Գլխավոր Հասարակություն 

Անի Հովհաննիսյանը պատրաստվում է հրապարակումներով լույս սփռել, այսպես կոչված, «շորթման» գործի հորինման առեղծվածների վրա

analitik.am

Աբովյան քրեակատարողական հիմնարկից սկսում եմ իմ հրապարակումների շարքը, որոնք ինչ-որ առումով լույս կսփռեն իմ ապօրինի մեկուսացման և այսպես կոչված «շորթման» գործի հորինման առեղծվածների վրա։ Քանի որ Ուրիխանյանի տերերը կանգ չեն առնում իմ հանդեպ ապօրինի հետապնդումներ իրականացնելով և շարունակելով քամել Ուրիխանյանի բարոյական փոքրիկ ռեսուրսի վերջին կաթիլները։ Նույն Ուրիխանյանը այսօր արդեն Ստյոպա Սաֆարյանի դեմ շինծու քրեական գործ հարուցելու պահանջով դիմում է իրավապահ մարմիններին։ Ստյոպային անվանարկելու և հայհոյելու գործին են լծվել սոց ցանցերում նույն ֆեյքերը, որոնց թիրախում ամիսներ առաջ ես էի, մոնտաժված տեսանյութով։

 Ինչևէ, ժամանակ առ ժամանակ հանդես կգամ հրապարակումներով, որոնց միջոցով հատիկ առ հատիկ կբացեմ բոլոր փակագծերը, մերկացնելով իմ անձի և գործունեության դեմ մանրամասն ծրագրավորած, սակայն փնթի իրականացված արշավը։

 Այսօր որոշել եմ անդրադառնալ երկու ստի, որոնք տիրաժավորվեցին այն ժամանակ երբ ես մեկուսացված էի և հնարավորություն չունեի պատասխանելու դրանց.

 1-ինը անտեղյակ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ ես և Ուրիխանյանը ատում էինք միմյանց և այդ ատելության հողի վրա տեղի ունեցավ «շորթում»։ Իրականությունը միանգամայն հակառակն է։ Ես և Տիգրան Ուրիխանյանը դեռևս 2013 թվականից ջերմ հարաբերությունների մեջ էինք։ Տիգրանի հրավերով ես մի քանի անգամ այցելել եմ ԱԺ, սրճել, թեյել և այլն։ ԱԺ անցագիրները իր անունով իջեցնում էր Տիգրանը։ Իրականում Ուրիխանյանը որևէ կերպ չի լուսաբանվել Անալիտիկում, բացառությամբ մի քանի նյութերի որոնք ինքն էր խնդրում տեղադրել ու ես միշտ ընդառաջում էի։ Այսինքն այն հեքիաթը, որ իբր ես և Ուրիխանյանը որևէ կոնֆլիկտ ենք ունեցել իրականությանը չի համապատասխանում։

Հաջորդ հարցը դա Ուրիխանյանի կամ իր թիմակիցների կողմից մոնտաժված տեսանյութն է, որում ես իբր իրականացնում եմ շորթումը։ Սկսեմ նրանից, որ այդ տեսանյութը գաղտանկարահանվել է, ոչ թե հատուկ ծառայությունների (ԱԱԾ, կամ ոստիկանության), այլ Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Գաղտնանկարահանումը տեղի է ունեցել «Ալյանս» կուսակցության գրասենյակում, որտեղ ինձ հրավիրել էր պարոն Ուրիխանյանը իր իսկ նախաձեռնությամբ։ Տիգրան Ուրիխանյանը ինձ հետ փորձում էր պայմանավորվել Անալիտիկ կայքում գովազդ տեղադրելու պայմանները, շաբաթական երկու անգամ «Ալյանս»-ի գործունեությունից պրես ռելիզներ հրապարակելու դիմաց։

 Ես, բացատրում եմ, թե ոնց, ինչ հաճախականությամբ, որքան և ամսվա որ օրերին են իրականացվում գովազդային փոխանցումները, որոնք ցանկացած ԶԼՄ-ի միանգամայն օրինական եկամուտի աղբյուրն են։ Ի դեպ ես այնքան միամիտ էի, որ համոզում էի Տիգրանին իզուր փող չծախսել և պատրաստակամություն էի հայտնել «Ալյանս»-ի պրեսս ռելիզները ընկերական՝ անվճար հրապարակել։ Ավելի ուշ հասկացա թե ինչու էր Ուրիխանյանը պնդում անպայման վճարելու պայմանը։ Նա սարքում էր «շորթումը»։ շարունակելի...

Նույն շարքից