Հարցազրույց 

Սիրիայի դեպքերի ազդեցությունը Երուսաղեմի հայ համայնքի վրա

analitik.am

Սիրիայում տեղի ունեցող դեպքերի, ինչպես նաև Քեսաբի դեպքերի՝ հայ համայնքի՝ մասնավորապես Երուսաղեմի հայ համայնքի վրա  ազդեցության հետ կապված www.analitik.am-ը զրուցեց Երուսաղեմի հոգևոր ճեմարանի պատմության դասախոս, քաղաքական վերլուծաբան Աշոտ Բալասանյանի հետ:

 

 

Ի՞նչ է ձեռնարկել պատրիարքարանը՝  Սիրայում տեղի ունեցած բախումների հետ կապված:


Նախ նշեմ, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հոգևոր հաստատություն է, և նրա առաջին առաքելությունը, եթե ոչ միակը, համայնքի հոգևոր պետքերը հոգալն է: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի և Իսրայելի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, երբեմն ստիպված է լինում կատարել նաև այլ առաքելություն:

 

Բնականաբար Պատրիարքարանը չէր կարող անտարբեր մնալ այս դեպքերին: Պատրիարքարանն իր հնարավորությունների չափով կարողացավ իր լուման ունենալ զինված բախումների հետևանքով առաջացած գաղթականներին որոշակի օգնություն ցույց տալով՝ ֆինանսական առումով: Այսինքն՝ Պատրիարքարանի ձեռնարկած գործառույթը կամ գործունեությունը նախ և առաջ ունի միայն հոգևոր-հումանիտար բնույթ:

 

    Ինչպե՞ս արձագանքեցին արաբական և հրեական շրջանակները Քեսաբում տեղի ունեցած դեպքերին:


Իրականում սա շատ նուրբ հարց է, նկատի ունենալով կոնֆլիկը, այն չի պահանջում էմոցիոնալ լուծում, այլ պետք է սառը դատողություն:

 

Արաբական համայնքը կամ միջավայրը ցուցաբերեց չափազանց զգուշավորություն: Մի կողմից փորձեցին որոշակի դիրքորոշում ցուցաբերել, մյուս կողմից՝ դաշնակիցներ փնտրել՝ կարծես թե սպասելով, թե աշխարհը՝ արևմուտքն ու հյուսիսը, կոնկրետ ինչ քայլերի կդիմեն, ըստ այդմ փորձելով որդեգրել որոշակի քաղաքականություն: Այսինքն խոսել արաբական դիվանագիտության մասին անիմաստ է, քանի որ այն, որպես այդպիսին չկա:

 

   Լրիվ այլ իրավիճակ էր հրեական քաղաքական շրջանակներում: Այստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է: Բայց ի վերջո այստեղ էլ կա քաղաքական երկակիություն. Մի կողմից Իսրայելը հանդես է գալիս որպես ԱՄՆ սերտ դաշնակից, մյուս կողմից՝ մեկ այլ վերաբերմունք է ցուցաբերում, մեկ դաշնակցում է Թուրքիային, որի հետ հարաբերությունները Մարմարայի դեպքերի հետ  այդքան էլ բարիդրացիական չեն:  Այս ամենով հանդերձ Իսրայելը մի գուցե ոչ պաշտոնապես, սակայն սատարում է և Թուրքիային, և ԱՄՆ-ին, նույնիսկ աջակցում ալ-Կաիդային Թուրքիայի տարածքով Սիրիա-Քեսաբ ներթափանցման հարցում: Տրամադրել է նաև հետախուզական տվյալներ: Այստեղ այս երեքի շահերն էլ համընկնում են այն հարցով, որ թիրախային կետը Սիրիան է՝ իր քրիստոնեական համայնքով: Ի միջիայլոց արևմտյան մի քանի ԶԼՄ-ներ Քեսաբում կատարվածը բնորոշել են որպես մասսայական կոտորած:

 

Ի՞նչ ազդեցություն է թողել Պաղեստինում հայերի այն հայտարարությունը, որ պետք է զինված ջոկատներ կազմել և ուղարկել Սիրիա՝ պաշտպանելու հայությանն ահաբեկիչներից:


 Այս հայտարարությունը ոչ մի արձագանք չի գտել Պաղեստինում՝ ոչ պաշտոնական շրջանակներում, ոչ էլ հասարակության մեջ: Այդ հայտարարությանը լուրջ չեն մոտեցել, այնուամենայնիվ արաբական շրջանակների և պաշտոնական էլիտայի մասին խոսելիս պետք է ցուցաբերել զգուշավորություն այն առումով, որ այլ բան է կարծիք կազմել արաբական աշխարհի մասին ԶԼՄ-ներից, այլ բան է ապրել արաբական միջավայրում և ծանոթանալ նրանց մենթալիտետի հետ: Սրանք լրիվ տարբեր վիճակներ են, նույնիսկ հակասական:


Եթե կարճ լինեմ՝ Պաղեստինը ոչ մի կերպ չի արձագանքել այդ հայտարարությանը պարզապես լուրջ չվերաբերվելու պատճառով: Փոխարենը նշեմ, որ Պաղեստինի կառավարությունը շատ բարյացկամ է տրամադրված պաղեստինահայ համայնքի նկատմամբ, այն աստիճան, որ առաջինը ճանաչեց Երուսաղեմի նորընտիր հայոց պատրիարքի լիազորություններն  իբրև պատրիարք՝ ըստ արարողակարգի:

 

Արդյոք Քեսաբի դեպքերը կարող են թուլացնել Պատրիարքարանի ազդեցությունը Երուսաղեմում:


Քեսաբի դեպքերը ոչ մի կերպ չեն ազդել և չեն էլ կարող ազդել Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի հետագա գործունեության վրա այն պարզ պատճառով, որ Պատրիարքարանը իրականացնում է բացառապես  հոգևոր-հումանիտար առաքելություն, իսկ այս կամ այն հայտարարությունները կրում են հոգևոր-մարդասիրական բնույթ: Պատրիարքարանի ներկայությունն ու գործունեությունը կարող է նվազել կամ թուլանալ մի դեպքում, երբ լինի համայնքի զանգվածային գաղթ:

 

 Առայժմ նման մտահոգություն չկա,  ավելին, Պատրիարքարանի ներկայությունն ինչ-որ զսպաշապիկի դեր է կատարում Մերձավոր Արևելքում, և վերջինիս կորուստը կամ բացակայությունը բացասական կանդրադառնա այս տարածաշրջանի հայ գաղթօջախների հետագա գոյության վրա: Ինչպես ընդունված է ասել՝  Երուսաղեմի հայ համայնքը հայրենիք է սփյուռքի մեջ, և սփյուռք է հայրենիքից դուրս:

 

Հ.Գ. Պատրիարքարանի դիրքորոշման և գործունեությանը վերաբերող պատասխաններն իմ սեփական տեսակետն է:

Նույն շարքից