Հարցազրույց 

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ

analitik.am

-Ինչպե՞ս եք պատկերացնում Եվրասիական միության ապագան, արդյոք այն կենսունակ է գործունեության համար:


Եվրասիական միության հիմքում դրված է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների միավորման գաղափարը մեկ տնտեսական գոտում: Ռուսաստանը հնարավորություն է տալիս նախկին հանրապետություններին լուծել իրենց առջև ծառացած տնտեսական, ռազմական, քաղաքական խնդիրները, իսկ ԵՄ-ն մեզ տնտեսական, ռազմական  խնդիրների լուծման հնարավորություն չի տալիս: Եթե վերցնենք Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը և այլ հանրապետություններ, պարզվում է, որ բացի Ադրբեջանից, Թուրքմենիայից, որոնք տիրապետում են նավթային պաշարների, մյուս պետությունները ունեն լրջագույն տնտեսական խնդիրներ, այդ պատճառով մեր պրոբլեմների միակ լուծումը այսօր կարելի է տեսնել Եվրասիական միության կազմում: 

 

- Ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ  Հայաստանը ՄՄ-ի համապարփակ համաձայնագիրը չստորագրելով  ընդգրկվում է Եվրասիական միության մեջ:

 

Հայաստանն այն ճանապարհը, ինչ-որ պետք է անցներ ՄՄ-ին անդամակցելու համար, արդեն անցել է: Ստեղծվել է ճանապարհային քարտեզ, և մեծ հաշվով էական չէ՝ ստորագրած կմտնենք, թե ոչ: Մոտ ապագայում Հայաստանը կմիանա Եվրասիական միությանը, այսինքն՝ կմիանա կոնկրետ պայմանագրերին: Կա 19 պայմանագիր և այլ իրավական ակտեր, որոնց հիման վրա Հայաստանը հնարավորություն է ստանում էներգակիրները ձեռք  բերել զեղչված գներով, քանի որ ՄՄ-ում չեն գործելու արտահանման և ներկրման մաքսային տուրքեր, ավելին ասեմ, դեռեւս չանդամակցած ՄՄ-ին, այլ միայն այդ մասին հայտարարելուց հետո, ՌԴ-ն Հայաստանին  մատակարարվող գազի գինը իջեցրեց  30%-ով:

 

 

-Ո՞րն է  ՄՄ և Եվրասիական միության տարբերությունը:


-Եթե Մաքսային Միությունը վերաբերում է միայն մաքսային ոլորտին, ապա  Եվրասիական միությունը ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակ է: Անդամ երկրների քաղաքական և տնտեսական կապերն ավելի են սերտանալու: Կարելի է ասել, որ Եվրասիական միությունը Եվրոպական միության այլընտրանքն է:

 

-Ինպիսի՞ն է լինելու  Հայաստանի քաղաքական և տնտեսական կարգավիճակը Եվրասիական միության շրջանակներում:

 

-Եվրասիական միությունը Հայաստանին հնարավորություն է տալիս լուծել տնտեսական ոլորտում առկա խնդիրները արդյունաբերության բացակայության, էներգիակիրների թանկ լինելու և շրջափակման պայմաններում, չմոռանանք, որ այսօրվա իրավիճակում մենք ունենք արտաքին շուկա դուրս գալու դժվարություններ: Բացի այդ, Հայաստանն անդամակցելով Եվրասիական միությանը ավելի բարձր մակարդակով է  ապահովելու Հայաստանի անվտանգությունը, որն էլ ուղղակիորեն նպաստելու է երկրի տնտեսության զարգացմանը: 

 

 -Ինչպիսի՞ ազդեցություն կունենա Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում:

 

-Դա կհանգեցնի պատերազմի սպառնալիքի նվազեցմանը և Հայաստանի անվտանգության բարձրացմանը, որն էլ պատերազմի վերսկսումը դարձնում է գրեթե անհնար: Բացի այդ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը կնպաստի   ԼՂՀ-ի տնտեսության զարգացմանը:

 

-Ինչպես կմեկնաբանեք Ջեյմս  Ուորլիքի արած հայտարությունը:

 

-ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում փորձել է փոխել ստատուս քվոն՝ Հայաստանի հաշվին: Եթե արցախյան հակամարտությանը նայենք այն տեսանկյունից, թե Հայաստանը ի՞նչ խնդիր ունի լուծելու, և Ադրբեջանը՝ ի՞նչ, ապա մեր խնդիրը ՝ Ղարաբաղի անվտանգությունն է և նրա կարգավիճակը:  Մենք պայքարել ենք  դրա համար, հաղթանակ ենք տարել պատերազմում, որն,  ի դեպ, սկսել էր Ադրբեջանը, ազատագրել ենք տարածքներ և ստեղծել ենք անվտանգության գոտի:


 Այս պարագայում ԱՄՆ համանախագահը չի խոսում կարգավիճակի մասին, նա հայտարարում է, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն տարածքները: Իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի անորոշ ապագայում իրականացվելիք հանրաքվեով:  Ուորլիքի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի շահերը համընկնում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ: ԱՄՆ-ն միշտ էլ հայտարարել է, որ ստատուս քվոն լուծում չէ, բայց եթե այդ լուծումը մեզ չի առաջարկվում,  ի՞նչ են առաջարկում ՝ հանձնե՞նք Ղարաբաղն այսքան ձեռքբերումներից հետո:

 

ԱՄՆ-ն հետապնդում է երկու նպատակ՝ ԼՂՀ-ի անվտանգության հաշվին ապահովել կասպյան էներգիակիրների անխափան մատակարարումը դեպի Եվրոպա, և երկրորդ՝ հակամարտության գոտում տեղակայելով միջազգային խաղաղապահ ուժեր՝ մեծացնել իր քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում: 

 

-Ինչպե՞ս կարձագանքի ԵՄ-ն Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցմանը:

 

Մեծ հաշվով Եվրամիությունը հաշտվել է այդ փաստի հետ, չնայած որ փորձում էր պարտադրել Հայաստանին «կամ-կամ»-ի քաղաքականություն, որը Հայաստանին ուղղորդեց դեպի Եվրասիական միություն:  Դեռ ավելին,  Եվրամիությունը դեմ չէ, որ Հայաստանը ստորագրի Եվրաասոցացման համապարփակ համաձայնագրի քաղաքական հատվածը:

 

-Ինչպիսի՞ ազդեցություն կունենա Ֆրանսիայի նախագահի այցը հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման վրա:

 

-Նախ և առաջ Ֆրանսուա Օլանդի այցը տարածաշրջան առնչություն չունի ԼՂՀ հակամարտության լուծման հետ:  Հայ-ֆրանսիական հարաբերությունները  և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտում միշտ ջերմ են եղել: Այս այցը ավելի շուտ փորձ է էլ ավելի ջերմացնել երկու երկրների միջև եղած հարաբերությունները և նոր թափ հաղորդել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանը:  

Նույն շարքից