Հարցազրույց 

«Ալիևը գերազանց հասկանում է, որ մեծ պատերազմն իր հանգիստ և կուշտ կյանքի վերջն է». ՌԴ քաղաքագետ

analitik.am

Հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորության, Սարգսյան-Ալիեւ սպասվելիք հանդիպման վերաբերյալ ԳԱԼԱ-ի լրագրողը հարցազրույց է անցկացրել ՌԴ 4-րդ գումարման Հանրային պալատի անդամ, «Ռուս-հայկական համագործակցության» անդամ, քաղաքագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովի հետ: 


- Պարոն Դվորնիկով, Ձեր կարծիքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային շրջաններում այս օրերին աճող լարվածությունն ինչով՞ է պայմանավորված:


- Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ Արցախի եւ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում, այսօր չի սկսվել: Դուք լավ գիտեք, որ ադրբեջանական կողմից գնդակոծություններ կատարվել են միշտ, բազմիցս խախտվել է կրակի դադարեցման ռեժիմը: Կրակոցներից տուժել եւ վտանգի են ենթարկվել ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլ նաեւ Վրաստանի բնակիչները: Դիպուկահարներն առանց տարբերակման կրակել են նաեւ Երեւան-Թբիլիսի ճանապարհահատվածով երթեւեկող ավտոմեքենաների վրա, եւ նույնիսկ ոտքից վիրավորել էին երթուղային տաքսիում գտնվող մի ուղեւորի:  Միջազգային հանրության արձագանքն այս դեպքերի համար, որ հրադադարի պայմաններում մարդու վրա արձակված կրակոցը քրեական հանցագործություն է, չեղավ: Անպատժելիությունը ծնեց ամենաթողությունը: Համաշխարհային տերությունների հստակ գնահատականների բացակայությունը ռազմական փորձարկումների համար պայմաններ են ստեղծում:  Ադրբեջանական ղեկավարությունը փորձում է ստուգել, թե որքան խորն է ընկղմվել Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի մեջ եւ թուլացրել ուշադրությունը հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ:  Այժմյան Ղարաբաղյան պատերազմը ոչ մեկին պետք չէ, առավել եւս Ալիեւին: Նա գերազանց հասկանում է, որ մեծ պատերազմը հանգիստ եւ կուշտ կյանքի վերջն է, եւ որ պատասխան հարվածներն անդառնալի վնասներ կհասցնեն ենթակառուցվածքներին եւ սոցիալական հարաբերական հավասարակշռությանը:

 

- Մոտ օրերս նախատեսված է Պուտին-Սագսյան-Ալիեւ հանդիպումը Սոչիում: Ինչ՞ ակնկալիքներ կան այդ հանդիպումից, կողմերը որեւէ համաձայնության կհասնեն՞:


- Ես կարծում եմ, որ ադրբեջանական զինվորականների ռազմական սադրանքները յուրատեսակ «նախապատրաստություն» էին Սոչիի հանդիպումից առաջ: Պետք է հասկանալ, որ հայերի հետ թշնամության հարցը, ցավոք սրտի, դարձել է Բաքվի ռեժիմի ներքին քաղաքական համակարգի ձեւավորման գործոն: Գլխավոր թշնամու հետ ցանկացած բանակցություն կարող է թուլության տպավորություն ստեղծել: Այդ պատճառով, գնդակներն ու հրթիռները, որոնք այսօր թռչում են ղարաբաղցի հողագործների տների ուղղությամբ, սեփական քաղաքացիներին՝ առաջնորդի եւ նրա շրջապատի անհաշտությունը ցույց տալու միջոց է:  Ամեն դեպքում մարդկանց 20 տարի ատելությամբ դաստիարակելու քաղաքականությունն իզուր չի անցնում, եւ այժմ Ալիեւը ստիպված է նման սարսափելի խաղեր խաղալ:  Սակայն, անկախ ամեն ինչից, ցանկանում եմ հուսալ, որ հանդիպումը կառուցողական կլինի: Կարեւորն այն է, որ անհապաղ դադարեցվի ռազմական գործողությունները, որպեսզի այլեւս չզոհվեն խաղաղ բնակիչներն ու երիտասարդ տղաները, որպեսզի հայ եւ ադրբեջանցի մայրերը ստիպված չլինեն հուղարկավորել իրենց որդիներին ինչ-որ մարդկանց ագրեսիվ քաղաքական կարգախոսների պատճառով:

 

- Ձեր կարծիքով, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ի՞նչ հեռանկարներ կան, եւ ինչպիսի՞ դերակատարություն ունի Ռուսաստանն այս գործընթացում:


- Կարծում եմ, որ հիմա հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման առումով փորձագիտական տեսակետների պակաս չի լինի: Ցավոք, քննարկումները պտտվում են տարածքի բաժանման 2-3 սցենարների շուրջ: Սակայն դա փակուղի է: Խնդիրն առավել խորն է ու բարդ: Դրա լուծումը շատ ժամանակ է պահանջում՝ տասնյակ տարիներ, եւ պետք է 2-3 սերունդներ փոխվեն:  Այդ պատճառով, փորձագետների աշխատանքում բավարար չեն ապագայի մոդելավորման տարրերը: Անհրաժեշտ է ստեղծել ապագայի խաղաղ կյանքի պատկերը: Թող այդ գաղափարներն առաջին հայացքից ֆանտաստիկ թվան, սակայն ապագայի կոնտուրներն անհրաժեշտ են: Օրինակ բերեմ:  Այժմ բանակցային գործընթացի ամենագլխավոր բարդություններից մեկն այսպես կոչված «բուֆերային տարածքներն» են, որոնք Արցախը ստիպված էր գրավել, որպեսզի ապահովի իր բնակիչների անվտանգությունը:

 

Ինչու՞ մինչեւ 2030թ.-ը չշարունակել այտ տարածքներում ստեղծել հատուկ տնտեսական գոտի՝ միջազգային պրոտեկտորատի ներքո: Պատկերացրեք, նոր մասնագիտացված օֆշոր՝ զարգացած ենթակառուցվածքներով, ռեկռեացիոն գոտիով եւ հոթելներով, բիզնես-ինկուբատորներով եւ այլն:  Հարեւանությամբ Իրանն է, գլխավոր միջազգային տրանսպորտային միջանքները, որոնք կարող են հարստացնել նոր հարավկովկասյան ֆինանսական կենտրոնը: Դա որպես մեկ օրինակ: Կարծում եմ՝ հենց նման նախագծերը կօգնեն կարգավորել հակամարտությունը, եւ Ռուսաստանը, մյուս երկրների հետ միասին, կարող են այդ գործում խիստ կարեւոր դերակատարում ունենալ:  Մարդիկ փող կաշխատեն, մեծ փողեր: Դա հետին պլան կմղի կռվելու ցանկությունը: Պետք են նոր գաղափարներ եւ գաղափարական գրոհ:

 

- Չեք՞ կարծում, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը վերջինիս հանդգնության պատճառ դարձավ, ինչն արտահայտվեց սահմանում նրա ակտիվացմամբ եւ դիվերսիոն գործողություններով:


- Ինձ համար դժվար է մեկնաբանել զենքի վաճառքի հետ կապված իրավիճակը: Կարծում եմ, որ դրանք նախկին ՊՆ նախարար Սերդյուկովի դարաշրջանի արձագանքներն են, ում օրոք վաճառվում էր ամեն ինչ եւ բանակը վերածվել էր կոմերցիոն կրպակի: Իհարկե, դա շատ վիճելի հարց է: Հուսով եմ, որ վաճառված զենքը խիստ կախվածության մեջ կլինի ռուսական զինամթերքի մատակարարումներից եւ այդ կերպ դրա կիրառումը սահմանափակ կլինի:

 

- Պարոն Դվորնիկովվերջին շրջանում հաճախակիացել են տարածաշրջանային հակամարտությունները՝ Իրաքում, Ուկրաինայում, Գազայում, ԼՂՀ-ում եւ այլուր:  Այն փաստը, որ այդ իրադարձությունները հաջորդեցին իրար, առիթ չի՞ տալիս արդյոք ենթադրելու, որ դա աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների ծրագրավորած նախագիծ է:


- Ցավոք, աշխարհի ճակատագիրը խոշոր կապիտալի ձեռքում է:  Պատերազմները ծագում են այնտեղ, որտեղ ոչ միայն բախվում են գերտերությունների շահերը, այլեւ հարուստ տրանսազգային կորպորացիաների, այնտեղ, որտեղ կան նավթի հանքավայրեր, կարեւոր տրանսպորտային եւ էներգետիկ միջանցքներ:   Բոլոր դեպքերում աշխատում են ֆինանսները: Քանի որ առանց փողի դժվար է ժողովուրդներին «թունավորել» միմյանց նկատմամբ, առանց փողի չես կարող գնել ոչ մի փամփուշտ, էլ չխոսենք հրթիռային բարդ համակարգերի մասին:  Մարդը բնույթով ծույլ է եւ ցանկացած կռվի մեջ գերադասում է «խորովածով հանգիստը»: Հետեւաբար պետք է ուշադրություն դարձնել, թե ինչքան  ուժ կծախսվի ատելության եւ ագրեսիայի աջակցության համար, ինչքան փող է վճարվում փիար-մասնագետներին եւ լրագրողներին, որպեսզի հոգեբանական պատերազմի ժամանակ օժանդակեն ժողովուրդներին: Ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է:

 

Շատ ափսոս, որ ատելության այդ համաճարակը թեժանում է Հարավային Կովկասում:  Ցավալի է, որ հարուստ այդ տարածաշրջանը չի կարողանում զբաղվել զարգացմամբ:  Տեսեք, թե ինչքան է Ադրբեջանի ռազմական բյուջեն, ինչքան է Հայաստանը ստիպված ծախսել իր զինուժի վրա: Վրաստանը նույնպես  ակտիվորեն զարգացնում է իր ռազմական արսենալը:  Եթե այդ միջոցները չուղղվեին զենք-զինամթերքի ձեռքբերմանը, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին, ապա Անդրկովկասը՝ Կասպիայից մինչեւ Սեւ ծով, կդառնար մոլորակի ամենագրավիչ տարածաշրջաններից մեկը:   Այդտեղ կա ամեն ինչ, սեփական էներգակիրներից սկսած, բացառիկ բնական լանդշաֆտներ եւ մարդկային հսկայական ներուժ:   Սակայն, երեւում է, որ ինչ-որ մեկին ձեռնտու չէ այդ տարածքների վերածումը խաղաղության տարածաշրջանի:

Նույն շարքից