Հարցազրույց 

Չամիչներն առաքյալներն են, իսկ բրնձի հատիկները՝ մարդիկ

analitik.am

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոն հավատացյալները պահք են պահում։ Այդ ընթացքում վերջիններս օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Մարդիկ պահք են պահու, որպեսզի մաքրեն իրենց հոգիներն ու մարմինները և մաքրված դիմավորեն Տիրոջ ծնունդը:

Այսուամենայնիվ, եկեղեցին չի պարտադրում, բայց խրախուսում էպահք պահելը: Կարևորը հոգու մաքրությունն է: Հավատացյալները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, և տրվում է Սուրբ Ծնունդի ավետիսը։ Սուրբ Ծնունդի օրը մարդիկ միմյանց ողջունում են այսպես. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

Սուրբ Ծնունդի խորհուրդի մասին մեր թղթակիցը զրուցել է Արտաշատի կապի ուսումնական զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագ Գյոզալյանի հետ:

-Ո՞րն է Սուրբ Ծննդի հոգևոր խորհուրդը:

-Սուրբ ծնունդը խորախորհուրդ տոն է: Միլիոնավոր ծնունդներից Հիսուս Քրիստոսի ծնունդը միակն է, որն իր ծնունդով մարդկանց փրկություն բերեց: Մարդկանց մոտ ընդունված է ասել, որ Սուրբ Ծնունդը տոնում են հունվարի 6-ին, բայց Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի տոնը նշում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից։ Ճրագալույցի պատարագից հետո պատարագիչը տալիս է Սուրբ Ծնունդի ավետիսը: Սուրբ Ծնունդի տոնակատարության շարունակությունը տեղի է ունենում հունվարի 6-ին: Այլ կերպ այս տոնն անվանում են Աստվածահայտնության տոն:

-Քրիստոնյա հայ ընտանիքում Սուրբ Ծնունդի օրն ի՞նչ ուտեստներ պետք է պատրաստեն տանտիրուհիները:

-Սովորաբար այդ օրը սեղանին դրվում է ձուկ, բրնձով ու չամիչով փլավ, գինի: Գինին խորհրդանշում է Քրիստոսի արյունը ու ցանկալի է, որ մարդիկ այդ օրը հենց գինի խմեն: Պատահական չէ, որ Սուրբ Ծնունդի օրը սեղաններին դնում են բրնձով ու չամիչով փլավ: Սա խորին խորհուրդ ունի. չամիչներն առաքյալներն են, իսկ բրնձի հատիկները՝ մարդիկ: Չամիչի հատիկները թեև քիչ են, բայց փլավին համ են տալիս: Ահա այսպես էլ առաքյալները կարողացան քարոզել Ավետարանը:

Analitik.am-ը Տիրոջ Սուրբ Ծնունդի առթիվ ջերմորեն շնորհավորում է ողջ հայությանն ու ողջ քրիստոնյա աշխարհին: Չմոռանանք, որ Քրիստոսի Ծննդյան ոգեկոչումը խաղաղության և մարդկային համերաշխության տոնն է: Այս տոնը սուրբ խորհուրդ ունի. մարդիկ պետք է սիրեն ու հանդուրժողական լինեն միմյանց նկատմամբ՝ հարազատ եղբայրների պես՝ որպես Երկնավոր Հոր զավակներ:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից