Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տեարնընդառաջը, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև՝ որպես Տըրնդեզ, Հայ ժողովրդի ամենասիրված տոներից է։ Այն նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո։ Տոնի հիմքում ընկած է Ավետարանական պատմությունն այն մասին, երբ Մարիամն ու Հովսեփը 40-օրական մանուկ Հիսուսին տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու։ Այնտեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն Ծերունին, որը, Սուրբ Հոգով առաջնորդված, ճանաչում է Փրկչին և գոչում. «Լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար»։ Այստեղից էլ ծագում է տոնի անունը՝ «Տիրոջն ընդառաջ»։
Տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան (եկեղեցական օրացույցով օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո)։
Անդաստան և Խարույկ. Եկեղեցիներում կատարվում է Անդաստանի կարգ (արտերի և աշխարհի 4 կողմերի օրհնություն), որից հետո օրհնված մոմով վառվում է ավանդական խարույկը։ Կրակը քրիստոնեական ընկալմամբ խորհրդանշում է Քրիստոսի լույսն ու ջերմությունը։
Նորապսակների օրհնություն. Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ Տեարնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Զույգերը, որոնք ամուսնացել են նախորդ տարվա ընթացքում, մասնակցում են պատարագին և ստանում օրհնություն։
Խարույկի վրայով թռչելը. Սա ժողովրդական սովորույթ է, որը եկեղեցին չի մերժում, բայց տալիս է նոր իմաստ. թռչելով կրակի վրայով՝ հավատացյալները ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ միասին հաղթահարելու փորձությունները և թոթափելու անցյալի ծանրությունը։
Լույսի խորհուրդը. Տոնի գլխավոր ուղերձը խավարի ցրումն է Քրիստոսի լույսով։
Սերունդների հանդիպում. Սիմոն Ծերունու և մանուկ Հիսուսի հանդիպումը խորհրդանշում է Հին և Նոր Ուխտերի, ինչպես նաև ավագ և երիտասարդ սերունդների կապը։
Այս տարի Տյառնընդառաջի Ս․ Պատարագը Մեծ Պահքից առաջ վերջին պատարագն է, որի ընթացքում հավատացյալները կարող են Ս․ Հաղորդություն ստանալ։
Փետրվարի 14-ին՝ Ս․ Պատարագի ավարտին, կատարվում է նորապսակների օրհնության կարգ։