Հարցազրույց 

«Ամեն հինգ-տասը րոպեն մեկ գալիս ասում էի՝ դեռ քանի՞ րոպե է մնացել, որ բակում խաղամ». Ռուբեն Մաթևոսյան

analitik.am

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյան


Աշխարհը մանկության տարիներին Ռուբեն Մաթեւոսյանի համար իրենց բակն էր, այնտեղի շենքերը, այգին, պարտեզն ու երկինքը: Հետո դարձավ մի ամբողջ քաղաք: Փոքրիկ Ռուբենը սովորում էր արական դպրոցում: Երբ վեցերորդ դասարան էր՝ վերացան արական դպրոցները, արդեն աղջիկների հետ սովորում էին:   

-5 տարի սովորել էի, տեսել էի, որ տղաներով պիտի դպրոց գնանք, հանկարծ կողքիդ աղջիկ է նստած: Ուշադրությունը գրավում էր եւ սկսեցինք վատ սովորել: Երկուսների թիվը շատացավ օրագրում: Հետո ամեն ինչ ուղղվեց:


Շատ էր սիրում բակում խաղալ, բայց դրա համար կարող էր տրամադրել ընդամենը կես ժամ, երաժշտական դպրոց էր գնում, դասերը շատ էին: Բակում երաժշտական, թատերական ներկայացումներ էին կազմակերպում: Մայրն ամեն ինչ գնում էր, որ գոնե այդ կես ժամը հաճելի անցներ որդու համար:


-Ամեն հինգ- տասը րոպեն մեկ գալիս ասում էի դեռ քանի րոպե է մնացել, որ բակում խաղամ:  Ծիծաղում էր մայրս եւ ասում էր՝ դեռ տասը րոպե կա:


Երբ փոքր էր՝ տանն իր համար բեմ էր սարքում, կանգնում ու հանդիսավոր երգում:


-Հայտարարում էի՝ ելույթ կունենա Ռուբեն Մաթեւոսյանը: Ես միշտ ինձ Ռուբեն էի ասում, չնայած իմ անունը Ռուդիկ էր:


Ինքը չգիտեր, որ հետո երգելու է: Ապագա երգիչը երաժշտութունը կամ ուսուցչու տանն էր պարապում, կամ մոր աշխատավայրում, տանը դաշնամուր չունեին: Այն ժամանակ քաղաքում դժվար էր դաշնամուր գտնել: Դպրոցն ավարտելուց հետո, երբ որոշում էր՝ մասնագիտական ինչ ընտրություն կատարել, պատահականությունը նրան հասցրեց ռադիոյի փորձասենյակ:


-Երբ լսեցին, իսկ դա երեւի տարիների կուտակված զգացողություն էր, ես ինքս էլ չգիտեի, որ այդպես կարող էի երգել: Տանը մեկ- երկու անգամ երգել էի, հարեւանները պատվիրում էին, էդ ժամանակ, երբ երաժշտական դպրոցն ավարտեցի, մենք դաշնամուր ունեինք:


Հետո սկսեցին բակից ծափահարել, սա նրան տարօրինակ էր թվում: Երբ դաշնամուրը կար, արդեն ցածրաձայն երգում նվագում էր, հետո եկավ ժամանակ, երբ բարձր երգելու պահանջ զգաց, ուզում էր իր ձայնը լսել:

- Իմ մեջ անմիջականութունը իբրեւ անհրաժեշտություն երաժշտության ընկալման եւ վերատադրման համար, մնաց իհարկե:


Ռուբեն Մաթեւոսյանն իրեն տեսնում է անվանակից թոռան մեջ: Նրան տեսնում ու պատկերացնում է, թե ինչպիսինն է եղել ինքը: Մինչեւ հիմա աշխարհին նայում է ոչ թե մանկան, այլ հիացող ու զարմացող հայացքով:



Զանի Հարոյան

Նույն շարքից