Հունվարի 25-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Գուստավ Մալերի մեծակտավ 9-րդ սիմֆոնիան` Սերգեյ Սմբատյանի մեկնաբանությամբ։
Ավստրիացի կոմպոզիտորի այս սիմֆոնիան հազվադեպ է կատարվում Հայաստանում։ Մալերն այդպես էլ չլսեց իր այդ ստեղծագործությունը. նա մահացավ սրտի հիվանդությունից՝ պրեմիերայից մեկ տարի առաջ։ Հենց այս պատճառով շատ երաժշտագետներ այս ստեղծագործությունը համարում են «հրաժեշտի սիմֆոնիա», թեև Մալերը սկսել էր աշխատել նաև 10-րդի վրա, որն այդպես էլ մնաց անավարտ։
Որոշ աղբյուրներ նշում են, որ Մալերը սարսափում էր «9-րդ սիմֆոնիայի անեծքից», ըստ որի՝ կոմպոզիտորները մահանում են 9-րդն ավարտելուց հետո (ինչպես Բեթհովենը կամ Շուբերտը)։ Այդ պատճառով իր 8-րդ սիմֆոնիայից հետո գրված հաջորդ մեծածավալ գործը նա չհամարակալեց՝ անվանելով այն «Երկրի երգը» (Das Lied von der Erde)։ Միայն դրանից հետո նա համարձակվեց գրել պաշտոնական 9-րդ սիմֆոնիան, որն ի վերջո դարձավ նրա վերջին ամբողջական ստեղծագործությունը։
Բաց մի՛ թողեք այս բացառիկ ստեղծագործությունն ունկնդրելու հնարավորությունը հունվարի 25-ին՝ ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Պաստառի նկարի հեղինակը Տիգրան Ձիթողցյանն է։