Հարցազրույց 

Մաշտոցի պուրակն այսօր. հարցազրույց Մարիետա Բաբայանի հետ

analitik.am

 2011թ-ի աշնանը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում ընդունեց, որի համաձայն Երևանի նախկին քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանի, Երվանդ Զախարյանի և Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամանակաշրջաններում Երևանի Աբովյան փողոցի հանրային տարածքում տեղադրված (մայթերի և կանաչ գոտիների ավերման հաշվին) և արդեն շուրջ 10 տարի գործող մասնավոր առևտրային տաղավարները պետք է հանվեին ու տեղափոխվեին այլ վայր: Նրան հաջորդած քաղաքապետ Տարոն Մարգարյանը որպես այդ տաղավարների տեղադրման նոր վայր ընտրեց Երևանի Գլխավոր պողոտայի մաս հանդիսացող Մաշտոցի պուրակը, որը նույնպես, ինչպես Աբովյան փողոցի մայթերը, հանրային սեփականություն է և կանաչապատ տարածք:

 

2012թ. հունվարի վերջին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության մի շարք անդամներ սկսեցին հետևողական կերպով բարձրացնել այս խնդիրը և նշել, որ պուրակում տաղավարների կառուցումն անօրինական է: Նրանք պահանջեցին դադարեցնել տաղավարների կառուցումը: Մաշտոցի պուրակի պայքարը հանրային տարածքների և հանրային սեփականության վերանվաճման համար տարվող գործընթաց էր, իսկ գործող անձինք և գործընթացը առաջ մղող ուժը ինքնորոշված քաղաքացիներն էին: Այս պայքարին մասնակցում էին տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ:

 

Ինքնորոշված քաղաքացիների 90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ընդառաջելով քաղաքացիների պահանջներին հրամայեց  ապամոնտաժել  կրպակները, Մաշտոցի պուրակը նվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանը:

 

Այսօր Մաշտոցի պուրակը  դարձել է մեր քաղաքացիների ամենասիրված վայրերից մեկը, որտեղ նրանք սիրում են հավաքվել և հանգստանալ:

 

Analitik.am-ը զրուցեց տարածքային աշխատանքների գյուղատնտես Մարիետա Բաբայանի հետ և փորձեց պարզել, թե ինչպես է այսօր խնամվում Մաշտոցի պուրակն ու արդյոք մեր քաղաքացիները հոգատարությամբ են վերաբերում 90-օրյա  քաղաքացիական պայքարի արդյունքում հանրությանը վերադարձված այգուն:

 

 

-Ինչպե՞ս եք խնամում Մաշտոցի պուրակը, կանաչապատման ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվում այստեղ:

 

 

-Մաշտոցի պուրակը ամեն օր մաքրվում է և աշխատում ենք ամեն ինչ անել, որպեսզի պահպանենք տեղի մաքրությունն ու գեղեցկությունը: Գարնանային աշխատանքների մեջ մտնում է մաքրությունն ու բարձր խոտերի հունձը, ոռոգումը, կակաչների խնամքը:

 

 

-Այժմ պուրակում կատարվում է նստարանների վերանորոգում, կասե՞ք ում կողմից է իրականացվում:

 

 

- Նստարանների վերանորոգումը քաղաքապետարնի կողմից է իրականացվում: Այժմ ներկվում են դրանք և դրանց վրա նախազգուշական հայտարարություններ ենք փակցնում, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն և չնստեն ներկված նստարաններին:

 

 

Սակայն նստարանները ձմռանը մենք ենք խնամում, քանի որ ձյուն է գալիս և  կարող են փչանալ, մենք ստիպված ենք լինում լվանալ և խնամել, որպեսզի խոնավությունից չծռվեն ու փչանան: Բանվորները մեքենաներով, դույլերով ջուրը տնօրենի հանձնարարությամբ բերում են և մաքրում, լվանում են նստարանները:

 

 

-Երկար պայքարից հետո, այսօր Մաշտոցի պուրակը շատ գեղեցիկ տեսք ունի և բնակիչների սիրելի վայրերից մեկն է դարձել, մեր քաղաացիների վերաբերմունքը ինչպիսի՞ն է այգու նկատմամբ, նրանք մաքու՞ր են պահում այն:

 

 

-Մարդիկ կան խնամքով են մոտենում, մարդիկ էլ կան՝ ոչ: Չեմ կարող ընդհանրացնել: Ընդհանուր առմամբ այնքան էլ մաքուր չեն պահում պուրակը:

 

 

Մարիետա Բաբայանը նաև խնդրեց, որ մեր քաղաքապետարանը հատուկ տեղ հատկացնի շների համար, որպեսզի շուն ունեցողները իրենց կենդանիներին տանեն հենց այդ տարածք, քանի որ Մաշտոցի պուրակում կեդանիները կեղտոտում և փչացում են բանվորների չարչարանքն ու աշխատանքը: Բաբայանը քաղաքապետարանից նաև խնդրեց Կարապի լճի տարածքում ապրող անօթևանների համար նույնպես ինչ-որ տարածք հատկացնել, քանի որ նրանք կեղտոտում են այդ տարածքը և զբոսաշրիջկներն ամեն անգամ ականատես են լինում հային ոչ վայել տեսարանների:

Նույն շարքից