Հարցազրույց 

ԲԱԱԱ նպատակը Հայաստանում ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ առողջապահական համակարգ ունենալն է. բժիշկ-արյունաբան

analitik.am

Առողջապահությունը պետական քաղաքականության այն յուրահատուկ ոլորտներից մեկն է, որտեղ ամենամեծ դերն ունի մարդ գործոնը: Խորհրդային Միությունից մեզ ժառանգություն մնացած Սեմաշկոյի մոդելով առողջապահության համակարգում խնդիրները բազմաթիվ են՝ համակարգի թերֆինանսավորումից ու  բժիշկների չպաշտպանվածությունից մինչև բժիշկ- հիվանդ հարաբերությունների խաթարումն ու հիվանդների կողմից՝ բժիշկների նկատմամբ օրեցօր աճող  աճող անվստահությունն ու դժգոհությունը:


 Հենց այս և նաև առողջապահության համակարգում առկա մի շարք այլ խնդիրների լուծման նպատակով էլ դեռ 2012թ.-ին ստեղծվեց Բժշկական Ազատ- Անկախ Արհմիությունը: Արհմիության նպատակների, խնդիրների, իրականացված գործունեության ու նաև հետագա քայլերի մասին www.analitik.am-ը զրուցեց արհմիության անդամ, բժիշկ- արյունաբան Գևորգ Թամամյանի հետ:


-Ե՞րբ և ու՞մ կողմից ստեղծվեց Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը:


-Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը ստեղծվեց 2012թ.-ի ամռանը, մի խումբ բժիշկների կողմից:


-Ինչպե՞ս ծնվեց արհմիության ստեղծման գաղափարը:


-Այն ժամանակ բավականին հաճախացել էին բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը, ինչն էլ, կարծես, հենց հանդիսացավ այդ խթանը: Ճանաչված մանկական արյունաբան Սամվել Իսկանյանի կողմից առաջարկվեց օրենքի նախագիծ, համաձայն որի, աշխատանքի ընթացքում բուժծառայողի հանդպեպ բռնություն գործադրողի նկատմամբ սահմանել բավականին խիստ պատիժ՝ 10 տարվա ազատազրկում և դա եղավ Արհմիության առաջին «միավորող» գաղափարը:


- Ինչպիսի՞ կառույց է Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը:


-Ի սկզբանե ԲԱԱԱ-ն ստեղծվեց Ֆեյսբուքում, սակայն շատ արագ դուրս եկավ վիրտուալ իրականության պատերից: Ինչպես անունն է հուշում, այն ազատ է և անկախ: Արհմիությունը չունի ղեկավարներ, չի զբաղվում քաղաքականությամբ և բոլոր անդամները հավասար են: Այսինքն, եթե անդամներից որևէ մեկն ունի լավ գաղափար կամ որևէ խնդիր, կարող է ազատ՝ առանց որևէ խոչընդոտի, ներկայացնել Արհմիությունում, գտնել համախոհներ և փորձել այն իրագործել: Իմ կարծիքով, ստեղծման հիմքում դրված այս պայմաններն էլ հենց հանդիսանում են արհմիության ազատության ու անկախության հիմնաքարերը:


-Ի՞նչ նպատակներ ու խնդիրներ ունի Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը:


-ԲԱԱԱ-ի հիմնական նպատակը Հայաստանում ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ առողջապահական համակարգ ունենալն է, մի համակարգ, որտեղ հիվանդն ազատ և վստահությամբ կկարողանա դիմել բժշկին, իսկ բժիշկն էլ հնարավորություն կունենա կատարել անհրաժեշտ բուժումը, համակարգ, որտեղ բժիշկն ու բուժքույրը կստանան մարդավայել աշխատավարձ և ստիպված չեն լինի նայել հիվանդի ձեռքերին կամ էլ արտագաղթի ճանապարհներին, իսկ հիվանդ էլ համոզված կլինի, որ իր ստացած բուժումը չի տարբերվում ավստրիացու կամ գերմանացու ստացած բուժումից: Կարճ ասած, որ և՛ բժիշկը, և՛ հիվանդը պաշտպանված լինեն և ապահովված:

 

-Քանի՞ անդամ ունի այսօր Արհմիությունը և ովքե՞ր կարող են անդամակցել. Կա որևէ պայման Արհմիությանը անդամակցության համար:


-Խմբում գրանցվածների թիվը վաղուց հատել է 1500-ի սահմանը, սակայն, իրականում, գրանցվածների միայն մի մասն է ակտիվ, ինչը բնական է: Սակայն ունեցել ենք դեպքեր, երբ խմբում մի քանի հարյուր բուժաշխատողներ շատ արագ միավորվել են այս կամ այն խնդրի շուրջ:

Անդամակցության միակ պայմանը խմբի պայմանների ընդունումն է, այսինքն՝ չկան ղեկավարներ, քաղաքական ուղղվածություն չունի և բոլորը հավասար են:

 

-Մի փոքր անդրադառնանք Արհմիության գործունեությունը. Կարո՞ղ եք ամփոփ ներկայացնել այն:


-Գործունեության մասին խոսելը քիչ դժվար է՝ դեռ 2 տարին չբոլորած մեր Արհմիության դեպքում, սակայն կարելի է հիշատակել, օրինակ՝ Գյումրիում սպանված Աշոտ Գրիգորյանի հիշատակին կազմակերպված հիշատակի երթը նրա մահվան օրը, առողջապահության համակարգի զարգացման վերաբերյալ մեր պատկերացումների և առաջարկությունների մշակումը և հրապարակումը, ի պաշտպանություն բժիշկների կազմակերպված ստորագրահավաքները,  տարբեր բժշկական դեպքերի և մամուլում հրապարակումների վերաբերյալ պարզաբանումները և այլն:

Քանի որ այս ամենը կատարվում է ամբողջովին կամավորական հիմունքներով, իսկ բուժաշխատողներն էլ հաստատ ժամանակի առատությամբ չեն հայտնի, բնական է, որ շատ ծրագրեր չենք հասցնում իրականացնել, բայց, ի ուրախություն մեզ, բացի բուժաշխատողներից մենք ունենք նաև ոչ-բժիշկ հրաշալի անդամներ, որոնք, իրոք, ահռելի գործ են անում և այժմ արդեն կատարում են լոկոմոտիվի դեր:


-Հետագա ի՞նչ քայլեր ունի Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը:


-Խնդիրները շատ-շատ են, և Արհմիությունը ահռելի գործ ունի անելու՝  ժողովրդի մեջ բժշկի վարկանիշի բարձրացում, հիվանդի և բուժաշխատողի պաշտպանվածություն, բժշկական օմբուդսմենի համակարգի ստեղծում, և այլն ... Թե ինչքանով կկարողանանք կատարել մեր առջև դրված խնդիրները՝ ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ մնում է տրամադրվել լավատեսորեն և միավորել մեր ուժերը լավ առողջապահական համակարգ ունենալու համար…




Analitik.am

Նույն շարքից