Հարցազրույց 

Ռուբինա Ղազարյան

analitik.am

Տիկին Ռուբինա պատմեք ձեր համայնքի մասին, քա˚նի տարվա պատմություն ունի

Մեր համայնքը անցյալ տարի՝ 2013-ին, դարձավ 100 տարեկան: Այս տարի մեծ շուքով տոնելու ենք այդ հոբելյանը: Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքն է: Հին համայնք է, Եվրոպայում երևի ամենահին համայնքներից:

Սփյուռքի նախարարության հետ շատ սերտ ենք համագործակցում, համատեղ Հայոց Ցեղասպանության100 ամյակի ծրագրերն ենք իրականացնում: Մեծ ոգևորություն էր, երբ ՀՀ նախագահը այցելեց Ավստրիա, տիկին նախարարի հետ, հանդիպում ունեցավ համայնքի հետ: Մարդկանց մեջ կարծես հայկականությունը արթնացավ: Նախագահի այցը մեզ համար նաև պաշտպանվածության զգացողություն տվեց: Զգացինք՝ տեր ունենք, Հայրենիք ունենք, որ միշտ կանգնած է մեր մեջքին: Հատկապես երեխաները շատ ոգեշնչվեցին:

Երեխաները խոսո˚ւմ են հայերեն

Պետք է ասեմ, որ Եվրոպայում Զատկի օրերին միշտ խաղեր են կազմակերպվում, և հանդիպումներ են լինում տարբեր քաղաքներում: Զգալի է, որ մեր երեխաները հիմնականում հայերեն են խոսում՝ ի տարբերություն մյուս համայնքների երեխաների: Մենք ունենք մեր շաբաթօրյա դպրոցը, մեր եկեղեցին, որի շուրջ կենտրոնացած է համայնքը: Եկեղեցին էլ, դպրոցն էլ գտնվում են Վիեննայի կենտրոնում, և բոլորը շատ միասնական են, մեծ թվով երեխաներ են հաճախում դպրոց, մեծամասնությունը կիրակի օրերին եկեղեցի է գալիս:

Երեխաները հաճույքո˚վ են դպրոց գալիս

Սկզբում մի քիչ դժվար են գալիս, իրենց համեմատում են ավստրիացի երեխաների հետ  , ասում են ինչու նրանք շաբաթ կիրակի ազատ են, իսկ մենք պետք է դպրոց գնանք: Բայց հետո արդեն հաճույքով են գալիս, հայ ընկերներ են գտնում, մտերմանում են, սկսում են հայերեն լավ գրել, կարդալ, այդ ազդեցությունը զգում են ու սկսում են սիրով գալ: Պետք է ծնողները հասկանան, թե որքան կարևոր է հայերեն սովորելը, լեզուն պահպանելը:

 Պաշտոնական տվյալներով 4-5 հազար հայություն կա Ավստրիայում, շատ կազմակերպված է համայնքը, կան իրանահայեր, պոլսահայեր, կան նաև արդեն երկրորդ սերնդի ավստրիահայեր::

Աշխատում ենք ներգրավել նոր եկածներին, հավաքել տվյալները, ընդլայնել ցանցը, աշխատանքները չենք ավարտել, դրանք շարունակական են:

Ավստրիան այն երկրներից է, ուր  Ցեղասպանության 100 ամյակի կոմիտեն շատ շուտ է կազմվել, արդեն 2 տարի է՝ համագործակցում ենք դեսպանատան հետ, շատ ակտիվ ենք գործում, երկու ամիսը մեկ ժողով ենք անում: Բոլոր միությունները, դպրոցը, եկեղեցին ներկայացուցիչ ունեն կոմիտեում, ունենք նաև փաստաբան: Շատ լավ ծրագիր ունենք՝ 25 կետերից բաղկացած, և ամեն ինչ անում ենք, որ բոլորն էլ իրականացնենք:

Որպես համայնքի ղեկավար՝ ինչպե˚ս կբնորոշեիք Ավստրիայի հայ համայնքը, ինչո˚վ է այն առանձնանում Սփյուռքի մյուս համայնքներից:

Կարծում եմ, որ մեր համայնքը առանձնանում է իր հավասարակշռությամբ, հայաբնակ, բոլոր վայրերից էլ կան համարյա հավասար չափերով: Յուրահատուկ է, որ համայնքը կենտրոնացած եկեղեցու դպրոցի շուրջը: Եվ Եվրոպայի կենտրոնում ենք, դա էլ է յուրահատկություն:

Ի˚նչ խնդիրներ, դժվարություններ ունեք:

Հայապահպանության դժվարություն կա: Հայաստանի մեր հայրենակիցները, որ եկել են վերջին տարիներին, սկզբնական շրջանում չեն զգում համայնքի կարևորությունը սփյուռքում ապրելու, գոյատևելու համար: Իրենք համայնքային կյանքի հետ ծանոթ չեն: Չգիտեն ինչպես սփյուռքում հայ մնալ, ինչու պետք է եկեղեցի հաճախել, երեխային հայկական դպրոց տալ: Քանի որ Հայրենիքում այդ խնդիրները չեն ունեցել: Եվ շատ ուշ են նկատում, որ ձուլվում են: Մեծ աշխատանք պետք է տարվի, եկեղեցին, դպրոցը պետք է գրավեն երեխաներին: Այդ ուղղությամբ աշխատում ենք:

Ի˚նչ ակնկալիքներ ունեք Հայաստան-Սփյուռք  5-րդ համաժողովից,ի˚նչ առաջարկներ ունեք:

Միշտ էլ հետաքրքիր է լսել, թե մյուս երկրներն ինչպես են աշխատում, ինչեր են անում, ինչն է իրենց մոտ լավ ստացվում: Դա շատ կարևոր է: Օգտվել լավ գաղափարներից, որ այլ համայնքներում հաջողվել է: Ավստրիայում կառավարությանը համոզելը շատ դժվար է: Անցած ապրիլի 24-ներին հրավիրել ենք լրագրողներին, բայց այնքան էլ չենք հաջողել: Այս տարի պառլամենտի բոլոր անդամներին, նախագահին, վարչապետին նախօրոք ուղարկեցինք «Աղետ» ֆիլմի սկավառակը շատ հետաքրքիր ուղեկցող նամակով, և շատ մեծ արձագանք եղավ:

Շատ կուզեի, որ մեր երիտասարդները ավելի շատ մտնեին պետական համակարգեր՝ մեր ձայնը ավելի լսելի դարձնելու համար:

Ամենամեծ ցանկությունն է, որ Հայրենիքը լավ լինի, ուժեղ լինի, և որքան Հայրենիքը ուժեղ լինի այնքան Սփյուռքը ուժեղ կլինի և հակառակը, ուժեղ Սփյուռքով է Հայրենիքը ուժեղանում: Մյուս մեծ մաղթանքը Ցեղասպանության ճանաչումն է: Գուցե 100 ամյակին դեռ չհասցնենք, բայց գոնե մեկ քայլ առաջ գնանք մեր պահանջատիրության հարցում:

Նույն շարքից