Հարցազրույց 

Այսօր ունենք երիտասարդներ, որոնցով կհպարտանային Առաջին Հանրապետություն կերտողները. Կիրո Մանոյան

analitik.am

 Մենք այսօր պետք է լինենք ոչ միայն  լավատես, այլև այդ ուղղությամբ աշխատենք ու պայքարենք, որպեսզի իսկապես Հայաստանի Հանրապետությունը դառնա այն պետությունը, որը բոլոր հայերի համար կլինի երկրպագության աղբյուր և կդառնա ոչ միայն հայրենիք, որի մասին կխոսեն, այլև՝ կգան և կապրեն: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և այսօրվա Հայաստանին անհրաժեշտ հաղթանակների մասին Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:


Ըստ նրա՝ եթե չլիներ Առաջին Հանրապետությունն, ապա մենք՝  որպես ժողովուրդ, այսօր բոլորովին այլ իրավիճակում կգտնվեինք: «Երբ հայերի ցեղասպանությունը դեռ շարունակվում էր 1918 թվականին, հնարավոր եղավ Հայաստանի փոքր հատվածի վրա հռչակել հանրապետություն, որն իսկապես փոխեց մեր պատմության ընթացքը, որովհետև հայկական պատմական հողերի վրա մոտ հազար տարի էր, որ պետականություն չկար: Եթե դիտարկենք վերջին մոտ 100 տարին՝ Հանրապետության հիմնադրությունից մինչ այսօր, կտեսնենք, թե մեր պետականությանը դերը ինչքան մեծ է եղել»,- համոզված է Կ. Մանոյանը:


Ըստ նրա՝ մենք այսօր, դժբախտաբար, չենք գիտակցում մեր պետականության արժեքն ու կարևորությունը, չենք գնահատում այն և հետևաբար՝ ճիշտ չենք վերաբերվում դրան:


ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն, սակայն, այսօրվա հայ երիտասարդների մեջ տեսնում է հայրենասերի, ովքեր գիտակցում են պետականության կարևորությունը: Եվ Առաջին Հանրապետություն կերտողներն, ըստ նրա, գոհ կլինեին նրանցից:


«Այսօրվա հայ երիտասարդների որպես մեկ ընդհանուր հավաքականություն ներկայացնելը ճիշտ չէ, որովհետև  ինչպես հասարակության, այնպես էլ՝ երիտասարդության մեջ կան տարբեր մոտեցումներն ունեցող մարդիկ: Կարծում եմ՝ այսօր մենք ունենք երիտասարդներ, որոնցով շատ հպարտ կլիներ այն սերունդը, որը կերտեց Առաջին Հանրապետությունը: Մենք ունենք նվիրված և հայրենասեր երիտասարդներ»,- եզարափակեց Կ. Մանոյանը:


Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։


Սեդա Հերգնյան

Նույն շարքից