Ինչպես գիտեք, Սթիվ Ջոբսը հաճախ էր հանդիպում երիտասարդների հետ և կիսվում գաղափարներով: Այդ հանդիպումների ընթացքում Սթիվը երիտասարդներին փոխանցում էր իր կենսափորձը, երազանքը իրականացնելու ճանապարհին հանդիպած խոչընդոտները և այլն: Գռզոն որոշեց օգտվել առիթից և քանի որ Սթիվը կենդանի չի, զբաղեցնել նրա տեղը: Ինչ ստացվեց այդ փորձից, դատեք ինքներդ:
Անհասկանալի է, թե իր կենսափորձի հատկապես ո՞ր մասն էր նա ցանկանում փոխանցել երիտասարդ սերնդին․ Տոնավաճառներ սարքե՞լն ու վարձով տա՞լը, Օղակաձև զբոսայգու հաշվին դուդուկ հյուրանոց կառուցե՞լը։ Գռզոն, իր իսկ լրատվամիջոցների հայտարարության համաձայն, հավաքել էր 130 երիտասարդ գործարարի: Պատկերացնո՞ւմ եք։ Հայաստանում կան 130 երիտասարդ գործարարներ, ովքեր չեն ալարել և եկել են Գռզոյի խոսքը լսելու: Սա հետաքրքիր երևույթ է, քանի որ ցանկացած ՀՀ քաղաքացի երևանյան որոշակի սրճարաններում կարող է ժամերով ունկնդրել Գռզոյի տարատեսակ անցյալ ժամանակով պատմությունները:
Գռզոն երբեք խոսելուց ժլատ չի եղել: Ի դեպ ժլատության մասով, Գռզոն հանդիպման վերջում խնայող լամպեր է նվիրել երիտասարդ գործարարներին, խնայելու կոչ անելով: Այս կոչի կապակցությամբ Գռզոյին ճանաչող մարդիկ համակվում են երկակի զգացումներով: Չէ, Գռզոյին ժուժկալ անվանել չի կարելի: Նա Երևան քաղաքում տեղաշարժվում է մի քանի գերթանկարժեք մեքենայից բաղկացած շարասյունով և սեփական անձի նկատմամբ խնայողություններ դեռևս չենք նկատել:
Փոխարենը նա միշտ խնայել է հասարակական որևէ միջոցառում ֆինանսավորելիս, իր կարիքի մեջ հայտնված ընկերներին օգնելիս և այլն: Լրագրողական շրջանակներում շատ հայտնի մի պատմություն կա, երբ կարիքի մեջ հայտնված մարդու կյանքը փրկելու համար դրամահավաք են կազմակերպում, ընդ որում, մարդը, ում համար դա կազմակերպում են, չափազանց հայտնի ու հարգված է, այնքան հարգված, որ որոշ լրագրողներ իրենց ոսկյա զարդերն են վաճառում, որպեսզի օգնեն այդ մարդուն փրկվել: Հիվանդի մտերիմներից է լինում նաև մեր նյութի հերոսը, ում դիմում են օգնության խնդրանքով: Ավելի քան 2 ամիս ձգձգելուց հետո Գռզոն 200 ԱՄՆ դոլար է փոխանցում, իսկ որ ամենաստորացուցիչն է, մինչև գումարը փոխանցելը զանգահարում է Իսրայելի այն հիվանդանոցը, որտեղ կազմակերպվում է բուժումը, այնտեղից պահանջում իրեն ուղարկել հիվանդության պատմությունը և փորձում է ճշտել՝ արդյոք այդ հիվանդը կապաքինվի, թե կմեռնի: Հիվանդը ,Փառք Աստծո, ապաքինվում է ու այլևս երբեք չի ցանկանում որևէ գործ ունենալ Գռզոյի հետ:
Մենք ուղղակի հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ-ում գործում էր շքեղության հարկ, որի նպատակն էր մեծահարուստներին օրենսդրորեն ստիպել ավելորդ ճոխությունների չգնալ: Ի՞նչ եք կարծում, ո՞վ էր պայքարում շքեղության հարկի դեմ։ Այդ նույն Ժուժկալ Խաչիկը, ով այսօր խնայողության կոչեր է անում: