Հայաստան Քաղաքականություն 

Սխալների և դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը. Հայտարարություն

ՀՀ դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը հիմովին բարենորոգելու  հրամայականը:

Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի 2020 թ. վերջին զարգացումները մեր պետությունից պահանջում են արագ և վճռական արձագանքում, բազմակողմ գործողություններ հանրային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտում:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության պետական համակարգը կարևորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է,  իսկ հասարակական, քաղաքական փոխըմբռնումը գաղափարակից ուժերի միջև գնալով թուլանում է:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը, որը քննվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով, առավել բևեռացրեց իրավիճակը. պարզ դարձավ, որ Հայաստանում դրսի և ներսի աջակցությամբ դեռևս ամուր են այն ուժերը, որոնք կարող են իրենց նպատակների իրականացման ճանապարհին սպանություններ կատարել, ինքնասպանության հասցնել՝ համոզված լինելով, որ նախկինի պես ոչինչ չի բացահայտվի, և անպատիժ կշարունակեն իրենց հանցագործ ծրագրերը՝ ի վնաս մեր  պետական անվտանգության:

Պետության համար նույնքան վտանգահարույց են տնտեսական և սոցիալական քաղաքականության մեջ թույլ տրվող բացթողումները:

Նախաձեռնվում են արտաքուստ բարի մտադրություններ կամ տրամաբանություն հետապնդող քայլեր, որոնք սխալ ելակետ ունեն, բնավ մշակված չեն, որի հետևանքով պետական, հանրային շատ ոլորտներ ցնցումների մեջ են հայտնվում:

Այսպես՝ մարզային ոչ մեծ ծննդատների փակման որոշումները այն պատճառաբանությամբ, թե այնտեղ բավարար ծննդօգնություն չի մատուցվում, մասնագետներ չկան, ծնունդները քիչ են, ապացուցում է, որ պետությունն օտարվում է իր հիմնական գործառույթից՝ ապահովել ենթակառուցվածքների ու տարածքների համաչափ զարգացումը՝ կանխելով բնակչության կործանարար կենտրոնացումը խոշոր քաղաքներում:

Կամ միայն սպանդանոցներում կենդանիների մորթը կազմակերպելու ճիշտ մոտեցումն այնքան անպատրաստ, հապշտապ և անշրջահայաց ներդրվեց, որ մեր պետության մեջ կրկին փողոցներ են փակում, բողոքի օղակի մեջ սեղմում կառավարության շենքը:

Իրավիճակի կարգավորման քաղաքական գործիքները նահանջում են ոչ քաղաքական և բնավ ոչ քաղաքակիրթ մեթոդների առջև: Ազգային ժողովում օրերս ծավալված բանավեճերի մակարդակը վկայում է, որ  գողական կամ բակային ենթամշակույթը դեռ շատ ամուր է խորհրդարանական կառավարում որդեգրած մեր պետության մեջ:

«Ժառանգությունը», որն իր գործունեության ողջ ընթացքում պայքարել է ազատ և ժողովրդավարական արժեքների հաղթանակի համար՝ հանուն ինքնիշխան. անվտանգ, և կայուն առաջընթաց ապահովող Հայաստանի, մտահոգությամբ նշում է, որ ՀՀ իշխանության բոլոր թևերում՝ դատական, օրենսդիր և գործադիր, խորանում է ընդհանուր կառավարման ճգնաժամը, վստահության ներուժը սասանվում է:

Սխալների և դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը:

Հանուն ժողովրդավարական, թավշյա և ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի վարչապետը պետք է նախաձեռնի նոր քայլ՝ բարենորոգելու  դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը հնարավոր իրավաքաղաքական մեթոդներով:

Կլինի դա ազգային համաձայնության կառավարության կազմումը, ուժային կառույցների բարենորոգումը, դատական համակարգի վերբեռնումը, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը:

Հանրությունը և գաղափարակից քաղաքական-հասարակական ուժերը սպասում են վճռական քայլին:

«Ժառանգություն» կուսակցություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից