Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են, ավելին այս պահին չեմ կարող ասել, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը։
Տեր Հայրը նշեց, որ բոլոր հարցերի պատասխանը կտա հանձնախումբը։
Չնայած իշխանությունների բռնաճնշումներին ու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ Վեհափառ Հայրապետն Aysor.am-ին ասել է՝ Եպիսկոպոսոց ժողովը կկայանա։
Սրբազան այն Հայրերը, որոնց նկատմամբ երկրից բացակայելու արգելք է կիրառվել, ժողովին կմասնակցեն հեռավար։
Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավներին, նրանցից, այս պահի դրությամբ, միայն Հովնան Տերտերյանն է հայտարարել իր մասնակցության մասին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։
Եկեղեցու դեմ արշավ հայտարարած իշխանությունները, սակայն, ուղիներ են փնտրում, որ եպիսկոպոսներին թույլ չտան մեկնել Հայաստանից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։