Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի «ԵԱՍՄ» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։