ոչ միայն Արարատի մարզի  բդեշխները, այլև  որևէ  մեկը  չի կարող խոչընդոտել իմ  մասնագիտական գործունեությունը և չի կարող  որևէ ճանապարհով ճնշում գործադրել ազատ խոսքի վրա:

Այս օրերին  կարծիքներ են հնչում, որ Դուք ներխուժել եք  ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սեփական տարածք՝ փորձելով լուսանկարահանել Սարգսյանների առանձնատունը: Ի՞նչ կասեք այս մասին: 

Ի գիտություն անտեղյակների ու արջի ծառայություն մատուցողների՝   ես որևէ մեկի սեփականություն հանդիսացող տարածք չեմ ներխուժել  և որևէ անօրինական գործողություն չեմ իրականացրել:

Ես կատարել եմ իմ օրինական գործունեությունը, որի  ընթացքում   էլ  ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր որդու և նրան ձայնակցող  մեկ այլ երիտասարդի «թեթև ձեռքով» խոչընդոտվել է  իմ մասնագիտական գործունեությունը:

Ավելին՝  այդ հղփացած ու լկտիացած երկու երիտասարդները մեզ հետապնդել են  Կանաչուտից մինչև Երևան՝ փորձելով վթարային իրավիճակ ստեղծել:

Սարգսյանների դինաստիայի «երդվյալ ատենակալները»,  եթե կներկայացնեն փաստեր, որ Կանաչուտի գյուղամիջյան գլխավոր ճանապարհն  Ալիկ Սարգսյանի սեփականությունն է և որ  նա միակ բաժնետերն է  այդ գլխավոր ճանապարհի, ապա խնդրեմ՝ ես կհամաձայնեմ, որ ներխուժել եմ Ալիկ Սարգսյանի սեփականություն հանդիսացող տարածք:

Պարտադիր չէ ամեն վարկյան ի ցույց դնել սեփական տգիտությունն ու անտեղյակությունը  և վերջապես նախկին ուսադիրավորը, վստահ եմ, որ մանրազնին ուսումնասիրել է  իր առանձնատան տեսախցիկների ողջ բովանդակությունը:

Կասկածից վեր է, որ նա  իր զույգ աչքով տեսել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ինչքան էլ, որ Սարգսյանն ու  նրան հարող խումբ-խմբակը թոզ փչի՝տպավորություն ստեղծելու համար, հավատացեք, դրանք անպտուղ ջանքեր են:

Ի դեպ, հենց այսօր Ալիկ Սարգսյանը հարցազրույց էր տվել լրատվականներից մեկին և խոսելով  այս միջադեպի մասին՝  ասել էր, որ այդտեղ որևէ միջադեպ չի տեսնում  ու նշել էր, որ ինքն  այդ օրը  Հայաստանում չի եղել : Իր  առանձնատան մասին  խոսելիս էլ նա  նշել էր, որ դա նոր առանձնատուն չէ,  պարզապես այնտեղ երեսապատման՝«աբլիցովկայի»,  աշխատանքներ են կատարվում:

Ավելին՝ նա նշել էր, որ այնտեղ նկարահանելու նյութ չի տեսնում, և որ ինքն ու իր եղբայրը,  եթե  տանը լինեին,  Ձեզ  կհրավիրեին ներս, սուրճ կհյուրասիրեին և  ներսում նկարահանելու ավելի շատ բան կլիներ: Ի՞նչ կասեք այս մասին:

Նախ՝ Ալիկ Սարգսյանն ու իր եղբայրը,  եթե արդեն տանն են,   ճիշտ կանեն՝ զբաղվեն  իրենց ժառանգի դաստիարակությամբ: Ինչ վերաբերում է  Ալիկ Սարգսյանի  հնչեցրած ճաճանչափայլ  մտքերին, միանգամից ասեմ, որ նրա դեպքում ամեն բան հնարավոր է: Չեմ զարմանում. Իր էքսցենտրիկ տեսակին նա  հավատարիմ է մնում բոլոր ժամանակներում: Այսօր էլ նա, ըստ էության,  իր ափսեի մեջ է եղել: Գիտեք՝  ինձ թվում է, որ  Ալիկ Սարգսյան երևելի անձի  հակառակորդն Ալիկ Սարգսյանն է: Նույն ամբարտավանն է՝ ցանկացած իրավիճակում հայտնվելու  պարագայում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ալիկ Սարգսյանը  մեր երկրում ոչ թե պատգամավորի, այլ ցանկացած պատմության  միջից չոր դուրս գալու հատուկ «մանդատ» ունի:   Ու պատգամավորի մանդատն այս դեպքում նույնիսկ ավելորդություն է:

Իսկ իր մտքի փայլատակումներին՝ կոնկրետ   մարտի 15-ին տեղի ունեցած  միջադեպի մասով, նախ   կասեմ հետևյալը.

ՀՀ  նախկին Ոստիկանապետ, իրավաբանության ոլորտի  «գիտակ» Ալիկ Սարգսյանն  այդ  ո՞ր պրիզմայով է անցկացնում, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ի՞նչ է Ալիկ Սարգսյանը  նախապես փորձում է  կասկածի տակ առնել նախաքննություն իրականացնող մարմնի  աշխատանքը,   թե՞  իր մտքի աճպարարությամբ  փորձում է այս գլխից  «քար գցել»   հարուցված քրեական գործի գլխին:

Մեջբերում եմ քննչական կոմիտեի մարտի 17-ին տարածած հաղորդագրությունից մի հատված.

«Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մարտի 16-ին Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում»։

Այդ ինչպե՞ս եղավ, որ այսքանից հետո էլ Ալիկն  իր առանձանատան մոտ տեղի ունեցածը միջադեպ չի համարում  և չի տեսնում, որ միջադեպ է տեղի ունեցել:

Ինչու՞ է Ալիկը ժամանակից շուտ սկսում «աղմկել» և ինչու՞ չի սպասում  նախաքննության ավարտին, ի՞նչ է,  այս ճանապարհով նա փորձում է տպավորությո՞ւն  ստեղծել, թե՞  իրականում անլուրջ է վերաբերում նախաքննություն իրականացնող մարմնին՝ երևի  հասկացնելով, որ ինքն իր «սարերի  օրենքով»  արդեն իսկ  սեփական նախաքննությունն ավարտել է ու  որևէ միջադեպ  ինքն  այնտեղ չի տեսել: Կարճ ասած. Գործը  կարճել է…

Այդ նույն Ալիկ Սարգսյանն էր, ով 2010 թվականին, լինելով գործող ոստիկանապետ, հրապարակավ ներողություն խնդրեց   բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն էր տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել՝ նշելով,  որ ինքը պատժելու է  իր բոլոր  այն աշխատակիցներին, ովքեր իրեն սխալ ինֆորմացիա են տվել ու անհարմար վիճակի մեջ գցել:

Հիմա՝ ս. թ-ի մարտի 15-ին,  չլինելով ՀՀ-ում՝  Սարգսյանը որքանո՞վ է վստահ, որ իրեն ճշգրիտ ինֆորմացիա են տրամադրել, և որ այս դեպքում էլ ինքը չի կարող անհարմար վիճակում հայտնվել: Այդ ո՞վ է Ալիկին նման երաշխիքներ տվել…

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեր նկարահանած առանձնատունն այնքան էլ հրապուրիչ չէ, ապա այ այս հարցում մեր տեսակետները գուցե համընկնեն: Այո, եթե մենք համեմատելու լինենք մշտապես պետական պաշտոններ զբաղեցրած Ալիկ Սարգսյանի՝ օրինակ  Թումանյան փողոցում,  Ալեք Մանուկյան փողոցում, Ծաղկաձորում  և արտերկրում ունեցած նրա   կապիտալների հետ, ապա, ինչ խոսք, Կանաչուտ համայնքում  ունեցած առանձնատունը կարող է և անհրապույր համարվել:

Ալիկ Սարգսյանը, ի վերջո, այս երկրի  «վերին արտի ցորենը»  չէ, որ ինչը ոնց ուզի, այդպես էլ տեսնի: Ցանկացած բարոյական  ու բանական մարդ Ալիկի փոխարեն  կամաչեր ու իրեն հաշիվ կտար՝ իր ազգակցի  թույլ տված անմարդկային ու լկտի պահվածքի  համար, որի հետևանքները կարող էին բառիս բուն իմաստով անդառնալի լինել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից