Հարցազրույց 

«Փաստ է՝ իշխանությունը «ԴԵՄ ԵՄ»-ի հետ հաշվի է նստում». Շահան Գանտահարյան

analitik.am

Հայաստանյան ներքաղաքական զարգացումներն այսօր քննարկում է ոչ միայն Հայաստանն, այլև՝ միջազգային հանրությունը: Այս իրադարձությունների վերաբերյալ Analitik.am-ի հետ զրույցում իր կարծիքն ու դիտարկումներն է  ներկայացրել  Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

 

Պրն ԳանտահարյանՀայաստանում ներքաղաքական վերջին կարևորագույն իրադարձությունը Կառավարության հրաժարականն էր՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի: Եթե մի քանի   բառով ամփոփենք, ըստ Ձեզ, ի՞նչ տվեց Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը հայրենիքին:


Կարծում եմ՝ միանշանակ գնահատական տալը ճիշտ չի լինի։ Վարչապետ Սարգսյանի օրոք եղել են և իրագործումներ, և բացթողումներ։ Խնդիրն այն է, որ տարբեր  հանգամանքներով և պատճառներով տնտեսական առաջընթացի բացակայությունը տեղի է տվել հանրապետության գուցե ամենաառաջնային խնդրին՝ ժողովրդագրական պատկերի ճգնաժամային հանգրվանի հատմանը։ Սա, իհարկե, համալիր ծրագրեր և դրանց իրականացումն է ենթադրում, ինչ որ նաև համակարգային փոփոխությամբ է  պայմանավորված։

 

 Ըստ Ձեզ՝ ՀՀ քաղաքացին ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից և  այս դեպքում վարչապետի ու   Կառավարության կազմի որոշակի փոփոխությունը նոր սպասելիքների հույս  տալի՞ս է:


Պետք է սպասել առնվելիք քայլերին, որից հետո միայն գնահատական տալ։ Միաժամանակ սակայն հայտարարություններից բացի, իրոք, պետք է հաշվի նստել քաղաքացիների պահաջների հետ` մանավանդ սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող հարցերին։

 

Ի՞նչ եք կարծում՝ ո՞րը կամ որո՞նք են հիմա ՀՀ քաղաքացու առաջնահերթ խնդիրները, որ նոր կառավարությունը պարտավոր է լուծել:


Կարծում եմ՝ աշխատանքի խնդիրը և աշխատավարձի բարձրացման հարցը։ Խնդիրները փոխկապակցված են։ Աշխատատեղերի ապահովումը ինքնին դուռ կբացի  գործազրկության կրճատման համար, դա իր հերթին կենսակերպի մակարդակի բարձրացմանը, որը իր հերթին արտագաղթի տեմպերի նվազեցմանը։

 

Իսկ ի՞նչ պետք է անի ՀՀ քաղաքացին, որ նոր կառավարությունը հաջողություններ գրանցի: Արդյոք այդ հաջողությունները նաև ժողովրդի ձեռքում են՝ ըստ Ձեզ:


 Շատ եմ կարևորում քաղաքացիական առողջ հասարակարգի ձևավորումն ու կայացումը։ Քաղաքացիական շարժման նպատակը պիտի լինի կառուցողականությունը և ակցիաների միջոցով գործադիր իշխանության վրա ճնշամիջոցների բանեցումը, որը պետք է հանգեցնի կառավարության այն որոշումների կասեցմանն ու փոփոխմանը, որոնք  համենայնդեպս չեն բխում  և պետության,  և ժողովրդի շահերից։

 

Հայ երիտասարդներին այսօր հուզող առաջնահերթ խնդիրներից մեկը Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն է՝ իր պարտադիր բաղադրիչով: Դրա դեմ  պայքարողները միավորվել և կազմել են «ԴԵՄ ԵՄ» շարժումը:     Ինչպե՞ս  եք գնահատում այս շարժման արդյունավետությունը:


Կուտակային կենսաթոշակների օրենքն իր պարտադիր բաղադրիչով բավական բուռն քննարկումների է առաջնորդել։ Ողջունում եմ նաև նորանշանակ վարչապետի  որոշումը՝ այն թեկուզ ժամանակավոր կասեցնելու մասին։ Կարծում եմ, որ ոչ իշխանական ուժերի համախմբումն ու քաղաքացիական շարժումների համալրումը այս օրենքի  կասեցման ուղղությամբ ծավալած պայքարի իր արդյունքն է տվել։ Սա ևս կենդանի օրինակ է, որ հետևողական աշխատանքը, օրենքի հիման վրա կառուցողական  ընդդիմադրություն լինելը, առավել ևս ուժերի համախմբումը անպայման կարդյունավորվի։

 

Ի՞նչ խորհուրդներ կտաք  «ԴԵՄ ԵՄ»-ի մասնակիցներին:


Գուցե, նախընտրեի առաջարկի կարգով և ոչ թե խորհուրդի որոշակի տեսակետ ասել։ «Դեմ եմ» շարժումը որոշ ճանապարհ է անցել արդեն, և փաստ է այն, որ իր հետ հաշվի է նստում գործադիր իշխանությունը։ Ես կցանկանայի հետևողականություն, համախմբված աշխատանք և ընդդիմադիր առողջ ուժերի հետ համագործակցություն։  Ժողովրդավարական երկրներում քաղաքացիական շարժումը ընդդիմադիր կուսակցություններին առընթեր կարևոր տեղ է զբաղեցնում և քաղաքական, և հասարակական կյանքում։ Մաղթում եմ, որ կառուցողականությունն  ու ազգի և  պետության շահերը առանցքային տեղ ունենան ընդհանրապես քաղաքացիական շարժմանը մեջ և այս դեպքում «Դեմ եմ»-ի գործողություններում՝ նրանք ըստ էության վերածելով հանուն ինչ-որ պետականամետ և ազգօգուտ ծրագրերի իրականացման նպատակի։

 

 

Հարցազրույցը՝ Սեդա Հերգնյանի

 

Նույն շարքից