Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես ուղղակի ապշած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի արժեքի վերաբերյալ այդքան անլուրջ մոտեցում ունենալ

analitik.am

Երկու օր առաջ Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ընդդիմությունն այսօր Հայաստանում ուժեղ է ավելի քան երբեք: Սակայն ստացվում է այնպես, որ նույն ընդդիմությունը ¼ ստորագրություն է հավաքում, որպեսզի խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծի: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով քննիչ հանձնաժողով ստեղծելու կարգը:

Օրենքով, եթե ԱԺ նախագահը 3-օրյա ժամկետում ստորագրությունները չի ներկայացնում նախաձեռնողներին և չի ասում, որ խնդիր կա, պետք է հայտարարի, որ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է. «Դեկտեմբերի 5-ին ԱԺ նախագահը հայտարարություն արեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին»,-ասաց Մարուքյանը՝ մեջբերելով Միրզոյանի հայտարարությունը:

«Ես ուղղակի ապշած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի արժեքի վերաբերյալ այդքան անլուրջ մոտեցում ունենալ: Բայց դե ամեն մարդ ինքը գիտի, իր գործն է: Այստեղ ԱԺ նախագահի դիրքի հարց է: Ամեն մարդ իր գործողություններով է ցույց տալիս, թե որքանով է այդ դիրքը լուրջ»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Մարուքյանի խոսքերով, ստացվում է, որ հանձնաժողովն արդեն ստեղծված է եղել, մնում էր կազմը հաստատել, ինչի փոխարեն իշխանության պատգամավորները հայտարարում են, որ դրա իրավունքը չկա. «Նրանք պատրաստվել էին պրոցեսը խեղաթյուրելուն»:

ԼՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև Լիլիթ Մակունցին՝ հայտարարելով, որ խորհրդարանական երկրներում ամենակարևոր պաշտոնյաներից մեկն իշխանության խմբակցության ղեկավարն է. «Նա երեկ հայտարարում էր, որ Իմ քայլը դաշինքը որոշել է դեմ քվեարկել: Նրանք իրենց չքվեարկելով տապալեցին հանձնաժողովի կազմի ձևավորումը, այնինչն հանձնաժողովն արդեն ձևավորված էր»:

Մարուքյանը նշեց, որ հանձնաժողովն ունենալու էր 7 անդամ, որտեղ 3-ը լինելու էին Իմ քայլից և առանց նրա որևէ որոշում չէր կայացվելու, նույնիսկ չէին կարող հրավիրել Հայկ Մարությանին, եթե իմքայլականները դեմ լինեին. «Իշխանությունը վախենում է հանձնաժողով ստեղծելուց: Կան կասկածներ, դրանք փարատելու փոխարեն, ավելի են արմատավորում»:

Նույն շարքից